Մատչելիության հղումներ

Իրան - Հայաստան գազամուղի շինարարության հարցում առաջընթաց չկա


Հայաստանի գիտատեխնիկական մտավորականների ընկերակցության եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության կազմակերպված Արեգակի էներգիայի օգտագործման հարցերին նվիրված քննարկմանը մասնակցող Հայ-իրանական գիտատեխնոլոգիական համագործակցության հանձնախմբի անդամ, պրոֆեսոր Գեւորգ Միրզաբեկյանը կարծիք հայտնեց, թե արեգակնային կայանների հիմնումը մեզ համար լավագույն այլընտրանքն է, առավել կարեւոր՝ քան իրանական գազը:

«Հույս դնել Իրանի գազի վրա, սխալ է», - ասաց նա՝ ավելացնելով, որ հենց Իրանում այժմ աշխատանքներ են տարվում արեգակնային փոքրիկ կայանների ստեղծման ուղղությամբ:

Իսկապես, իրանական գազը ստանալու վերաբերյալ խոսակցութունները, կարծես թե, գնալով մարում են: Ավելի քան տասը տարի տեւած բանակցային գործընթացի արդյունքը վերստին բարի ցանկությունների հուշագրերն են:

«Իտար-Տասս» գործակալության փոխանցմամբ, երեկ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը Իրանի ղեկավարության հետ մի հուշագիր է ստորագրել, որով առաջարկվում է Հայաստանի արտադրած էլեկտրաէներգիան փոխանակել իրանական գազի հետ։ Գործակալությունը, սակայն, չի մանրամասնում, թե որ գազի մասին է խոսքը՝ բնակա՞ն, որ կառուցվելիք խողովակաշարով պետք է փոխանցվի, թե՞ հեղուկ գազի։

Հավանաբար, խոսքը հեղուկ գազի մասին է, քանի որ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը, «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների պնդմամբ, վերստին կասկածի տակ է դրված ոչ այնքան ֆինանսների բացակայության, որքան Հայաստանի հիմնական գազամատակարար, ռուսական «Գազպրոմ»-ի կոշտ դիրքորոշման հետեւանքով։

Վերջինս մտավախություն ունի, որ գազը Հայաստան փոխադրելու հնարավորության դեպքում Իրանը կանգ չի առնի եւ կշարունակի այն արտահանել նաեւ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, ապա նաեւ՝ Եվրոպա։ Հավանաբար այս պատճառով է, որ իրանական կողմը պնդում է, որ կառուցվելիք խողովակաշարի տրամագիծը պակաս չլինի 76 սանտիմետրից: Մինչդեռ, նույն աղբյուրների պնդմամբ, «Գազպրոմ»-ին մինչեւ 30 սանտիմետրն էլ է բավարարում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG