Մատչելիության հղումներ

Հայաստանում կգործեն VISA պլաստիկ քարտերը


Պլաստիկ քարտերի համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Վիզա Ինթերնեյշնլ» ընկերությունը այսօր Կենտրոնական բանկում ազդարարեց VISA քարտերի նորամուտը Հայաստանում: Մեր երկրում Visa քարտերի թողարկման եւ սպասարկման բոլոր գործառնությունները իրականացնելու իրավունք է ստացել հայաստանյան առաջատար բարկերից Հայգյուղփոխօգնության բանկը (AGBA):

«Վիզա Ինթերնեյշնլ» ընկերության՝ շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը անցնում է 1,5 միլիարդից, իսկ դրանցով կատարվող գործարքների ծավալը մոտ 2,5 տրիլիոն դոլար է։ Քարտերի պատրաստումը եւ տրամադրումը իրականացնելու է պլաստիկ քարտերի ազգային համակարգի՝ «Արմենիան Քարդ» (ARCA) ընկերության պրոցեսինգային կենտրոնը: Այս համակարգին AGBA-ից բացի հարում են նաեւ 9 այլ հայաստանյան բանկեր, ինչը ընդլայնվելու հնարավորություն է ընձեռում պլաստիկ քարտերի շուկային:

Ըստ «Արմենիան Քարդ» ընկերության տնօրեն, Շահեն Հովհաննիսյանի, պլաստիկ քարտերի ազգային համակարգի (ARCA) քարտերից 13 հազար մարդ է օգտվում։ Մինչդեռ, դրանցով արվող գործարքները շատ սահմանափակ են՝ դրանք պիտանի են հիմնականում բանկերից կանխիկ գումար դուրս բերելու եւ շատ փոքրաթիվ խանութներից ու սպասարկման օբյեկտներից օգտվելու դեպքում միայն:

«Ընդամենը 100 խանութներում, ռեստորաններում կամ բանզալցակայաններում են տեղադրված կանխիկացման բանկոմատներ», - ասաց Հովհաննիսյանը: - «Ինձ թվում է, գործընթացը կպահանջի ինչ-որ ժամանակ, որ այդ կուլտուրան մտնի մեր մեջ, մեր հասարակության մեջ»:

AGBA-ի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը տեղեկացրեց, թե իրենց հաճախորդները այսուհետ հնարավորություն են ստանում ձեռք բերել VISA համակարգի բոլոր տեսակի քարտերը՝ «Վիզա Էլեկտրոն», «Վիզա Կլասիկ», «Վիզա Բիզնես» եւ «Վիզա Գոլդ»:

Իհարկե, մեր բանկիրների ակնկալիքները հասկանալի են. դրանք իրենց շահույթները մեծացնելու մեծ շանսեր են ստանում: Սակայն, մարդկանց մեծ մասի համար պլաստիկ քարտ ունենալն ուղղակի իմաստ չունի, քանի որ նրանք փող, ուստի եւ բանկում հաշիվ չունեն կամ եկամուտներն այնքան ցածր են, որ իմաստ չունի բանկում հաշիվ բացել։

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, սակայն, համոզված է, որ մարդկանց եկամուտները աստիճանաբար աճում են, իսկ պլաստիկ քարտերից օգտվելու հնարավորությունները՝ մեծանում։ «Սպասարկման ոլորտում մեծ շուկա ունենք մենք», - ասաց նա:

Որոշում է ընդունվել, որ այսուհետ պետական ծառայողները իրենց աշխատավարձը ստանալու են միայն բանկերից. ուստի հաշիվ բացելու, ինչպես նաեւ պլաստիկ քարտ ստանալու խնդիրը պարտադիր է դառնում։

Ըստ AGBA-ի սահմանած սակագների, «Վիզա Կլասիկ» քարտի ստացումը անվճար է, սակայն, դրա համար, հաճախորդը պարտադիր բանկում պետք է նվազագույնը 50 դոլարի ընթացիկ հաշիվ ունենա։ Քարտային հաշվի սպասարկումը հաճախորդի վրա տարեկան կնստի 35 դոլար, բանկոմատից քարտով կանխիկ դրամ հանելու դեպքում գումարի 1 տոկոսը կպահվի իբրեւ սպասարկման վճար։ Սա՝ AGBA-ի բանկոմատներից, իսկ այլ բանկերի մասնաճյուղերում նույն գործարքը անելու դեպքում՝ իբրեւ սպասարկման վճար կպահվի հանվող գումարի 2 տոկոսը։

«VISA ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Լու Նաումովսկին ասաց, թե իրենք մեծ ակնկալիքներ ունեն այս ձեռնարկից, թեեւ, VISA քարտեր Հայաստանում առայժմ ունեն ընդամենը 300 մարդ։ Մինչ այժմ այդ քարտերը պատրաստվել են դրսում ու շատ թանկ են եղել։ Այդուհանդերձ, ըստ Նաումովսկու, VISA-ն արդեն հասցրել է ԱՊՀ երկրներում մեծ տարածում ստանալ: Ռուսաստանում շրջանառվում են 4 միլիոնից ավելի նման քարտեր, Ուկրաինայում՝ մոտ 2 միլիոն, Ղազախստանում 1,5 միլիոն, իսկ ասենք, Վրաստանում եւ Ադրբեջանում՝ 8000-ական։

«Մենք ակնկալում ենք, որ արդեն 2005 թվականի վերջին Հայաստանում 100 հազար մարդ քարտ կունենա», - հույս հայտնեց Նաումովսկին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG