Մատչելիության հղումներ

Հայաստանի համապատասխան ծառայությունները հավանական չեն համարում, թե Ասլանյանը ահաբեկիչ է


Պաշտոնական Երեւանը Հայաստանի քաղաքացի Խաչիկ Ասլանյանի՝ երեկ Ֆիլիպիններից արտաքսման մասին չի տեղեկացվել, բայց տեղյակ է խարդախության համար նրա նախկին պատիժներին: Համապատասխան մարմինները հավանական չեն համարում, որ Խաչիկ Ասլանյանն ահաբեկչական գործողության մտադրություն է ունեցել:

Հայաստանի քաղաքացու արտաքսման լուրը տարածած միջազգային լրատվական գործակալությունները փոխանցել էին Ֆիլիպինների Ներգաղթի ծառայության ղեկավար Անդրեա Դոմինգոյի հայտարարությունը, թե Մանիլայում Թուրքիայի դեսպանատունը տեղի իրավապահներին խնդրել էր ձերբակալել Ասլանյանին, որին Թուրքիայի իշխանությունները կասկածում են Թուրքիայի դեսպանատունը պայթեցնելու մտադրության մեջ, եւ կարծում են, թե նա Հայ ազգային ազատագրության ճակատ անվանմամբ անջատական խմբի անդամ է:

Այսօր պաշտոնապես չհաստատվեց, թե արդյո՞ք Երեւանի ժամանակով մոտ 15. 30 ֊ին «Աերոֆլոտ»-ի չվերթով «Արմենիա» միջազգային օդականավայան Մոսկվայից ժամանած ինքնաթիռը Հայաստան բերեց Ֆիլիպիններից երեկ արտաքսված 41-ամյա Խաչիկ Ասլանյանին:

«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, Ասլանյանը ծագումով սփյուռքահայ է, եւ Հայաստանի քաղաքացիություն է ստացել 1995-֊96 թվականներին:

«Պարոն Ասլանյանի արտաքսման մասին տեղեկությունները մենք էլ լրատվամիջոցներից իմացանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը: - «Խնդիրը կարգավորվել է Ինտերպոլի միջոցով... Ըստ տեղեկությունների, պարոն Ասլանյանը ժամանում է Երեւան այսօր, եւ նրան կդիմավորեն համապատասխան կառույցների ներկայացուցիչները»:

Պատասխանելով Խաչիկ Ասլանյանի քաղաքացիությանը վերաբերող հարցին, Ձյունիկ Աղաջանյանը ասաց, որ տվյալ պահին այդ տեղեկատվությունը ստուգելու հնարավորություն չունի: «Բայց եթե հաշվի առնենք, որ հայկական անձնագրերը ուղղակի այդ թվականներին են տրվել՝ փոխարինելով նախկին խորհրդային անձնագրերը, բնականաբար, ժամկետները, որ նշվում են, տրամաբանական են: Սակայն դա չի նշանակում, որ քաղաքացի անձը չի հանդիսացել մինչեւ այդ՝ լինելով, ասենք, Հայաստանի բնակիչ»:

Աղաջանյանը տեղեկացրեց, որ արտգործնախարարությունը որեւէ տեղեկատվություն չունի Ասլանյանի՝ որեւէ կազմակերպությանը պատկանելու մասին: «Ըստ դեռեւս 97 թվականին նրա կատարած գործողությունների, այնպիսի տպավորություն է, որ նա որպես անհատ է գործում», - շարունակեց արտգործնախարարության խոսնակը: - «Ինչ վերաբերում է Ֆիլիպիններում նրա լինելուն եւ այն մեղադրանքին, որով Ֆիլիպինների իշխանությունները նրան երկրից արտաքսում են, ապա դա զուտ կասկածանք է եւ կասկածանքի հիմա վրա արված քայլ, որը բնականաբար, ապացույց չունի... Այս պահին որեւէ ահաբեկչական ակտի նրա մասնակցության կամ անգամ մտադրության մասին խոսելը խիստ վաղաժամ է եւ բոլորովին անհիմն»:

Հայաստանի ազգային անվտանգության նախարար, այսօրվանից արդեն՝ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց. - «Խաչիկ Ասլանյանը երկու տարի առաջ մեր համակարգի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դատի է տրվել խարդախությամբ զբաղվելու համար: Ինչ վերաբերում է նրա Ֆիլիպիններից դեպորտացվելու փաստին, նա նախկինում եղել է Ֆիլիպիններում, եղել է Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ մշտապես զբաղվել է հակաօրինական գործունեությամբ, հիմնականում՝ խարդախությամբ: Խաչիկ Ասլանյանը չեմ կարծում, թե կապ ունի միջազգային ահաբեկչության հետ: Կհետաքննենք, կպարզենք»:

Հայաստանի ներքին գործերի նախարարության, այսօրվանից արդեն՝ Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Արմեն Չարենցը փոխանցեց, որ Խաչիկ Ասլանյանի ժամանման շուրջ տեղեկություններ օդականավակայանի ներքին գործերի մարմինները չունեն: Նա փոխանցեց նաեւ, որ համապատասխան ծառայությունները ճշտում են մինչեւ 1995-֊96 թվականները Ասլանյանի քաղաքացիության հարցը:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG