Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերի դեմքին այսօր Հրանտ Մաթեւոսյանի մահված գույժն է: «Օրրան»-ը գրում է. - «Որքան էլ տարօրինակ, որքան էլ ցավալի, որքան էլ անողոք է, բայց, ի վերջո, մահն է, որ սկիզբ է դառնում անմահության... ՄԵԾ էր եւ մնաց ՄԵԾ, ՏԵՐ էր ու ՏԵՐ մնաց»: Իսկ «Առավոտ»-ում որպես հրաժեշտի խոսք հենց Հրանտ Մաթեւոսյանի հետեւյալ մտորումն է ընդգծված. - «Ողբերգությունն այն է, որ չի ընդգրկվում եւ չի կաշկանդվում, կամքիդ ու ջանքիդ հակառակ՝ ծավալվում ու իր համար գնում ու քեզ էլ իր հետ տանում է, բայց մերը հիմա իսկապես ողբերգություն է՝ հետադարձ հայացքիդ առջեւ այսքան տարի հետո սկիզբն ու սկսողներին չբացահայտող, տասնամյակների հեռուներում վերջը չնշմարող: Ինչ է լինում, ինչ է լինելու՝ ես չգիտեմ»:

Իսկ գոնե առայժմ լինելու է ընտրարշավ: Շրջելով նախընտրական շտաբներում «Հայոց Աշխարհ» թերթի թղթակիցը ամենուրեք հավաստիացումներ է լսել, որ ստորագրահավաքի ժամանակ որեւէ մեկը ադմինիստրատիվ կամ նման տիպի խոչընդոտների չի հանդիպել, եւ հիմնականում կամ արդեն ավարտել են, կամ էլ 1-2 օրից կավարտեն այս գործընթացը: Տարածված որոշ լուրերի ի պատասխան էլ Ռոբերտ Քոչարյանի շտաբում ընդգծել են. - «Բռնությունների, սպառնալիքների դիմելու մասին հերյուրանքները անհեթեթություն են: Քոչարյանի թեկնածությունը քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրող խմբում են երեք ազդեցիկ կուսակցություններ: Ազդեցիկ եւս 11 կուսակցություն հայտարարել է նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին: Եթե նկատի ունենանք միայն նշված կուսակցությունների անդամներին, ապա օրենքով պահանջվող 35-40 հազար ստորագրությունը առանց որեւէ խնդրի կհավաքվեր: Հետեւաբար այս հարցում որեւէ պարտադրանք ուղղակի իմաստազուրկ է եւ անհեթեթ»:

«Եթե ես այսօր չունեմ կուսակցություն, ապա ունեմ տասը կուսակցությունների չափ համակրողներ», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը` Ռոբերտ Քոչարյանին իր պաշտպանությունն էլ հիմնավորելով այսպես. - «Ռոբերտ Քոչարյանը խելացի է, եւ ոչ ոք դա ժխտել չի կարող: Քոչարյանը շատ լավ ստրատեգ է եւ իր քաղաքական քայլերի մեջ ճիշտ որոշումներ է կայացնում: Նա ունի հզոր քաղաքական կամային որակներ եւ կարողանում է ծրագրավորել ու հետեւողականորեն իր գործողությունները տանել մինչեւ վերջնական ավարտ: Քոչարյանը կարողանում է բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատանքը հմտորեն տանել եւ, ի վերջո, մարդկային նկարագրով եւս բավական ասկետական կյանքով է ապրում»: Պաշտպանության նախարարի նշանակումը գործող նախագահի շտաբի պետ չի՞ նշանակում արդյոք, որ «իշխանությունները պատրաստվում են ուժի ցուցադրման»: Այս հարցին Արմեն Խաչատրյանը պատասխանում է. - «Դա պաշտոնապես կարող էր լինել ցանկացած այլ մարդ, բայց իրականում ղեկավարեր Սերժ Սարգսյանը: Այստեղ ես տեսնում եմ շատ ավելի ազնիվ դրսեւորում, երբ Սերժ Սարգսյանը ինքն է պաշտոնապես գլխավորելու շտաբը: Ուստի, ի սկզբանե նեգատիվ կանխատեսումներ անել չի կարելի»:

«Եթե Սերժ Սարգսյանն է դառնում Քոչարյանի նախընտրական շտաբի պետը, նշանակում է՝ այդ ճամբարում խուճապի տարրեր կան», - որոշ շրջանակներում տարածված այս կարծիքին է եւ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, որը «Օրրան»-ի հարցազրույցում այսօր այդ միտքը շարունակել է հետեւյալ կերպ. - «Բայց ես լավ եմ ճանաչում Սարգսյանին. նա երբեք խոշոր կեղծիքների չի գնա, որովհետեւ Հայաստանից փախչելու մտադրություն չունի: Շտաբի պետի տեղակալը Հովիկ Աբրահամյանն է լինելու, եւ հենց նա է մեծ կեղծիքների գնալու, համայնքապետերին, գյուղապետերին տրվող հրահանգների հեղինակը նա է լինելու»: Մանուկ Գասպարյանը արդեն ճյուղ առ ճյուղ կանխատեսում է. - «Քոչարյանը հաղթանակ կտանի Գյումրիում եւ Արարատի մարզում (Հովիկ Աբրահամյանն այնտեղից է), ընդ որում՝ Գյումրիում ժողովուրդը ձայն է տալու ո՛չ թե նրան, այլ՝ Քըրք Քըրքորյանի փողերին: Մի քիչ էլ Սյունիքում ձայն կհավաքի. այնտեղի մարդիկ ղեկավար հարգող են: Երեւանում ջախջախիչ պարտություն է կրելու, վարչական լծակներն էլ չեն օգնելու»:

Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը «Այբ-Ֆե»-ի թղթակցին պարզաբանելով ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների վերաձեւումների տրամաբանությունը, ասել է. - «Այն ծառայությունները, որոնք իրականացնում են նման մասնագիտական աշխատանք, պետք է զբաղվեն հենց մասնագիտական աշխատանքով, ոչ թե քաղաքական գործունեությամբ: Այսուհետ այդ կառույցների ղեկավարողները լինելու են համապատասխան ծառայության ոլորտից եւ համապատասխան պրոֆեսիոնալիզմ ու պատրաստվածություն ունեցող մարդիկ: Սրանք այլեւս քաղաքական նշանակումներ չեն լինելու»: «Եթե նախագահի այս քայլը բխում է ուժային կառույցները ապաքաղաքականացնելու տրամաբանությունից, ապա ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը դուրս է մնացել ցուցակից». լրագրողի այս հարցին Վահե Գաբրիելյանը պատասխանել է. - «Կարծում եմ, հասկանալի տրամաբանությամբ պաշտպանության նախարարության դերը մի փոքր այլ է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG