Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Թերթերում սփռված՝ Հրանտ Մաթեւոսյանի արժեվորման ու ցավի խոսքերում այսօր «Առավոտ» թերթի հետեւյալ սեւեռումն է. - «Գործող նախագահի կողմնակիցները վրդովվել են «որոշ քաղաքական գործիչների եւ զանգվածային լրատվամիջոցների՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող մտավորականության ներկայացուցիչների դեմ ծավալած քարոզչությունից... Իսկ այդ ինչպե՞ս էր կարելի տարիներ շարունակ մեղադրել եւ սեւացնել իրո'ք ազգի հպարտություն, իսկական մտավորական Հրանտ Մաթեւոսյանին. նրան մինչեւ իր վերջին օրն այդպես էլ չկարողացան ներել բարեկամությունը Տեր-Պետրոսյանի հետ»։ «Չներեցին Հրանտ Մաթեւոսյանին, որ նա իշխանություններին հաճելի երեւալու ստրկամտություն չդրսեւորեց եւ չհրաժարվեց ո'չ իր ընկերներից, ո'չ հայացքներից, ո'չ խոսքերից, ո'չ էլ, առավել եւս, սկզբունքներից», - համեմատում է «Առավոտ»-ը։ «Մի քիչ ուրիշ հայ էր՝ անտառ ուներ, արմատ ուներ, երկիր ուներ, կորցնելու բան ուներ, ու դրանից էլ ցավը մեծ էր, սերը մեծ էր», - գնահատում է այսօր «Երկիր» թերթը: - «Հային ստիպում էր մտածել հայի մասին»։

Իսկ նախագահական ներկա ընտրարշավը գոնե առայժմ հային հայի մասին այնքան էլ լավ բաներ չի ստիպում մտածել: «Իրավունք» թերթի պատկերմամբ, գործող նախագահի թիմը ամեն քայլափոխի հանդիպում է բավականին ծանր խնդիրների: «Ստորագրահավաքը չինովնիկների եւ Քոչարյանին պաշտպանող կուսակցությունների շարքերից դուրս անցկացնելու եւ սովորական քաղաքացիների միջավայր տեղափոխելու բոլոր փորձերը բերում են նրան, որ, մեղմ ասած, համը դուրս է գալիս», - գրում է մեկնաբանը: - «Վերջին 8 տարիների ընթացքում ամենացրտաշունչ ձմռան իրողությունը եւս չի նպաստում գործող նախագահի վարկանիշի բարձրացմանը: Գործադիր իշխանությունը ի վիճակի չեղավ դիմակայելու եղանակի հետեւանքով առաջացած խնդիրներին»: Մեկնաբանի հայացքով, բավականին արդիական է դարձել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների հեռանկարը, ատոմակայանի վառելիքի խնդիրն էլ ունի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դրդապատճառներ:

«Ըստ էության, նախընտրական շրջանում գործող իշխանությունը հայտնվել է գերտերությունների ճնշումների կիզակետում, եւ այդ ճնշումների ուղղությունը իրարամերժ է, այսինքն՝ հնարավորություն չկա միաժամանակ գոհացնելու ե'ւ Մոսկվային, ե'ւ Վաշինգտոնին», - ընդհանրացվում է «Իրավունք»-ում: Իսկ ամփոփումը հետեւյալն է. - «Ավելի ու ավելի պսակազերծվում են իշխանությունների անսահմանափակ հնարավորությունների եւ անպարտելիության մասին առասպելները: Փաստորեն, 1996-ից հետո առաջին անգամ հայ հասարակությունը ստանում է իրական համակարգային իշխանափոխության հնարավորություն, եւ այդ հնարավորությունը չօգտագործելու դեպքում թիվ մեկ մեղավորը կլինի ինքը հանրությունը՝ իր առաջատար գործիչներով հանդերձ»:

«Երկիր» թերթի շեշտադրմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները առանձնակի ինտրիգ չեն պարունակում. բոլորի (այդ թվում՝ մրցակցության մասնակիցների) համար ակնհայտ ու անվիճելի է ֆավորիտը: «Գործող նախագահի գործունեության կառուցողական քննադատության հիմնական շեշտադրումը վերաբերում է փոփոխությունների ծավալներին ու տեմպերին: Այսինքն՝ հասարակությունն իր հիմնական զանգվածով բավարարված է երկրի զարգացման ընտրված ուղուց, սակայն բավարարված չէ այդ ուղով ընթանալու արագությունից», - Ռոբերտ Քոչարյանի խնդիրը այս կտրվածքում է միայն տեսնում «Երկիր»-ը:

«Պայքարը երկրորդ տեղի համար սրվում է» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թեթը Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի հնարավորությունների հետեւյալ համեմատականն է տալիս. - «Որպես անհատականություն՝ ե'ւ փորձի, ե'ւ կամային հատկանիշների, ե'ւ ինտելեկտի առումով Արտաշես Գեղամյանն ակնհայտորեն գերազանցում է Ստեփան Դեմիրճյանին, բայց քաղաքական խարիզման՝ Կարեն Դեմիրճյանի որդու, «թագաժառանգի» կերպարը փոխհատուցում եւ հավասարակշռում է նշված բնագավառներում Գեղամյանի ունեցած առավելությունները: Քաղաքական թիմի առումով մրցակից կողմերի հնարավորությունները ամենեւին էլ հավասար չեն, քանի որ Արտաշես Գեղամյանը փաստորեն դեռեւս նման թիմ չունի, իսկ նրա շուրջ համախմբված Ժողովրդահայրենասիրական ուժերի «կադրային բանկը» խիստ աղքատ է: Այլ է Ստեփան Դեմիրճյանի պարագան, որի շուրջ համախմբվելու տրամադրություններ դրսեւորող կուսակցություններում կան համեմատաբար ավելի ճանաչված քաղաքական գործիչներ... Գրեթե բոլոր սոցիալական հարցումներով պարզ է դառնում, որ այս երկու թիմերը միասին առավելագույնը կարող են հույս ունենալ ընտրողների մոտ 30 տոկոսի աջակցության վրա: Առաջին հայացքից այդ էլեկտորատը կիսվում է նրանց միջեւ երկու գրեթե հավասար մասերի, բայց նման «հայացքը» հիմնված է կոմկուսի ընտրազանգվածը մեխանիկորեն Գեղամյանինը համարելու թյուր պատկերացումների վրա: Մինչդեռ, չունենալով սեփական թեկնածուն, կոմունիստական ընտրազանգվածի մի մասը անխուսափելիորեն թեքվելու է Կարեն Դեմիրճյանի որդու կողմը»: «Հայոց Աշխարհ»-ը Ստեփան Դեմիրճյանի հնարավորությունները ավելի մեծ է տեսնում նաեւ ֆինանսական ու քարոզչական առումներով:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ էլ՝ ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» լիդերները բացարձակապես ճիշտ են նոր բեւեռ ձեւավորելու անհրաժեշտության՝ իրենց գիտակցման մեջ, բայց հաջողության կարող են հասնել միայն հետեւյալ ուղին բռնելով. - «Նոր դաշինքը պետք է միանշանակ դառնա հարեւանների հետ խաղաղ գոյակցության ջատագով, պետք է կարողանա հանդես գալ Ղարաբաղյան հարցը կարգավորելու իրատեսական ծրագրով, ծրագիր, որի մինիմումը պատերազմի բացառումն է: Դաշինքը պետք է պատրաստակամություն հայտնի իշխանության գալու առաջին տարվա ընթացքում լուծել հաղորդակցության ուղիների վերագործարկման խնդիրը: Ինչ վերաբերում է անձերին, այս իմաստով միանշանակ հաղթող տարբերակ է Ստեփան Դեմիրճյան, Արամ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան կոմբինացիան... Իդեալական կլինի վերը նշված եռյակին Վազգեն Մանուկյանի միանալը»: «Իսկ առկա մթնոլորտի պայմաններում տրամաբանական կլիներ, եթե նրանց միասնական թեկնածուն դառնար Ստեփան Դեմիրճյանը», - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, որի կարծիքով այս «կոմբինացիան որեւէ շանս չի թողնի ոչ, այսպես կոչված, Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքին, ոչ էլ իշխանությանը»:

Ընդդիմության ընթացիկ դժգոհություններից, մասնավորապես «Այբ-Ֆե» թերթում առաջ է մղվում, թե իշխանությունն իրենց լրատվական շրջափակման մեջ է պահում: Մյուս կողմից, ընդդիմադիր 16-ի վերջին հավաքի հետքերով «Առավոտ» թերթն էլ մատնանշում է, որ ընդդիմությունն առայժմ ասելիք էլ չունի, «ծանրունեծ լռում է»: «Եթե պարզվի, որ հիմնական հարցերի վերաբերյալ ընդդիմության լռությունը հիմնավորված էր եւ արդյունավետ, ուրեմն կփաստենք՝ թեժ աշուններ թեպետ մեզանում չեն լինում, սակայն թեժ ձմեռն արդեն իրականություն է», - հույսը չի կտրում «Առավոտ»-ի մեկնաբանը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG