Մատչելիության հղումներ

Ամենախոշոր հարկատուն Հայաստանում «Գրանդ Տոբակո»-ն է


Ըստ կառավարության պաշտոնյաների, Հայաստանում ամենախոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ծխախոտ արտադրող ընկերությունն է, որը տարեկան պետական բյուժեին բերում է մոտավորապես 12 միլիարդ դրամ (մոտ 20,5 մլն դոլար):

Պետեկամուտների նախարարության Խոշոր հարկատուների վարչության պետի պաշտոնակատար Սամվել Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ հայ-կանադական համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է գլխավորում երկրի 365 խոշոր հարկատուների ցուցակը: Այդ ձեռնարկությունները ապահովում են Հայաստանի հարկային մուտքերի ավելի քան կեսը:

Սամվել Պետրոսյանի գլխավորած վարչությունը զբաղվում է միայն այդ խոշոր հարկատուների հաշվառմամբ ու վերահսկողությամբ: Պետրոսյանը հրաժարվեց նշել Հայաստանի ամենախոշոր հարկատուի մուծած գումարի չափը՝ պատճառաբանելով, թե դա կարող է դիտվել որպես գովազդ:

Կառավարական այլ աղբյուներից, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ ծխախոտ արտադրող ընկերությունը պետական բյուջե է մուծում ամսական մոտ 1 միլիարդ դրամ: «Գրանդ Տոբակո»-ին է բաժին ընկնում Հայաստանում վաճառվող ծխախոտի 40 տոկոսը:

Խոշոր հարկատուների ցուցակում են նաեւ Հայաստանում գործող բոլոր բանկերը, «ԱրմենՏել»-ը, ալկոհոլային խմիչքներ արտադրող խոշոր ընկերությունները: Հեռահաղորդակցության ոլորտի մետատեր «ԱրմենՏել»-ը, օրինակ, վճարում է ամսական 700 միլիոն դրամ հարկ:

Անցնող տարվա սկզբին ստեղծված այս վարչությունը կոչվում է Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության խոշոր հարկ վճարողների հաշվառման եւ վերահսկողության վարչություն: Երկրի բյուջեում նախատեսված հարկային մուտքերի 55-60 տոկոսը ապահովում են խոշոր հարկատուները: Այս տարվա բյուջեով նախատեսված հարկային մուտքերը կազմում են 104 միլիարդ դրամ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG