Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը բախվում են ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստում


Պորտուգալական Պորտո քաղաքում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի հերթական հանդիպման ժամանակ կրկին դիվանագիտական բախում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ:

Հանդիպմանը մասնակցող հայաստանյան պաշտոնատարների խոսքերով, Ադրբեջանի ներկայացուցիչների պատճառով հետաձգվել է վերջնական փաստաթղթի ընդունումը, քանի որ նրանք պահանջել են, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում այդ տարածքի մասին խոսվի որպես Ադրբեջանին մաս կազմող տարածքի: Փաստաթղթի վերջնական տեքստի քննարկումները ուշ երեկոյան դեռ չէին ավարտվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ադրբեջանական կողմի այդ պահանջը չի արժանացել ԵԱՀԿ անդամ երկրների մեծամասնության ներկայացուցիչների պաշտպանությանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նման պահվածքով Ադրբեջանի չի խախտում պայմանավորվածությունը այն առումով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչները նոյեմբերին Վիեննայում փաստորեն քննարկել էին Պորտոյում ընդունվելիք փաստաթղթի ձեւակերպումները, Հայաստանի արտգործնախարարը ասաց. - «Ես այդպես չէի ձեւակերպի, որովհետեւ տարբեր փաստաթղթերի մասին է խոսքը: Կոնկրետ այն փաստաթուղթը, որը Ղարաբաղին է վերաբերում, այն պայմանավորվածությունները, որ նախկինում ձեռք էր բերվել... վերջնական չէին»:

Նախարարական խորհրդի նիստում ունեցած իր ելույթում Հայաստանի արտաքին գործերի նախարարը խստորեն քննադատել է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ ասելով, մասնավորապես, որ հաեւանների հետ անցյալը հաղթահարելու եւ փոխադարձաբար շահավետ համագործակցություն սկսելու Հայաստանի ջանքերը դեռեւս չեն փոխադարձվել:

«Արդյունքում Հայաստանի անվտանգությունն ու զարգացումն են վտանգվել: Այսօր, երբ մեր հարեւանը ռազմատենչ, պատերազմական հայտարարություններ է անում, հրաժարվում է ջանասիրաբար բանակցված պայմանավորվածություններից եւ շարունակում է տնտեսական շանտաժ իրականացնել մեր հանդեպ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու հանդգնությունն ունենալու համար, Հայաստանը շարունակում է հաստատակամորեն պաշտպանել այն բոլոր իրավունքները եւ արժեքները, որոնք այս կազմակերպության գոյության հիմքում են դրված», - իր ելույթում ասել է Վարդան Օսկանյանը:

«Այս նոր աշխարհում, Ղարաբաղը, որ չի պատկանել Ադրբեջանին ոչ-խորհրդային տարիներին եւ չի վերահսկվում Ադրբեջանի կողմից այսօր, չի կարող Ադրբեջանի մասը լինի վաղը», - այնուհետեւ իր ելույթում ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ փաստարկելով. - «Այսօրվա աշխարհում նոր երկրներ են ստեղծվում Ասիայում, նոր սահմաններ են գծվում ու վերագծվում Եվրոպայում, եւ բաժանված երկրներն են միավորվում տարբեր ձեւերով»:

Իր ելույթի վերջում Վարդան Օսկանյանը ասել է. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ ճկունություն ու իմաստնություն են դրսեւորել այս գործընթացն առաջ մղելով: Նրանք ոչ մի օգնություն չեն ստացել մի Ադրբեջանից, որը զրպարտչորեն եւ երախտամոռ կերպով վատաբանում է յուրաքանչյուր նախաձեռնություն կամ լուծում՝ առաջարկված որեւէ միջազգային մարմնի կողմից, որը չի համապատասխանում իրենց մաքսիմալիստական ճարտասանությանը»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG