Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր


Հավանաբար առաջիկա ընտրությունների իրողությունները հաշվի առնելով, կառավարությունը ձգտում է անել ամեն ինչ, որպեսզի կարողանա հնարավորինս շուտ ստանալ Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների (ՍԱՔ) 4-րդ վարկի վերջին՝ 20 միլիոն դոլարի մասաբաժինը, ինչպես նաեւ՝ այս տարվա բյուջեով նախատեսված ՍԱՔ-5 վարկի առաջին՝ նույնպես 20 միլիոն դոլարի տրանշը։ Հասկանալի է, որ այդ 40 միլիոն դոլարի ստացումը թույլ կտա փակել նախորդ տարիներից ժառանգված պարտքերը, ինչպես նաեւ՝ կատարել այս տարվա բյուջեն։

Այս նպատակադրումով էլ կառավարությունն այսօր հաստատեց ՍԱՔ-5 վարկի առաջին տրանշի նախապայման հանդիսացող մեկ տասնյակից ավելի իրավական ակտեր, որոնք ընդհանուր առմամբ պետք է նպաստեն գործարար միջավայրի բարելավմանը։

Նիստից հետո ֆինանսների եւ էկոնոմկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը այսօր պետք է քննարկի ՍԱՔ-5-ի հատկացման խնդիրը ու, ամենայն հավանականությամբ, մինչեւ դեկտեմբերի 15-ը Հայաստան կգործուղի, այսպես կոչված, գնահատման առաքելությունը, որը վարկի հատկացման վերաբերյալ հնարավոր որոշում կկայացնի:

«Հնարավոր է, որ նույն առաքելությունը կառավարության հետ բանակցի սահմանված ուղղություններով միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ վերջնական եզրակացություն ձեւակերպելու համար», - ավելացրեց Տիգրան Խաչատրյանը: - «Կառավարությունը ստանձնած պարտավորությունները կատարեց, եւ մնացածը կախված կլինի, թե ընթացակարգերը Համաշխարհային բանկի ինչ արագությամբ հնարավորություն կտան առաջին մասնաբաժինը հատկացնել: Նախատեսվում է, որ դա կլինի գալիք տարվա սկզբում»:

Եթե ՍԱՔ-5ի առաջին տրանշի հատկացման հետ կապված որոշումը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, ապա ՍԱՔ-4 վարկի վերջին մասաբաժնի հարցը կարելի է լուծված համարել: Համաշխարհային բանկի աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրին, որ այդ վարկաբաժնի հատկացման վերաբերյալ կառավարության փաստարկները ընդունելի են բանկի կողմից, եւ հավանաբար մինչեւ դեկտեմբերի վերջ այդ 20 միլիոն դոլարը կհատկացվի:

Այդ վարկի հատկացման հիմնապայմանը բաշխիչ ցանցերի պրոֆեսիոնալ կառավարիչ ընտրելն էր։ Ընտրությունը, ինչպես հայտնի է, կանգ է առել «Դեու էնջենիրինգ» ընկերության վրա, որը ցանցերի կառավարումը կստանձնի հունվարի 1-ից: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը վստահ է, որ ՍԱՔ-4-ի վերջին տրանշը Հայաստանը կստանա մինչեւ դեկտեմբերի վերջ:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը վստահ է նաեւ, որ տնտեսական բարեփոխումների ասպարեզում Հայաստանը վաղուց առաջ է անցել իր անմիջական հարեւաններ Վրաստանից եւ Ադրբեջանից:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG