Մատչելիության հղումներ

ՍԱՔ-5-ով կավարտվի Հայաստանին կառուցվածքային բարեփոխումների վարկի տրամադրումը


Հայաստանում է Համաշխարհային բանկի հերթական պատվիրակությունը, որը կառավարության հետ բանակցում է հաջորդ տարվա բյուջեով ծրագրված կառուցվածքային բարեփոխումների (ՍԱՔ) 5-րդ վարկի պայմանների շուրջ։ Շուրջ 40 միլիոն դոլարի այդ վարկը նախատեսվում է հատկացնել 20 միլիոն դոլարանոց երկու մասաբաժիններով։

Ինչ վերաբերում է կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի վերջին մասաբաժնին, ապա, ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի, այդ վարկի հետ կապված բոլոր պայմանները բավարարված են, ու նրա հատկացումը մինչեւ տարեվերջ սոսկ տեխնիկական խնդիր է։

Այս վարկաբաժնի գլխավոր նախապայմանը բաշխիչ ցանցի մասնավորեցումն էր եւ ցանցերի պրոֆեսիոնալ կառավարչի ընտրությունը։ «Հայցանց»-ի լրատվության պատասխանատուն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ցանցերի կառավարման մրցույթը շահած հարավկորեական «ԴԵՈՒ-Ինժինիրինգ» ընկերությունը իր գործունեությունը Հայաստանում կսկսի հունվարի 1-ից։

Կարելի է ասել, որ ՍԱՔ տիպի վարկերի շարքը ՍԱԿ-5 ով ավարտվում է, թեեւ, Համաշխարահային բանկը շարունակելու է Հայաստանի դոնորական օժանդակությունը արտոնյալ վարկերի, իր այսպես կոչված «Այ-Դի-Էյ» պատուհանից, սակայն, ոչ թե բյուջեի դեֆիցիտի անհասցե ֆինանսավորման, այլ կոնկրետ ծրագրի ու կոնկրետ հասցեատերերին ուղղված ֆինանսավորման տեսքով։ Իսկ վարկավորման առարկան, իհարկե, աղքատության հաղթահարումն է լինելու։

Հայաստանը ԱՊՀ առավել աղքատ յոթնյակի մեջ է, ու աղքատությունը կրճատելու երկարաժամկետ ծրագիր է մշակել։ Հայաստանից բացի ԱՀՊ առավել աղքատ երկրների խմբում են նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրները, ինչպես նաեւ Մոլդովան, Ղրղըզստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը։

Այս երկրների ներկայացուցիչները դեկտեմբերի 11-13-ը Ղազախստանի մայրաքաղաքում հանդիպել են դոնորների հետ։ Բոլոր այս երկրներն էլ, դոնորների պահանջով, մշակել կամ դեռեւս մշակում են աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրեր։

Մեր պաշտոնյաներն ու փորձագետները պնդում են, որ համեմատած յոթնյակի մյուս երկրների հետ, մեր վիճակն անհամեմատ լավ է։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Գոհար Գյուլումյանի խոսքերով, սոցիալական վիճակը Հայաստանում եւ, ասենք, թվարկված միջինասիական հանրապետություններում որակապես տարբեր է:

Գյուլումյանն ասաց, որ եթե Հայաստանում աղքատության շեմից ներքեւ ապրում է բնակչության 50 տոկոսը, ապա Տաջիկստանում աղքատ է բնակչության 90 տոկոսը, իսկ Ղրղըզստանում՝ 70 տոկոսը։ Ուզբեկստանում եւս նույն պատկերն է։ Բնակչության շնչի հաշվով ստեղծված տարեկան եկամուտը Տաջիկստանում ընդամենը 190 դոլար է, մինչդեռ Հայաստանում այն անցնում է 700 դոլարից։

Հատկապես, անբարվոք են այդ երկրների արտաքին պարտքի ցուցանիշները։ Վրաստանի, Մոլդովայի եւ Ղրղըզստանի արտաքին պարտքը գրեթե հավասար է այդ երկրների Համախառն ներքին արդյունքին: Մինչդեռ Հայաստանում, ռուսական պարտքը գույքով մարելուց հետո մեր արտաքին պարտքը պակաս է Համախառն ներքին արդյունքի 40 տոկոսից։

Թվարկված երեք երկրներն էլ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, ու նրանց ներկայացուցիչները տրտնջում են, թե ԱՀԿ-ին անդամակցությունը ոչ միայն չի բարելավել իրենց վիճակը, այլեւ վատթարարցրել է, քանի որ այդ կազմակերպության ավելի քան 7000 ստանդարտների պայմաններում ապրանք արտահանելը ավելի է դժվարացել։ ԱՀԿ-ին անդամակցելուց հետո, օրինակ, Վրաստանի արտահանումը մեկ երրորդով կրճատվել է։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG