Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հաստատում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը


Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծը, որով շոշափելի ավելացում է նախատեսվում մոտ 3,5 հազար օրենսդիր, գործադիր, դատական, եւ հարկային ղեկավար պաշտոնյաների աշխատավարձերում:

Այն բանից հետո, երբ նախագահ Քոչարյանի խոսնակ Վահե Գաբրիելյանը փոխանցեց նախագահի տեսակետը, թե պետք է զուսպ լինել պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկներում, կառավարությունը իր հեղինակած նախագծերում մեղմեց բարձրացումները, եւ Ազգային Ժողովի՝ այսօր առաջին ընթերցմամբ ընդունվածը արդեն «զուսպ» փաթեթն էր:

Օրենքն ամբողջովին ընդունվելու եւ նախագահի կողմից ստորագրվելու դեպքում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից երկրի նախագահի պաշտոնային դրույքաչափը կդառնա ամսական չորս հարյուր հազար դրամ (մոտ 700 դոլար), Ազգային Ժողովի նախագահինը, վարչապետինը, Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 340 հազար դրամ, Ազգային Ժողովի պատգամավորներինը, Երեւանի քաղաքապետինը՝ 300 հազար դրամ եւ այլն:

Օրենքն ընդունվելու դեպքում արդեն հաջորդ խորհրդարանի պատգամավորների հաշվարկային աշխատավարձը ամսական մոտ 500 դոլար կկազմի, ի տարբերություն ներկայիս օրենսդիրների ստացած մոտ 240 դոլարի:

Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօրվա քվեարկությունն անվանեց այս խորհրդարանի «հայրական վերաբերմունքը» հաջորդի հանդեպ, որն իր վրա է վերցնում «որդուն ուղղվելիք բամբասանքն ու շահարկումները»: «Վերեւների» դրույքաչափերի բարձրացումը նա անհրաժեշտություն է համարում:

«Օրենսդիր մարմնի ծառայողը ինքը արդեն բավական բարձր պաշտոնյա է, եւ անհարմար է աշխարհի մասշտաբով, որ նա չկարողանա գոնե կոստյում գնել, որ նա չկարողանա գոնե իր էլեմենտար հարցերը լուծել», - ասաց խորհրդարանի խոսնակը՝ ավելացնելով, թե շատ են նման պատգամավորները; - «Մի մտածեք, թե մեկ-երկուսը, որ բավական միջոցների են տնօրինում՝ բոլորն են այդպիսին: Ոչ: Ես շատերին գիտեմ, որ իսկապես օր-օրի սպասում են աշխատավարձի»:

Գործարար աշխարհից եկած պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանել հարցը՝ նշելով, թե կոռեկտ չէ: Նրանք միաձայն պնդեցին, որ իրենց պատգամավորական ամբողջ աշխատավարձը, դեռ ավելին, ուղղում են իրենց անվերջ դիմող կարիքավոր ընտրողներին:

Փաթեթին դեմ քվեարկած պատգամավորներից Աղասի Արշակյանը ասաց, թե իր դիրքորոշումը կապ չունի ապագա խորհրդարանում իր վերընտրվել-չվերընտրվելու հնարավորության հետ: Նա հաստատեց, թե կան պատգամավորներ, ովքեր մինչեւ աշխատավարձ պարտք են խնդրում Ազգային Ժողովի հաշվապահությունում:

Արշակ Սադոյանը ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը՝ իր պատճառաբանությամբ՝ «մեկ է, դակիչ մեքենան դակելու էր»: Նրա կարծիքով, դրույքաչափերը պետք է սահմանվեին նվազագույն աշխատավարձի բազմապատիկների ձեւով, ինչպես մինչեւ 1998 թվականն էր, որպեսզի հստակ երեւար «վերեւների» ու «ներքեւների» հարաբերակցությունը:

«Ես համարում եմ մեծագույն երեսպաշտությունը, որ այդ օրենքի դեմ սկսեցին խոսել ընտրություններից առաջ՝ ամբոխավարությանը տուրք տալով», - ասաց ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը՝ ավելացնելով, թե ինքն Ազգային Ժողովի այն ափից է, որը խանութ չունի, բիզնես չունի: - «Ես չեմ մոռանում, որ ուսուցիչը եւ բժիշկը շատ չնչին աշխատավարձ են ստանում, բայց նրանք կարող են բողոքել, ես չեմ կարող բողոքել: Իմ կարգավիճակը ինձ թույլ չի տա, որ ես նվնվամ»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG