Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն հորդորում է մինչեւ համապետական ընտրությունները վերաբացել «Ա1+»-ը


Անցած գարնանն ու ամռանը Երեւան այցելած եվրոպացի տարբեր պաշտոնյաներ առիթներ են ունեցել ասելու, թե Հայաստանի իշխանություններն իրենց հավաստիացրել են, որ մոտ ժամանակներում լուծում կգտնի «Ա1+» հեռուստաընկերության խնդիրը: Սակայն գործընթացը, կարծես, ձգձգվում է:

«Մենք արդեն դիրքորոշում ենք արտահայտել, թե կուզենայինք, որ մրցույթն անցկացվի հնարավորինս արագ եւ հեռուստաընկերությունները կարողանային գործել մինչեւ նախագահական ընտրութունները», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Ռոյ Ռիվը: - «Մենք կնախընտրեինք նաեւ, որ դատական գործընթացն այլեւս չշարունակվեր ու նոր բողոքարկումներ չլինեին, որոնք կհետաձգեին մրցույթի անցկացումը մինչեւ Նոր տարի»:

Ռոյ Ռիվը լրագրողներին փոխանցեց նաեւ, թե նախագահական ընտրություններին հետեւելիք ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ Ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի փորձագետների մի թիմ էլ դիտարկելու է, թե ինչպես են նախագահական ընտրությունները լուսաբանելու լրատվամիջոցները եւ ինչ մոտեցումներով են ներկայացնելու թեկնածուներից յուրաքանաչյուրին:

Դեսպան Ռիվի ասուլիսի ընթացքում խոսվեց նաեւ, թե ԵԱՀԿ-ն ինչպես է իրականացնելու նախագահական ընտրությունների մոնիտորինգը:
Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալ Էլեյն Կոնկեւիչի փոխանցմամբ, եթե եղանակը չխանագարի, ապա արդեն վաղը Հայաստան կժամանեն փորձագետներ, որոնք նախնական ուսումնասիրություններ կկատարեն, թե ինչ ծավալով ու ֆորմատով պիտի իրականացվի նախագահական ընտրությունների դիտարկումը:

«Սակայն նախնական որոշմամբ արդեն իսկ ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների Վարշավայում տեղակայված գրասենյակը որոշակիացրել է՝ ընտրություններից 5 շաբաթ առաջ փորձագետների մի փոքրիկ խումբ կսկսի գործել Հայաստանում՝ երկարաժամակետ մանդատով», - ասաց տիկին Կոմկեւիչը: - «Իսկ ընտրություններից անմիջապես առաջ էլ կարճաժամկետ առաքելությամբ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ մոտ հարյուր դիտորդներ»:

Պարզ չէ, թե այդ դիտորդները կանդրադառնան «Ա1+»-ի շուրջ ներկայումս ընթացող գործընթացին, սակայն մոտ օրերս այդ կապակցությամբ ԵԱՀԿ-ից վերաբերմունք կհետեւի: «ԵԱՀԿ մամլո պատասխանատու պարոն Դուվեն այս հինգշաբթի հանդես կգա հայտարարությամբ, որում անդրադարձ կլինի նաեւ «Ա1+»-ի խնդրին», - տեղեկացրեց Ռոյ Ռիվը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG