Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը վստահ է, որ նախագահական ընտրությունների պետք է գնալ դաշինքով


Նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրված «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանի՝ այսօր հրավիրած ասուլիսի նպատակը հայտարարելն էր, որ «խելամիտ մարդը», ոչ «արկածախնդիր մարդը» միայնակ ընտրությունների չի գնա:

«Ընտրություններին, եթե գնամ, ապա գնալու եմ դաշինքով», - հայտարարեց ԱԻՄ նախագահը: - «Ինքնուրույն որեւէ մեկը եթե այսօր գնա նախագահական ընտրությունների, նշանակում է ինքը արկածախնդիր է»:

«Թիմ պետք է ձեավորվի» նպատակին հետամուտ Հայրիկյանը հանդիպումներ է ունենում նախագահի մյուս թեկնածուների հետ: Հայրիկյանը չհերքեց ու չհաստատեց, որ հանդիպել է նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

Թիմի անհրաժեշտությունը Պարույր Հայրիկյանը փաստարկեց հետեւյալ կերպ. - «Հայաստանում առաջացել են հարճակերտ կուսակցություններ, որոնք հարճի պես ոչ մի պայման չեն դնում... Այդ կուսակցությունները Ռոբերտ Քոչարյանին ասացին՝ մենք քեզ հետ ենք»: Հենց այստեղից էլ Հայրիկյանը բխեցրեց, որ «մենակ որեւէ խելացի մարդ, ողջախոհ մարդ, առողջ մարդ չի գնա ընտրության»:

Չորեքշաբթի տեղի ունեցավ նաեւ «Հզոր Հայրենիք» կուսակցության համագումարը, որը, ինչպես հռչակեց կուսակցության նախագահ եւ Երեւանի փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը, որոշեց նախագահական ընտրություններում պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը:

«Այսօր քաղաքական անհեռատեսություն կլինի ընդդիմության դեմ ոչ քաղաքակիրթ եղանակների օգտագործումը», - շարունակեց Վարդապետյանը: - «Մենք՝ որպես քաղաքական ուժ, կոչ ենք անում իշխանական բոլոր կառույցներին, բոլոր կուսակցություններին՝ նպաստել, որպեսզի Հայաստանում ընթանա արդար ընտրապայքար»:

Սակայն Ռոբերտ Քոչարյանին սատարող այս ուժը, որ մտադիր է մասնակցել գալիք տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններին, եւ որի ներկայացուցիչները երեկ հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի հետ, իր համագումարում մտահոգություն հնչեցրեց, թե «արդեն ուրվագծվում է անհավասար պայքարի հեռանկարը»:

«Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունները ամեն ինչ անում են՝ միշտ իշխելու, իրենց խորհրդարանական մանդատները մշտապես ամրակայելու համար»,- ասաց Վարդապետյանը: - «Նրանք անգամ օրենսդրական դաշտն են վերաձեւում իրենց մանդատների համազգեստով՝ ընտրություններում իրենց համար ապահովելով որոշակի երաշխիքներ, որի վառ օրինակներից մեկը մյուս քաղաքական ուժերին ընտրական հանձնաժողովներում տեղերից զրկելն էր»:

Ընդամենը 20 օր առաջ նույն ամբիոնից ԱԺ եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ակնարկներ հնչեցրեց, թե իր կուսակցությունը հավակնում է գալիք խորհրդարանում ձեւավորել որակյալ մեծամասնություն:

«Հզոր Հայրենիք»-ը ջավախքահայերի կուսակցություն է, որ քաղաքական զարգացումների այս փուլում համագործակցում Է Լյուդմիլա Հարությունյանի «Արժանապատիվ ապագա»-ի եւ խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի Ժողովրդադեմոկրատական կուսակցություն հետ: Գագիկ Ասլանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, չբացառեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ այդ համագործակցությունը վերածվի դաշինքի:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG