Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ընդհանուր առմամբ, նախագահի թեկնածուների առատությունը ավելի շատ բացասական արձագանքներ է գտել», - արձանագրում է «Առավոտ» թերթի խմբագրականը: Մի կողմից՝ կարծես, լայն ընտրության հնարավորություն ունես ըստ ճաշակի, մյուս կողմից՝ նման քանակը, ցավոք, որակ չի ապահովում: Ինչ վերաբերում է թեկնածուների ընթացիկ կյանքին, «Առավոտ»-ի տեղեկություններով, մասնավորապես Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը այսօր առավոտյան, իրարից անկախ, մեկնել են Մոսկվա: Թեկնածուների շրջապատից «Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ նրանք հանդիպելու են Ռուսաստանում իրենց սատարող որոշակի կառույցների հետ, ինչպես նաեւ՝ «կփորձեն հայթայթել հավելյալ գումարներ ընտրարշավի համար»:

«Հայկական ժամանակ» թերթում հիմնվել է նոր՝ «Ագգային միաբանության» էջ, եւ այն ամբողջությամբ գրաված կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը նախ հերթական անգամ բոլոր բնագավառներում լուրջ հետնահանջ է մատնանշում Քոչարյանի օրոք, ապա եւ հրամցնում, թե ինչը կփոխվի իր՝ նախագահ ընտրվելու դեպքում: Խտացված բանաձեւը հետեւյալն է. - «Իշխանության կգան մարդիկ, ովքեր արատավորված չեն, ովքեր ունեն անձնական ազնվություն եւ կոմպետենտ են իրենց գործի մեջ: Ահա այսպիսի մարդկանցով է, որ պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարությունը, որը կարթնացնի հավատը ժողովրդի մոտ: Իսկ եթե հավատը արթնացավ, վստահ եղեք, հայ մարդը հրաշքներ կգործի»:

Անդրադառնալով Հանրային հեռուստատեսության վերջին «Խորհրդարանական ժամ»-ի ժամանակ Գեղամյանի կոչին Քոչարյանին, թե «հրաժարականի խիզախություն դրսեւորեք եւ համոզված եղեք, որ շատ բաներ կներվեն ձեզ», «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը գրում է. - «Քանի որ «Ազգային միաբանության» առաջնորդի պրպտուն միտքը մշտապես զբաղված է երկրի վիճակի, տնտեսական աճի մասին տասնհինգ օրը մեկ անկումային ցուցանիշները պեղելու եւ համեմատելու գիտական ուսումնասիրությամբ ու ժամանակ չունի ուշադրություն դարձնելու այնպիսի մանրուքի վրա, ինչպիսին սեփական վարկանիշն է, ուստի փորձենք ինքներս օգնել փրկչին՝ ծանոթանալու ոչ միայն իր, այլեւ դրկից ընդդիմադիր նախագահացուների վարկանիշային տոկոսներին»: Մեկնաբանը ներկայացնում է սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը անցկացված 5 տարբեր սոցհարցում, որոնց բոլորի արդյունքներով էլ Ռոբերտ Քոչարյանը էապես գերազանցում է մրցակիցներին: Դրանցից վերջինի համաձայն, որ անցած կիրակի հրապարակեց հեռուստատեսային «Օրակարգ» ծրագիրը, գործող նախագահը հավաքել է մոտ 30 տոկոս, Ստեփան Դեմիրճյանը՝ 13-ի չափ, Արտաշես Գեղամյանը՝ 8,5 տոկոս:

«Ազգ» թերթում ներկայացված մեկ այլ հարցման համաձայն էլ, որ այս դեկտեմբերի սկզբին անցկացրել է APR կազմակերպությունը, պատասխանելով «Եթե վաղը տեղի ունենային ընտրություններ, ո՞ւմ կտայիք ձեր ձայնը» հարցին, մոտ 18,5 տոկոսը տվել է Ռոբերտ Քոչարյանի, 16,5 տոկոսը՝ Ստեփան Դեմիրճյանի, 15-ը՝ Արտաշես Գեղամյանի անունը: Հետեւում են Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 6 տոկոսից փոքր-ինչ ավելի եւ Վազգեն Մանուկյանը՝ մոտ 5 տոկոս ցուցանիշով:

«Թեեւ Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում սատարելու մասին հայտարարությունների պակաս չի զգացվում, այնուամենայնիվ իրական հենարան որպես այդպիսին չունի», - այսօր շարունակում է շեշտադրել «Իրավունք» թերթը, ըստ որի՝ առավել խոշոր կուսակցությունները՝ ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Դաշնակցություն, «Օրինաց Երկիր», սատարելով Քոչարյանին, կանգնել են ներքին լուրջ խնդիրների առջեւ: Միեւնույն ժամանակ, որոշակի պայմաններում կարող են նրան լքել: «Իրավունք»-ում նաեւ հատուկ առանձնացված է. - «Իշխանությունների համար բավական տհաճ անակնկալ կարող է մատուցել ընդդիմադիր դաշտի արեւմտամետ հատվածը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե նրան գրանցեն, ապա արեւմտյան բացահայտ կամ սքողված աջակցության ռեսուրսների զգալի մասը Ռոբերտ Քոչարյանից կփոխանցվի Րաֆֆի Հովհաննիսյանին: Իսկ չգրանցելու դեպքում ակնհայտորեն լինելու է աղմկալի սկանդալ, ուր քննարկման առարկա է դառնալու նաեւ նույն Ռոբերտ Քոչարյանի առաջադրման օրինականությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG