Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այս դեկտեմբերի 7-ին թերթերն աննախադեպ քիչ տեղ են հատկացրել աղետին ու վերականգնմանը, մի քանիսն ընդհանրապես չեն անդրադարձել, իսկ եղածներում էլ գրեթե բացակայում է նախկինում ավանդական դարձած հուզականն ու կոչականը: «Ոչ միայն թվերի, այլեւ հոգեբանական փոփոխությունն է արձանագրում, որ 88-ի երկրաշարժի գոտին զարգացման ճանապարհին է: Աղետյալի կարգավիճակին սովոր դարձած մարդն այսօր թեեւ դժվարությամբ, բայցեւայնպես ձերբազատվում դրա ներքին ու արտաքին բեռից», - շեշտադրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ նաեւ ձեւակերպելով. - «Ժպիտը իր հաստատակամ տեղն է վերազբաղեցնում մարդկանց հոգիներում՝ կարողանալով դուրս մղել հոռետեսությունը, անվստահությունը, եւ հետերկրաշարժյան փուլում գիտակցական կյանք ձեւավորող սերնդին հավաստիացնել, որ գեղեցիկը կյանքն է, մանավանդ՝ երբ ամեն ինչ արվում է կյանքը գեղեցիկ դարձնելու համար»:

«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ, մինչեւ վերջին տարիները կարծես մի տեսակ համակերպվել էինք այն մտքի հետ, որ «Աղետի գոտի» երեւույթը մեզանում լինելու է միշտ. - «Մի պահ թվաց, թե 1994-ին հաստատված զինադադարից հետո, Հայաստանի իշխանությունները փոքր-ինչ ուշադրություն կդարձնեն աղետի գոտուն՝ այնտեղ ուղղելով պատերազմից հետո անխուսափելիորեն նվազող պետական ծախսերի գոնե մի փոքր մասը: Բայց դա տեղի չունեցավ այն պատճառով, որ օրվա պաշտոնական գաղափարախոսությունն ու գաղափարախոսները միանգամայն բնական ու տրամաբանական էին համարում Հայաստանի բնակչության հետագա կրճատման եւ այն ի վերջո 1-1,5 միլիոնի հասցնելու հեռանկարը»: «Աղետի գոտու վերականգնման խնդրի լուծումը պահանջում էր ոչ միայն իշխանափոխություն, այլեւ նոր իշխանության նպատակների մեջ հստակեցվող գաղափարախոսության փոփոխություն», - հակադրում է մեկնաբանը եւ ընդգծում. - «Արմատական բեկումը, որ սկսվեց 1998-ից եւ լայն թափ հավաքեց վերջին երկու տարիների ընթացքում, նախ եւ առաջ պետության գոյության իմաստի ու դրա զարգացման հեռանկարների նոր ընկալման հետեւանքն էր»: Ու սա, մեկնաբանի անփոփմամբ, քաղաքական փաստարկ է, որ «ներկայումս՝ գալիք նախագահական ընտրությունների նախօրեին ձեռք է բերում առանձնահատուկ իմաստ ու հնչեղություն՝ դառնալով 1998-ից հետո մեր պետության որդեգրած ազգային նպատակները պահպանելու կամ դրանցից հրաժարվելու հստակ երկընտրանք»:

«Հայկական ժամանակ» թերթի հայացքով, նախագահացուների 15 տողանոց ցանկն այնքան խայտաբղետ է եւ տպավորիչ, որ բավական հետաքրքիր ընտրապայքար է խոստանում: Սակայն, սա միայն շոուների սիրահարների համար: «Իսկ թե դա ինչ կտա իրականում Հայաստանի Հանրապետությանը՝ դժվար է ասել... Այնպես որ՝ ձեզ բարի երթ, մեզ էլ՝ ուրախ ժամանց», - թերահավատ մաղթում է «Հայկական ժամանակ»-ը:

«Քաղաքական դաշտի փոխակերպումները օր օրի նոր տրանսֆորմացիաների են ենթարկվում», - ներկայացնում է այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Պառակտումներ ու միաբանումներ են լինում, նախագահական ընտրությունների նախընտրական շտաբների, մարզային եւ տեղական կառույցների ղեկավար-կոորդինատորների պայքար... Դեռ ամիսներ առաջ «Ազգային միաբանություն» կուսակցությունը իր նախընտրական տեղական կառույցներն էր փակում՝ ֆինանսներ չունենալու պատճառով, իսկ ահա այսօր դրանք վերաբացվում են, շատանում»: Խորանալով այս ուղղությամբ, մեկնաբանը գրում է. - «Ըստ Կոմկուսին մոտ կանգնած որոշ աղբյուրների, վերջերս «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը ֆինանսավորվել է ՀՀ պաշտպանության նախարար, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի կողմից... Կոմկուսը այժմ կանգնած է մասնատման եզրին: Եվ պատճառը, ասվում է, այն է, որ ստացած վերոնշյալ գումարից հարյուր հազար դոլարի կարգի գումար է տրվել Կոմկուսի ղեկավարությանը՝ նախագահական ընտրություններին Արտաշես Գեղամյանի թեկնածությունը պաշտպանելու համար»: «Իշխանությունները Գեղամյանին պատրաստում են իբրեւ նախագահի ալտերնատիվ թեկնածու», - խտացված է «Առավոտ»-ում:

«Առավոտ»-ը փոխանցում է եւ նախկիններից Արա Սահակյանի պատմական փորձի վրա հիմնված դիտարկում-նախանշումները: «Ընտրություններում սովորաբար հաղթում է քաղաքական ռեսուրս ունեցողը, եթե այդպիսին չկա, մրցակցում են փողը, ուժը: Փետրվարի 20-ին իրադրությունն արմատապես փոխվելու է ե'ւ ժողովրդավարական ազատությունների, ե'ւ մարդու իրավունքների, ե'ւ «Հոկտեմբերի 27»-ի նկատմամբ վերաբերմունքի առումով: Այն սառը ցնցուղը, որը շատերը կստանան ընտրությունների արդեն հաջորդ օրվա առավոտյան, ցավոք, կարող է լվանալ ու տանել նաեւ «27»-ի հետքերը», - ասում է Արա Սահակյանը:

«Գոլոս Արմենիի» թերթի այսօրվա վերլուծականի առանցքում այն դրույթն է, թե «ընդդիմությունն ի վիճակի է միայն կեղտոտել Ռոբերտ Քոչարյանի անվերապահ հաղթանակն ու հետո միախումբ աղմուկ բարձրացնել, թե արդյունքները կեղծված են ու նախագահն անօրինական»: Միաժամանակ, այստեղ տեղ է գտել եւ հետեւյալ միտքը. - «Քոչարյանի առավել անսասան կողմնակիցների շերտը նրանք են, ովքեր դեռ 1991 թվականին Տեր-Պետրոսյանին իրենց ձայնը չեն տվել»:

«Շատ կցանկանայի Տեր-Պետրոսյանի անունն էլ տեսնել թեկնածուների ցուցակում», - «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է գրող-պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: - «Ըստ իս, շատ կարեւոր մի հատկանիշ առաջին նախագահին պակասում էր: Դա սեփական կուսակցության առաջ պատասխանատվությունն է: Ինքը երբեք չեղավ համազգային նախագահ, նա ՀՀՇ-ի նախագահն էր, եւ եթե ուզում էր ակտիվացնել, աշխուժացնել իր կուսակցությունը, ուզում էր նրան շանս տալ՝ ակտիվ քաղաքական ասպարեզ վերադառնալու, թող զոհաբերեր իր չհաղթելու հաշվարկները, թող գար ասպարեզ: Չմասնակցելով, իր թիմը, իր կուսակցությանը վերջնականապես հեռացրեց քաղաքական ասպարեզից», - համոզված է Ալվարդ Պետրոսյանը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, հարցազրույցում նա ընդգծել է. - «Կուզենայի, որ իմ պետության հաջորդ հինգ տարիների նախագահը, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի լինի, կարողանա մխրճվել այս երկրի հոգեւոր միջուկի մեջ... կարողանա առնչվել Հայաստան երկրի հոգուն... Երկրի նախագահը պիտի լավ ճանաչի իր ժողովրդի հոգեւոր էությունը, նրա առանձնահատկությունները: Եվ դա չպիտի լինի այս կամ այն մարզ կատարած այցելությունների շրջանակում: Ակնկալում եմ, որ առաջիկա տարիները Ռոբերտ Քոչարյանն ավելի խաղաղ պայմաններում կղեկավարի եւ կկարողանա մտերմանալ իր ժողովրդի հետ», - եզրափակել է Ալվարդ Պետրոսյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG