Մատչելիության հղումներ

logo-print

Ուժի մեջ մտած Ջրային օրենսգիրքը միտված է լուծելու այդ ցավոտ հարցը


Ջրային օրեսգիրքը, որի հետ մեծ հույսեր էին կապվում ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման առումով, գործողության մեջ մտավ հոկտեմբերի 10-ից: Ստեղծվել են Օրենսգրքով նախատեսված կառույցները եւ արդեն քայլեր են կատարվում դաշտը կարգավորելու ուղղությամբ, ինչը, սակայն, ամենեւին էլ հեշտ գործ չէ:

Տարիներ շարունակ մեր բնակչությունը սովորություն չի ունեցել վճարելու ջրի դիմաց, եւ հիմա էլ դա դեռեւս լիովին ընդունված գաղափար չէ: Հատկապես գյուղում դժվար եւ անհասկանալի խնդիր է ջրի դիմաց վճարելը՝ որքան էլ բացատրական աշխատանք է տարվում, թե ջուրը ապրանք է, այն էլ բավականին թանկ, եւ պետք է այն գնել, ինչպես ցանկացած այլ ապրանք, գյուղացիները շարունակում են պնդել, որ այլեւս անիմաստ կլինի հողը մշակելը, եթե վճարեն ե'ւ ջրի, ե'ւ հողի համար:

Կառավարույթանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրտնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետ Լեւոն Գյումիշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե պետության հոգսը պետք է լինի ջրի կուտակումերի՝ ջրառի այդ հիմնական կետերի, ձեւավորումը, որտեղից ֆերմերները պետք է գնեն ջուրը:

«Ջուրը պետք է առնեն պետական կառույցից եւ տեղափոխեն, տանեն-հասցնեն մինչեւ բույսը», - ասաց Գյումիշյանը:

Ջրային կոմիտեի պատասխանատուն պնդեց, թե գյուղերում այս տարի ոռոգման ջրի պակաս չի եղել: «Ես չէի ասի, թե իրենք ջուր չունեն», - ասաց Լեւոն Գյումիշյանը: - «Օրինակ, 2002 թվականին այդպիսի դեպք, որ որեւէ տեղ ջուր չի եղել, չկա: Մենք այդպիսի փաստ չունենք»:

Կոտայքի մարզի գյուղերում, սակայն, ջրի պրոբլեմը շարունակում է առաջնային մնալ: «Ջուր չլինելու պատճառով մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը հատկապես Քաղսի գյուղում», - «Ազատություն» ռադիոկայանին օրերս ասել էր քաղսեցիներից մեկը: - «Այս տարի մեզ տվել են ընդամենը 10 օր ջուր, այն էլ՝ անձրեւային օրերին: Միտումնավոր ջուր չեն տալիս, ասում են՝ փող չես տվել»:

Այս կարգի բողոքներ կան նաեւ Գեղարքունիքի մարզի գյուղերում, ուր, գյուղացիների վկայությամբ, ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրի պակասն է խիստ զգալի:

Լեւոն Գյումիշյանը, սակայն, ասաց, որ իրենց որեւէ նման բողոք չեն ստացել: «Մե'նք բողոքներ ունենք», - ավելացրեց նա: - «Մենք չենք կարողացել ապահովել բոլոր գանձումները»:

Երեւանի շուրջօրյա ջրամատակարարումը պիտի իրականություն դառնա 2005 թվականին: Դավիթաշեն թաղամասն, օրինակ, արդեն 24 ժամ ջուր ունի, ջրաչափերի տեղադրումը հաջողությամբ թափ է առնում, եւ բնակչությունը սկսել է վճարել օգտագործված ջրի դիմաց:

Առաջիկա երկուշաբթի օրվանից ուժի մեջ է մտնում նաեւ ջրի վարձավճարների կուտակված պարտքերը մինչեւ 2000 թվականը զիջելու մասին օրենքը:

«Մինչեւ 2000 թվականը բոլոր պարտքերը զիջվում են», - ասաց Գյումիշյանը՝ ավելացնելով, որ 2000, 2001 եւ 2002 թվականների պարտքը շուրջօրյա ջուր ունեցողները կվճարեն 50 տոկոսով, իսկ գրաֆիկով ջուր ստացողները կփակեն պարտքի 30 տոկոսը: Գործընթացը կսկսվի մյուս շաբաթվանից եւ կտեւի 4 ամսի:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG