Մատչելիության հղումներ

1988 թվականի երկրաշարժի 14-րդ տարեդարձի օրը Շիրակի մարզ այցելեց նախագահ Քոչարյանը: Նա եղավ Շիրակ գյուղի գերեզմանատանը, ուր ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշակոթողին, Գյումրիում մասնակցեց երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի բացմանը, Մարալիկում եւ Արթիկում հանդիպումներ ունեցավ համապատասխանաբար համայնքապետերի եւ գործարարների հետ:

Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի բացման արարողության ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը ասաց, թե տրամաբանական էր երեւի, որ աղետից 14 տարի անց նոր է բացվում զոհերի հուշարձանը: «Քանդված քաղաքում, որտեղ ցանկացած քանդված շենք, ըստ էության, հուշաքար էր, հուշարձան էր, երեւի դրա կարիքը չկար», - ասաց մարզպետը:

Գյումրիից նախագահ Քոչարյանը մենկեց Մարալիկ, ուր համայնքապետերի հետ քննարկեց սահմանամերձ գյուղերի խմելու եւ ոռոգման ջրագծերի կառուցման, ճանապարհաշինարարության, գազաֆիկացման հետ կապված խնդիրները: Իսկ Արթիկում Ռոբերտ Քոչարյանը տեղի գործարարների հետ քննարկեց արտադրական հզորությունների վերագործարկման եւ նոր աշխատատեղերի ստեղծման հարցերը:

Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու էին եկել նաեւ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածուներ Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը:


«Ես կցանկանայի այսօր, որ իսկապես Գյումրին դառնա զարգացման գոտի, որպեսզի ստեղծվեին աշխատատեղեր, մարդիկ դուրս գան ծանր բարոյահոգեբանական վիճակից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նախագահի մեկ այլ թեկնածու՝ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Աշխատանք կատարվել է: Ավելին պիտի արվի: Եվ այնպես պիտի արվի, որ միասին, ազգովի՝ առանց հատվածականությունների, ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը, ե'ւ, ամենակարեւորը, ժողովուրդը ինքը կերտի այնպիսի Հայաստան, որ 15-րդ տարելիցը այդ ողբերգության մենք դիմավորենք ավելի համահավաք, ավելի արժանապատիվ... եւ այնժամ իսկապես մեր անմոռ զոհերի հոգիները կլուսավորվեն»:

Գյումրիի մարզի քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ գոհ է քաղաքաշինական տեմպերից: Նրա խոսքերով, այս տարի 1309 բնակարան է շահագործման հանձնվելու՝ եթե «Լինսի» հիմնադրամի ծրագրերում ժամկետների փոփոխություններ չլինեն:

Պետական պաշտոնյաները վստահեցնում են, որ մինչեւ 2003 թվականի վերջը կլուծվի բնակարանաշինության խնդիրը Գյումրի քաղաքում: Նախընտրական շրջանում Գյումրիի պետական այրերը եւ գործարարները շատ են խոսում քաղաքի արդյունաբերական համալիրը վերականգնելու մասին:

Իսկ առայժմ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում դեռ կան 11 հազարից ավելի տնակներ, անօթեւանների թիվը անցնում է 14 հազարից: Մեծ է գործազրկությունն ու արտագաղթը:

Երկրաշարժից նույնպես մեծապես տուժած Լոռու մարզի իշխանությունները այսօր իրատեսական են համարում, որ 2004 թվականին լուծված են լինելու բոլոր հիմնախնդիրները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լոռու մարզպետի խորհրդական Էդիկ Հովսեփյանը, այդ նպատակն իրագործելի համարել թույլ է տալիս 1998-2002 թվականներին մարզում իրականացվող աշխատանքների ծավալը, դրանցում արձանագրված աճը:

Մարզում արդեն ամբողջությամբ լուծված է դպրոցաշինության հարցը: Վերջին տարիներին ամրացվել, վերականգնվել կամ կառուցվել է 70 նոր դպրոց:

1998 թվականին Լոռու մարզում իրականացվել է ընդհանուր առմամբ 2 միլիարդ 296 միլիոն դրամի կապիտալ շինարարություն, իսկ 2002 թվականին մինչեւ տարեվերջ կիրականացվի 10 միլիարդ դրամից ավելի ներդրում: Դրանց զգալի մասը հատկացվել է բնակարանային հիմնախնդիրներին:

Հիմնականում «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին մինչեւ տարեվերջ եւ 2003 թվականի առաջին եռամսյակում շահագործման կհանձնվի 516 բնակարան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լոռու փոխմարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորում բնակարանային հերթի հանգնած 750 ընտանիքներից 503-ը ապահովված են բնակարաններով: Ստեփանավանում՝ համապատասխանաբար 604 ընտանիքներից 189-ը, իսկ Սպիտակում՝ 1050 ընտանիքներից 300-ը:

Այդուհանդերձ, Վանաձորում դեռեւս կան տնակային ավաններ, որոնք վաղուց արդեն դուրս են եկել 10 տարվա շահագործման թույլատրելի ժամկետից: Քաղաքային իշխանությունների փոխանցմամբ, դեռեւս կան 774 ժամանակավոր կացարաններ: Մնացած տնակները, ըստ քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետի, ապօրինի են:

Վանաձորը տնակներից ազատելու նպատակով անցած տարի կառավարության ընդունած որոշմամբ, դրանցում բնակվող ընտանիքներին ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն՝ ամսեկան 10 հազար դրամ՝ բնակարան վարձակալելու համար: Այս աջակցությունը ցույց է տրվում երկու տարի: Տնակային ավանների բնակիչները, սակայն, այս որոշումը ընդունել են սվիններով, քանի որ երաշխիք չկա, որ այդ գումարը նրանք կստանան ամբողջ երկու տարվա ընթացքում:

«Վարձով ուղարկում են, երկու ամսվա փողը տալիս են, դրանից հետո էլ փող չեն տալիս», - ասաց տնակային ավանի մի բնակիչ:

Ի տարբերություն կապիտալ շինարարության, սոցիալական հիմնախնդիրների եւ հատկապես աշխատատեղերի ստեղծման ծավալներով առանձնապես խանդավառված չեն անգամ մարզի պաշտոնյաները: Ըստ փոխմարզպետի, մարզում վերջին երկու տարիներին բացված աշխատատեղերը եղել են հիմնականում կապիտալ շինարարության ոլորտում:

«Եթե Սպիտակ քաղաքում կապիտալ շինարարությունը դադարի 2004-ին, ապա կունենանք 25 հազարանոց գործազուրկների քաղաք՝ նորակառույց բնակարաններում», - ասաց Արամ Քոչարյանը:


Անուշ Դաշտենց, Վանաձոր եւ Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG