Մատչելիության հղումներ

Առատ ձյունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել մայրաքաղաքի իշխանություններին


Վերջին օրերին ամբողջ Հայաստանի տարածքում գրեթե անդադար ձյուն է տեղում: Նախորդ մի քանի տարիների համեմատությամբ, օդի ջերմաստիճանն էլ ավելի ցածր է: Հայաստանյան ձմեռը իրոք փորձաշրջան է առաջին հերթին հանրապետության ճանապարհների շահագործումը տնօրինող կազմակերպությունների, քաղաքային իշխանությունների, «Լինսի» հիմնադրամի միջոցներով այս տարի բավական աշխատանք կատարած ճանապարհաշինարարների համար:

Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության ղեկավար Գենադի Կոջոյանը վկայում է, որ տեղումները նորմայի սահմաններում են, պարզապես վերջին տարիներին սովոր էինք, որ ձմեռները հատկապես Երեւանում քիչ տեղումներով ու տաք էին լինում:

Գենադի Կոջոյանի խոսքերով, առատ ձյան տեսքով տեղումները Երեւանում կանխատեսված էին, եւ համապատասխան մարմինները՝ տեղեկացված: Երեւանի փողոցների վիճակը, սակայն, այսօր ամենեւին մխիթարող չէ: Հավանաբար ո'չ քաղաքապետարանի եւ ո'չ էլ համայքների համապատասխան պաշտոնյաները չէին սպասում, որ այս քանակությամբ կարող է ձյուն տեղալ:

Քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Անահիտ Եսայանի փոխանցմամբ, քաղաքի սանմաքրման տասը ձեռնարկությունները միասին ունեն 13 աղ ցանող մեքենա, 35 ձյուն մաքրող մեքենա, 10 էքսկավատոր եւ տրակտոր, 3 գրեյդեր, 3 մայթ հավաքող մեքենաներ 70 ձյուն տեղափոխող մեքենա: Եսայանը ավելացրեց, որ վերջին տարիներին տեխնիկայի համալրում չի եղել, եղածը մաշվել է, եւ դա է պատճառը, որ այսօր Երեւանի փողոցները լիարժեք չեն մաքրվում:

««Լինսի» հիմնադրամով նորոգված, ասֆալտապատված փողոցներում աշխատում են աղ քիչ լցնել, որովհետեւ աղը քայքայում է ասֆալտը», - խնդրի մեկ այլ կողմի անդրադարձավ Անահիտ Եսայանը:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Գրիշա Միքայելյանի փոխանցմամբ, որոշ տեղերում առատ ձյան պատճառով դադարեցվել է երթեւեկությունը: «Գորիսում եւ Ղափանի հատվածում ձյունն այնքան առատ է եղել, որ տեսանելիությունը համարյա զրո է եղել... Ժամանակավոր այդտեղ երթեւեկությունը դադարեցրել ենք», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միքայելյանը:

Հանրապետության ճանապարհների մաքրման աշխատանքներով այսօր զբաղվում են 40 կազմակերպություն: Ճանապարհները մշակվում են աղով ու ավազով եւ հիմնականում անցանելի են: Գրիշա Միքայելյանի խոսքերով, դեռ հոկտեմբերից նախապատրաստական աշխատանքներ կատարել են. - «2002 թվականի համար 800 մլն դրամ նախատեսված էր միջպետական եւ հանրապետական ճանապարհների համար... Մոտ 70 գրեյդեր է այսօր աշխատում, մոտ 30 ձյուն մաքրող մեքենաներ, 60 բուլդոզերներ եւ տրակտորներ են աշխատում, 150 մեքենա՝ բարձված աղով, ավազով, որ մշակեն ճանապարհները, եւ մշակում են»:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ, առատ ձյուն է սպասվում նաեւ հունվար եւ փետրվար ամիսներին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG