Մատչելիության հղումներ

Հայաստանի չի ընդգրկվի Միացյալ Նահանգների համար վտանգ ներկայացնող երկրների ցուցակում


Անցած ուրբաթ օրը Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը Ֆեդերալ տեղեկագրի ինտերնետային էջում անսպասելիորեն Հայաստանը ընդգրկել էր այն երկրների ցուցակում, որոնց արական սեռի 16-ն անց բոլոր այցելու քաղաքացիները պետք է պարտադիր կերպով գրանցվեն Ներգաղթի ու նատուրալիզիցիայի ծառայությունում:

Դա խիստ ցավոտ ու վրդովմունքով ընկալվեց Միացյալ Նահանգների ամբողջ հայկական համայնքում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հայկական լոբբիստական կազմակերպությունները, ինչպես նաեւ հազարավոր ամերիկահայեր բողոքի նամակներ են հղել Բուշի վարչակազմին՝ խնդրելով վերանայել այդ որոշումը:

Իրազեկ աղբյուրները Վաշինգտոնում նշում են, որ թեեւ Հայաստանը իրոք ընդգրվել էր ֆեդերալ տեղակագրի ցուցակում, արդարադատության նախարարությունը ընդունել է, որ կատարվածը սխալ էր: Նույն աղբյուրները տեղեկացրին «Ազատություն» ռադիոկայանին, որ Հայաստանի կառավարության, Ամերիկայի հայկական կազմակերպությունների եւ արդարադատության նախարարության, ինչպես նաեւ Բուշի վարչակազմի ներկայացուցիչների միջեւ անցած շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ բանակցություններից հետո, Հայաստանին ասվել է, որ սխալը կուղղվի անմիջապես, եւ Հայաստանը չի ընդգրվի այդ ցուցակում:

Նշված ցուցակը կազմվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո: Դրանում ներառված են Աֆղանստանը, Բահրեյնը, Էրիթրեան, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Մարոկկոն, Հյուսիսային Կորեան, Օմանը, Կատարը, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Թունիսը, Արաբական միացյալ էմությունները եւ Եմենը:

Ցուցակում ընդգրկված երկրները, այն կազմողների կարծիքով, որոշակի վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների անվտանգությանը: Հայաստանը կլիներ միակ քրիստոնեական երկիրը, որի այցելու քաղաքացիները պետք է անպայման գրանցվեին Ներգաղթի եւ նատուրալիզացիայի ծառայության տեղական բաժանմունքներում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG