Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագիր


Կառավարությունը այսօրվա նիստում ընդունած որոշմամբ հաստատեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության 2003 թվականի աջակցման ծրագիրը, որով 250 միլիոն դրամ է հատկացվելու այդ բնագավառի զարգացմանը։ Գումարը զետեղված է հաջորդ տարվա պետական բյուջեում։

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, փոքր եւ միջին բիզնեսի օժանդակությունը տնտեսական անվտանգության խնդիր է, որի լուծումը կարող է զանգվածաբար ավելացնել աշխատատեղերը:

Անցնող տարվա բյուջեով նույն նպատակով հատկացվել է ընդամենը 20 միլիոն դրամ, նույնքան էլ հավելել են միջազգային տարբեր կազմակերպությունները՝ տեխնիկական աջակցության ձեւով։ Փաստորեն, այս տարի հատկացված գումարը ավելացվել է 12 անգամ։ Ու սրա հետ լուրջ հույսեր են կապվում:

«Այս ծրագրի ընդունումը եւ այս ծրագրի իրականացումը ես կարծում եմ, որ իր արդյունքները կտա եւ հաջորդ տարի այս ժամանակ կարող ենք դրա արդյունքների մասին կարող ենք խոսել», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարի խոսքերով, վերջին 4 տարիներին փոքր բիզնեսը լուրջ առաջընթաց է ունեցել: Եթե 1997 թվականին փոքր բիզնեսի արտադրանքը կազմում էր երկրի Համախառն ներքին արդյունքի 18 տոկոսը, ապա այժմ այն հասել է 35 տոկոսի, տնտեսական աճի եւս 35 տոկոսը փոքր եւ միջին բիզնեսն է ապահովում։

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ փոքր եւ միջին բիզնեսի աջակցության պետական հիմնադրամը վարկային երաշխիքներ կտրամադրի այն գործարարներին, որոնք կցանկանան մասնավոր բանկերից վարկեր վերցնել։

«Սա այն մեխանիզմն է, որի պատճառով այսօր բազմաթիվ փոքր ձեռնակություններ չեն կարողանում գործել», - ասաց նա: - «Վարկային միջոցների այսօրվա անմատչելիությունը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար խնդիր է: Եվ ծրագրի մեկ տարրը ուղղված է հենց այս խնդրի լուծմանը»: Տվյալ դեպքում խոսքը միայն գրավին փոխարինելու մասին է, այսինքն՝ սնանկանալու եւ դրած գործը ձախողելու դեպքում պետությունը ստանձնում է վնասների փոխհատուցումը բանկերին։

Փոքր եւ միջին գործարարները, սակայն, վարկից խուսափում են ոչ միայն եւ ոչ այնքան գրավի բացակայության, որքան բանկերի առաջարկած բարձր տոկոսների պատճառով։ Տարեկան 18-20 տոկոսով վարկ վերցնելը ոչ մի զարգացած երկրում ընդունված չէ: Գերմանիայում, օրինակ, փոքր բիզնեսի աջակցության երկարաժամկետ վարկը պետությունը նույնիսկ առանց տոկոսի կամ էլ չնչին տոկոսով է տալիս։

Կառավարության նիստում առաջարկվեցին որոշակի փոփոխություններ եւ հավելումներ մաքսային օրենսգրքում, որոնք ակնհայտորեն խստացնում են մաքսային վարչարարությունը:

Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը նիստից հետո ասաց, որ փոփոխություններից մեկով ներմուծվող եւ արտահանվող ապրանքների նկարագրերի ծածկագրերը (կոդերը) համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքները եւս մտցնել նույն կոդավորման տակ: Արմեն Ավետիսյանը շտապեց հանգստացնել ապրանք ներկրող ու արտահանող գործարարներին՝ ասելով, որ այդ ապրանքատեսակների վրա մաքսատուրք չի ավելացել:

Կառավարույթունը, այնուամենայնիվ, ակնկալում է ավելացնել մաքսային մուտքերը ավելի շուտ մաքսային վարչարարության խստացման հաշվին: Այսօր ընդունված որոշումներից մեկով մաքսային մարմիներին իրավունք է վերապահվում հետմաքսազերծային ստուգումներ կամ ուսումնասիրություններ անել գործարարների մոտ՝ պարզելու համար, թե մաքսակետում հայտարարագրած ապրանքի գինը ինչքանո՞վ է համապատասխանում վաճառքի ռեալ գնին։

Կամ, օրինակ, մաքսային վարչությունը կարող է ստուգումներ սկսել, ու պարզել, թե առանց մաքսի, իբրեւ բարեգործություն ներկրված ապրանքը իրո՞ք այդ նպատակին է ծառայում, թե՞ պարզապես վաճառվում է շուկայում։

Արմեն Ավետիսյանն ասաց, թե հետմաքսազերծման ստուգում անցկացնելու թույլտվության իրավունք վերապահված է միայն վերադասին, այսինքն՝ վարչապետին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG