Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական է տրամադրված


Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին շեշտեց իր վճռականությունը՝ մասնակցելու նախագահական ընտրարշավին:

Հայաստանի առաջին արտգործնախարարը, ներկայումս Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարը այսօր հայտարարեց. - «Հիմանալի հասկանալով այս քայլի ողջ պատասխանատվությունը, ես մտել եմ Հայաստանի ժողովրդին, մեր ազգին ժամանակակից, նոր այլընտրանք մատուցելու համար: Այլընտրանք ոչ միայն պետական կազմակերպվածության տեսակետից, պետական համակարգի մոտեցումների դիտանկյունից, այլ նաեւ այլընտրանք՝ նոր բովանդակության, հայի ու հայաստանցու նոր կերպարի նկարագրի առումով»:

Հովհաննիսյանի թեկնածության առաջադրման օրվանից տարբեր շրջանակներում չեն դադարում նրա գրանցման-չգրանցման շուրջ քննարկումները:

Մշտական բնակության առումով Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ խնդիր չունի: Հայաստանի վիզաների եւ անձնագրային վարչությունում կան համապատասխան հիմքերը, որ նա իսկապես 1991 թվականից մշտապես բնակվում է Հայաստանում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, սակայն, Հովհաննիսյանին տրվել է միայն 2001 թվականի օգոստոսին:

Այսօրվա ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հիշեցրեց, որ 1991-ից ի վեր 8 անգամ դիմել է Հայաստանի իշխանություններին՝ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, բայց գործընթացը, ըստ նրա, ապօրինաբար ձգձգվել է մինչեւ 2001թվականը:

Ըստ ձեւավորված տպավորության, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ գրանցվելու է իբրեւ թեկնածու: Եթե անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցի իր թեկնածությունը, ապա նա վստահ է, որ անկախ դատարանը պետք է որոշի, որ Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացի է՝ իր առաջին իսկ դիմումի օրվանից:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, դատարանը նման վճիռներ պետք է կայացնի ոչ միայն իր, այլեւ այսօր արդեն հայտնի այլ թեկնածուների առնչությամբ: Կարելի է ենթադրել, որ Հովհաննիսյանը նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին եւ Արամ Կարապետյանին:

Արդեն ենթադրություններ ու տարաբնույթ մեկնաբանություններ են շրջանառում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրապայքարի է դուրս գալիս այլ նպատակներով: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանը դրանով չի ուզում օրինականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը 1998-ին եւ գրանցումը 2003-ին, բացասական պատասխան հնչեց: Ավելին՝ նա վստահ է, որ արդար, ազատ եւ թափանցիկ ընտրությունների ապահովման դեպքում, ինքը «վճռական հաղթանակ կտանի Քոչարյանի նկատմամբ»:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ չգրանցվելու դեպքում ինքը իր ընտրազանգվածը կողմնորոշի մեկ այլ՝ իր համար նախընտրելի թեկնածուի օգտին, Հովհաննիսյանը, առանց կոնկրետ անուն նշելու, ասաց. - «Մինչեւ հունվար ամիսը տեղի կունենա նաեւ քաղաքական կոնսոլիդացիա, քաղաքական ուժերի առավել հստակ համահավաք գործունեություն»:

Հովհաննիսյանը այսօր հաստատեց, որ պարբերաբար հանդիպում է եւ գաղափարական ընդհանրություններ ունի «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանի եւ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ՝ ավելացնելով, որ այդ հադիպումները շարունակվում են:

Խոսելով քաղաքական դաշտում իր հետագա գործունեության մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Ինձ համար թիրախը կամ անմիջական նպատակը միայն փետրվարի 19-ը չէ... Իմ գործունեությունը հետփետրվարյան ժամանակահատվածում լինելու է, քաղաքական ասպարեզում իշխանության բոլոր ճյուղերի հետ աշխատելով եւ փորձելով՝ առաջարկել իմ պատկերացրած... մանրակերտը Հայաստանի Հանրապետության համար»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG