Մատչելիության հղումներ

logo-print

«ԱրմենՏել»-ը բարձրացրել է սակագները


«ԱրմենՏել»-ի տնօրինությունը թվային հեռախոսազանգերի սակագնային փոփոխություն է կատարել: 2003 թվականի հունվարի 1-ից բնակչությունը ամեն ամիս 360 րոպե անվճար խոսելուց հետո յուրաքանչյուր րոպեի համար վճարելու է ոչ թե 4, այլ 4.14 դրամ, իսկ նախկին 2700 դրամ կանխավճարի փոխարեն՝ 3700 դրամ:

Անցյալ տարվա նոյեմբերից սկսված բանակցությունների արդյունքում այս տարվա հունվարի 21-ին Հայաստանի կառավարությունն ու «ԱրմենՏել»-ը պայմանագիր կնքեցին: Ըստ այդմ՝ բաժանորդը կարող է անսահմանափակ օգտվել հեռախոսային կապից, եթե ամիսը սկսվելուց հինգ օր առաջ վճարում է. 2002 թվականին 2400 դրամ, 2003-ին՝ 3600, իսկ 2004-ին՝ 4800 դրամ: Բացի այդ, եռամսյակը կամ վեց ամիսը մեկ անգամ տվյալ ժամանակահատվածի դրամի փոխարժեքի համաձայն, «ԱրմենՏել»-ը սակագները վերանայելու իրավունք ուներ:
Կատարված բոլոր փոփոխությունները, ուստի, օրենքի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում են:

Մամուլում օրերս հրապարակումներ եղան, իբր կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդակցության է հրավիրել «ԱրմենՏել»-ի ղեկավարությանը եւ արգելել է բարձրացնել սակագները: «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Գոհար Սիմոնյանի վկայությամբ, սակայն, այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Անդրանիկ Մանուկյանը իրականում նամակ գրել է ընկերության ղեկավարությանը, սակայն ոչ թե արգելել, այլ առաջարկել է սակագնային փոփոխությունները հիմա չկատարել եւ սպասել նոր բանակցությունների:

«ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդում կառավարության լիազոր ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հավելեց, որ նախարարությունը նաեւ առաջարկել է վերանայել ու նվազեցնել ինտերնետ կապի սակագները:

Իսկ թվային կապի սակագների վերաբերյալ Սարգսյանը ասաց. - «Պայմանագրում այդ կետերը հստակ ֆիքսված են, եւ արգելանք չկա «ԱրմենՏել»-ին այդ հարցում: Բայց ինչ-ինչ պատճառներով, եթե նախարարը գտնում է, որ կան որոշակի խնդիրներ, եւ առայժմ պետք չէ, որ այդ գները այսօր կիրառվեն, այդ դեպքում պետք է «ԱրմենՏել»-ի հետ բանակցել եւ... դա տեղի ունենա երկուստեք բարի կամեցողությամբ»:

Նշված պայմանագրով որոշակի պարտավորություններ է ստանձնել նաեւ կառավարությունը, այդ թվում՝ ստեղծել հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող անկախ հանձնաժողով, որը պետք է ձեւավորվի մինչեւ 2003 թվականի հուլիսի 31-ը:

«Անկախ կարգավորիչ մարմին երբ ստեղծվի, այդ դեպքում «ԱրմենՏել»-ը իրավասու կլինի նորից դիմելու գնային քաղաքականության ողջ փաթեթը վերանայել տալու», - ասաց Սերժ Սարսյանը:

Սա նշանակում է, թերեւս, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները հաղթահարելուց հետո կառավարություն - «ԱրմենՏել» բանակցությունները կշարունակվեն, եւ կառավարությունը հավանաբար պետք է համաձայնի եւ ստիպված լինի կատարել թիվ 60 լիցենզիայով սահմանված սակագնային պարտավորությունները: Ինչն իր հերթին ենթադրում է սակագնային նոր փոփոխություններ:

«Սակագնային փոփոխություններից խուսափել չի կարելի, որովհետեւ «ԱրմենՏել»-ը գործում է մի շուկայում, որտեղ շուկայական հարաբերություններ են», - պարզաբանեց կառավարության լիազոր ներկայացուցիչը՝ չբացառելով, որ «ԱրմենՏել»-ը կարող է նվազեցնել որոշ սակագներ: - «Այսօր «ԱրմենՏել»-ը ինքը խնդիր է բարձրացնում եւ տնօրենների խորհուրդում քննարկում է....որ միջքաղաքային հեռախոսազանգերի գները վերանայվեն եւ նորից նվազեցվեն»:

Ինչ վերաբերում է ներդրումներին եւ կառավարության հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորություններին, ապա «ԱրմենՏել»-ը արդեն վճարել է 142 հազար դոլար՝ WFI ընկերության աուդիտորական աշխատանքները խափանելու համար: Սակայն լուրջ ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ ռեսուրսներ դեռեւս չկան:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG