Մատչելիության հղումներ

«Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագիրը հաջողությամբ իրագործվում է


Շինարարական խոշոր ծրագրեր իրականացնելու համար ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմադրամի Հայաստանին տրամադրած 150 միլիոն դոլարից 71 միլիոն 400 հազարը հատկացված է ճանապարհաշինությանը: Նախատեսված է ամբողջ ծրագիրը ավարտին հասցնել 2003 թվականի նոյեմբերի 1-ին:

Այդ գումարով կառուցվում, վերակառուցվում է ավելի քան 400 կիլոմետր ավտոճանապարհ: 14 միլիոնը տրամադրվել է Երեւանի կենտրոնի փողոցների կապիտալ վերանորոգմանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ճանապարհաշինական ծրագրի ղեկավար Էդուարդ Բեզոյանը, Երեւանի կենտրոնում նախատեսված էր 12 փողոց վերակառուցել, որից երկուսը՝ Աբովյանի ու Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակին հարող հատվածը վերանորորագվելու է եկող տարվա ընթացքում: Նրա խոսքերով, այս տարի նախատեսված աշխատանքները կատարվել են, հասցրել են ավարտել անգամ Մաշտոցի պողոտայի հատվածը, որը 2003-ի պլանում էր: Ավարտվել է փողոցների նշագծումը, ապահովվելու է դրանց լուսավորությունը:

Ավարտին չեն հասցվել դեռ մայթերի բարեկարգման աշխատանքները: Ըստ Բեզոյանի, մայթերի սալահատակումը 90 տոկոսով կավարտվի այս տարի: Առաջիկա օրերին պետական հանձնաժողովն ընդունելու է մայրաքաղաքում կատարված աշխատանքները: Որոշ փողոցներ կբացվեն պաշտոնական արարողություններով՝ ծառայելով նաեւ գործող նախագահի նախընտրական քարոզչությանը:

Հատկացված 14 միլիոնից ծախսվել է 6,5 միլիոն դոլարը, մնացածով վերանորոգվելու են մայրաքաղաքի այլ փողոցներ: Էդուարդ Բեզոյանը վստահեցրեց, որ կատարված աշխատանքների որակը պատշաճ է, եւ մոտակա 5 տարիներին չեն լինելու երեւանցիներին լավ ծանոթ «կարկատանները»: Բոլոր շինարարական նյութերը օգտագործվել են միայն լաբորատոր ստուգում անցնելուց հետո:

Միջպետական նշանակություն ունեցող մայրուղիների 423 կիլոմետրից, ըստ Բեզոյանի, շահագործման է հանձնվել 126 կիլոմետրը: Եւս 96,5 կիլոմետր պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ: Մնացած 297 կիլոմետրը վերակառուցվելու է գալիք տարի: Ամենամեծ ծրագիրն այստեղ Սելիմի լեռնանցքի ճանապարհն է՝ Սեւան - Մարտունի - Գետափ ճանապարհի երկարությունը 124 կիլոմետր է, լեռնանցքի դժվար հատվածի մոտ 40 կիլոմետրի հողային աշխատանքների 80 տոկոսը կատարվել է:

Կառուցվում են նաեւ Սեւան-Դիլիջան, Սպիտակ-Նալբանդ ավտոճանապարհային թունելները, ամբողջությամբ վերանորոգվում է Արզնու երկհարկանի կամուրջը:

Էդուարդ Բեզոյանի խոսքերով, մեր պետությունը նման ծավալի աշխատանքներ 2 տարվա ընթացքում երբեք չի կատարել: Երեւանում միջին հաշվով աշխատել են 600-ից ավելի, իսկ մայրուղիների վրա՝ 5 հազարից ավելի բանվորներ, որոնց միջին աշխատավարձը կազմել է 150-200 դոլար:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG