Մատչելիության հղումներ

Մինչեւ վթարի վերացումը չեն բացառվում նոր հոսանքազրկումները


«Հայէլցանց»-ի պատասխանատուները երեկվա ընթացքում ամբողջ հանրապետությունում, այդ թվում եւ մայրաքաղաքում տեղ գտած զանգվածային հոսանքազրկումները բացատրում են բարձրավոլտ լարման հաղորդագծերի վթարով, որի վերացման աշխատանքները դեռեւս շարունակվում են: Չի բացառվում հովհարային անջատումների շարունակումը՝ մինչեւ վթարի վերացման աշխատանքների ավարտը:

«Երեկ վթարի էին ենթարկվել Վայքի եւ Որոտան 1-ի 220 կիլովոլտ լարման հաղորդագծերը, որոնց պատճառով ամբողջ հանրապետության տարածքով եղել են մասսակայան անջատումներ», - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Հայէլցանց»-ի խոսնակ Մարգարիտ Գրիգորյանը: - «Երեկ անմիջապես վթարից հետո ամբողջ գիշեր եւ մինչեւ այսօր, այս պահին անգամ շարունակվում են աշխատանքները»:

Հաղորդալարերը, ի դեպ, ոչ թե «Հայէլցանց», այլ «Բարձրավոլտ էլցանցեր» ընկերության հաշվեկշռում են:

Պատասխանելով մեղավորներին վերաբերող հարցին, Մարգարիտ Գրիգորյանը ասաց. - «Ասել՝ մեղավոր, ամենամեծ սխալը կլինի, որովհետեւ սա աղետ է... Սրանք ամենամեծ հաղորդալարերն են եւ գտվում են սարերի վրա, շատ հեռու, անանցանելի տեղերում: Եթե անգամ չկարողանան վթարը վերացնել, անջատումները կլինեն արդեն ոչ թե մասսայական, այլ դրանք կկրեն մի փոքր հովհարային բնույթ՝ մինչեւ որ վթարը վերացվի: Պլանավորված եւ գրաֆիկներով համապատասխանորեն անջատումներ կլինեն, եւ տեղերում արդեն կվերացվեն վթարները»:

Դեկտեմբերի 3-ին Մեցամորի ատոմակայանը պետք է սկսեր աշխատանքը, բայց քանի որ մինչեւ օրս միջուկային վառելիքը Ռուսաստանից չի ներկրվել, ատոմակայանը չի վերագործարկվել, եւ նաեւ դա է պատճառը, որ գերծանրաբեռնվածություն է առաջացել ու էլեկտրաէներգիան չի բավարարում:

Սակայն էներգետիկայի նախարարությունը այլ տրամաբանությամբ է պատասխանում՝ փաստարկելով, թե կլիմայական պայմանների պատճառով վատ վիճակում գտնվող էլցանցերը ի վիճակի չեն անխափան աշխատել, իսկ հոսանքի անջատումները այդ վթարների արդյունք են, որոնք արագությամբ վերացվելու են: Իսկ ատոմակայանի արտադրած հոսանքի ծավալը, ինչպես հայտնեցին նախարարությունից, այժմ ապահովում է Հրազդանի ՋԷԿ-ը:

Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը եւ «Հայէներգո»-ի տնօրեն Իոսիֆ Իսայանը երեկ են վերադարձել Մոսկվայից, ուր մեկնել էին բանակցելու միջուկային վառելիք մատակարարող կողմի հետ: Թեեւ անցկացված բանակցությունները «հաջող» են որակվում, հստակ չասվեց, թե երբ եւ ինչ ելքով կավարտվեն այդ բանակցությունները:
«Բոլոր դեպքերում, տվյալ կոնցեռնը մեզ հույս տվեց, որ մեր վառելիքը պատրաստ է եւ գործարանում է գտնվում: Որոշ անհարթություները ճշտելուց, հարցերի պարզաբանումից հետո մի քանի օրվա ընթացքում մեր վառելիքը կտեղափոխենք Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մեծամորի ատոմակայանի տնօրենը՝ ավելացնելով, որ հիմնական խոչընդոտը պարտքրեն են: - «Եթե այդ գումարը մենք տիրապետեինք, իմ՝ Մոսկվա գնալու անհրաժեշտությունը ընդհանրապես չէր լինի»:

Ատոմակայանի տնօրենը հույս հայտնեց, որ մոտ օրերս բոլոր կողմերի համար ընդունելի լուծումը կգտնվի:

Սպասվող խմբաքանակի համար անհրաժեշտ է վճարել 6 մլն 700 հազար դոլար, իսկ 5-6 տարվա ընթացքում կուտակված պարտքը կազմում է 32 մլն դոլար:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG