Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունից հետո էլ փակ կմնա հայ-թուրքական սահմանը


«Սա հայ ժողովրդի հաղթանակն է, սա հանրապեության նախագահի հաղթանակն է, սա Հայատանի կառավարության եւ Ազգային ժողովի հաղթանակն է», - այսպես բնորոշեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: - «Սա կարեուր իրադարձություն է 2003 թվականի նախաշեմին»:

2003-ի նախաշեմը նաեւ առաջիկա ընտրություններին է վերաբերում ու չի բացառվում, որ նման գնահատական տրվում է նաեւ քարոզչական նկատառումներով։ Նախարարի խոսքերով, ԱՀԿ-ին անդամակցումը հնարավոր դարձավ հատկապես վերջին երեք տարիներին վարվող ակտիվ տնտեսական քաղաքականության շնորհիվ։

Այս ազդեցիկ միջազգային կազմակերպությանն անդամակցությամբ, Ճշմարիտյանի խոսքերով, Հայաստանի համար «բացվում է աշխատելու մի նոր դաշտ», «ներդրումների համար հնարավորություններ, առեւտրի ծավալները, արտահանման ծավալները ավելացնելու հնարավորություններ»:

Ըստ նախարարի, անդամակցումը ԱՀԿ-ին տնտեսական աճը երկրում կարագացնի 1-4 տոկոսով, միեւնույն ժամանակ հավելյալ ներդրումների խթան կդառնա։

Ի պատասխան ԱՀԿ-ն անդամակցության հնարավոր քաղաքական հետեւանքներին վերաբերող հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ կազմակերպությունը պատժամիջոցներ կիրառի իրեն անդամակցող Թուրքիայի նկատմամբ Հայաստանը շրջափակելու պատճառով, նախարարը վկայակոչեց ԱՀԿ կանոնադրության 13-րդ հոդվածը, ըստ որի «Թուրքիան կարող է Հայաստանի նկատմամբ կիրառել այն ռեժիմը, որը ինքը այսօր կիրառում է»:

«Առավելագույն բարենպաստության ռեժիմ չէ, դա սովորական ռեժիմ է, որը իրենք ապրանքների մասով կամ թողնում են ներմուծումը, կամ չեն թողնում, իսկ իրենց կողմից ծագած ապրանքների մասով մենք տարեկան որոշակի ներմուծման ծավալներ ունենք, եւ մենք մտադիր չենք այդ ներմուծման ծավալներից հրաժարվել, որովհետեւ դա մեր տնտեսության համար շատ կարեւոր է», - ավելացրեց Կարեն Ճշմարիտյանը:

Այսինքն՝ Թուրքիան հանգիստ կարող է շարունակել ոչ միայն փակ պահել իր շուկաները հայկական ապրանքների առաջ, այլեւ արգելել իր տարածքով հայկական բեռների տարանցիկ փոխադրումները երրորդ երկրներ։

Նախարարը նաեւ կրկին ասաց, որ Հայաստանի հակված չէ հետագայում խոչընդոտել Ադրբեջանի անդամակցությանը այդ ԱՀԿին:

Այսպիսով, Հայաստանի անդամակցությունը մեր պաշտոնյաները խոշոր ձեռքբերում են համարում ու վտանգներ չեն տեսնում։ Ըստ Կարեն Ճշմարիտյանի, այն մարդիկ, ովքեր փորձում են անդամակցության մեջ խնդիրներ տեսնել, պարզապես չեն պատկերացնում այդ կազմակերպության դերն ու նշանակությունը:

«Վտանգ չի սպառնում այն առումով, որ մեզ մոտ 93-95 թվականներին եւ դրանից հետո տնտեսության եւ առեւտրի լիբերալացման աստիճանը այն աստիճան է, որ մենք այսօր այդ մտավախությունը չունենք», - ասաց Կարեն Ճշմարիտյանը:

ԱՀԿ լիիրավ անդամ Հայաստանը կդառանա 30 օր անց՝ անդամակցության համաձայնագիրը Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG