Մատչելիության հղումներ

Մուրադ Բոջոլյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Թուրքիայի օգտին լրտեսության համար տասը տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանին:

Մեղադրող կողմը որպես պատժաչափ Բոջոլյանի համար միջնորդել էր սահմանել 11 տարվա ազատազրկում՝ անձնական գույքի բռնագրավումով: Ամբաստանյալը դատարանում հրաժարվել էր նախաքննության ընթացքում տված ինքնախոստովանական ցուցմունքից, իսկ նրա շահերի պաշտպանը «հիմնավորված չի համարում» դատավճիռը, ըստ որի Բոջոլյանը դատապարտվեց տասը տարի ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավումով:

Մուրադ Բոջոլյանը ձերբակալվել էր անցնող տարվա հունվարին: Գործի նախաքննության եւ դատաքննության համար մեկ տարուց էլ պակաս ժամանակ պահանջվեց: Թեեւ նախաքննության հենց սկզբում Հայաստանի արտգործնախարարության, իսկ այնուհետեւ՝ Հայաստանի նախկին նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Բոջոլյանը ընդունել էր մեղքը եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել, բայց հետո թե' նախաքննության ընթացքում, թե' դատարանում հրաժարվել էր այդ ցուցմուքից:

Դատաքննության ընթացքում Բոջոլյանը մի քանի անգամ հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքով (Հայրենիքի դավաճանություն) իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ ինքնազրպարտչական ցուցմունք տվել է ստիպված՝ երկու դրդապատճառով, նախ՝ ազգային անվտանգության նախարարությունում գտնվող կնոջն ազատ արձակելն ապահովելու եւ ապա՝ Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայությունների ուշադրությունն իր վրա հրավիրելու նպատակով: Որպեսզի վերջիններս միջամտեն եւ հավաստեն, որ ինքնազրպարտչական ցուցմունքը «Զինդե» ծածկանունով ԽՍՀՄ հետախույզի մշակած լեգենդն է:

Ցուցմունքում, ըստ Բոջոլյանի, կան ինչպես իրականությանը համապատասխանող, այնպես էլ մտացածին փաստեր: Ճիշտ է, որ ինքը 1971-1981 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ հետախուզական ծառայությունների հետ, պատրաստվել է իբրեւ գործակալ, ինչը դատաքննության ընթացքում հաստատեց նաեւ նշված տարիներին նրա աշխատանքը ղեկավարած, գործով վկա Իվան Ղուկասովը: Ճիշտ է, որ ինքը համագործակցել է թուրքական լրատվամիջոցների հետ, նրանց համար Հայաստանին վերաբերող տեղեկատվական կամ վերլուծական նյութեր է գրել, սակայն այդ անելիս օգտվել է բացառապես հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներից: Ճիշտ է, որ 2000 թվականից մինչեւ 2002-ի հունվարը մի քանի անգամ Թուրքիա է մեկնել, սակայն ինքը թուրքական հետախուզական ծառաթյունների հետ չի գործակցել, նրանցից հանձնարարություններ չի ստացել, նրանց տեղեկություններ չի փոխանցել:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, հայտարարեց, թե Բոջոլյանի «դատաքննական ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում, դրանք քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ են հետապնդում եւ հերքվում են գործի նախաքննությամբ ձեռք բերված եւ դատաքննությամբ հետազոտված հետեւյալ ապացույցներով՝ ...գործով ձեռք բերված իրեղեն ապացույցներով... գործով հարցաքննված վկաների ցուցմունքներով»:

Իրեղեն ապացույցներից «կապույտ թղթի» վրա, որը հայտնաբերվել է Բոջոլյանի մոտ ձերբակալության ժամանակ, ըստ վերջինիս նախաքննական ցուցմունքների, ինքն իր ձեռքով թուրքական հետախուզական ծառայության գործակալների հանձնարարություններն էր շարադրել: Դրանք վերաբերել են Հայաստանի ռազմական համագործակցությանը Հունաստանի, Ռուսաստանի հետ: Ըստ այդմ՝ թուքական հետախուզությանը հետաքրքրել է, թե արդյոք Հայաստանում կան Քրդական բանվորական կուսակցության անդամներ, ինպես նաեւ քաղաքական, տնտեսական եւ ռազմական մի շարք տեղեկություններ:

Գործով վկաները 5-ն էին, որոնցից դատարան ներկայացան երկուսը: Մյուս երեքը, որ ըստ գործի Քրդական բանվորական կուսակցության անդամներ էին, չներկայացան դատարան: Ընթերցվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:

«Դեռ չի հիմնավորվել հանցանք կատարել է՞, թե՞ ոչ», - պնդում է Բոջոլյանի շահերի պաշտպան Հովհաննես Արսենյանը: - «Եղած ապացույցները միայն ենթադրություններ են, իսկ ամբողջ քրեական գործը հիմնվել է իրավապահ մարմինների, դատարանի կողմից ձեւական տրամաբանության եզրահանգումներով»:

Մեղադրող Արամ Ամիրզադյանի պնդմամբ, սակայն, «պաշտպանական կողմի ապացույցները ապացույցներ չէին»:

Մուրադ Բոջալյանն ու նրա շահերի պաշտպանը պատրաստվում են դատավիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG