Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իշխանությունը, ինչպես երբեք, շահագրգռված է անցկացնելու ազատ ու արդար ընտրություններ», - «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում այսօր հավաստիացնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ այս առումով նաեւ նշելով. - «Եթե ժողովուրդը չհավատար ընտրությունների արդար ելքին՝ չէր քվեարկի: Պարզապես, կան մարդիկ, որ միշտ ներշնչում են, թե մեզանում արդար ընտրություն հնարավոր չէ: Մենք կաշխատենք ապացուցել հակառակը»: Բանակի մասնակցության առումով էլ նախարարը ընդգծում է. - «Քվեարկությունը գաղտնի է, եւ որեւէ մեկը մյուսին չի կարող այս կան այն ընտրությունը պարտադրել: Իսկ եթե զինվորը համարում է, որ պիտի քվեարկի այնպես, ինչպես իր նախարարն է մտածում, դա նշանակում է միայն, որ մեր բանակում գործերը հաջող են ընթանում»: Ինչ վերաբերում է նախագահին աջակցող ուժերի ճամբարում առկա տարաձայնությունների մասին խոսակցություններին, Սերժ Սարգսյանն այս հարցազրույցում ասում է. - «Ես այն կարծիքին եմ, որ այդ ճամբարում լիակատար փոխըմբռնում է տիրում: 6-8 ամիս առաջ որոշակի խնդիրներ կային, բայց դա անցած փուլ է, եւ այսօր թիմի ներսում տարաձայնություններ չկան: Ընդհակառակը՝ բոլորն էլ հասկանում են, որ հաղթանակի գրավականը երկու գործոն են՝ հավակնորդն ինքը եւ միասնական թիմը»:

«Առավոտ» թերթի արձանագրմամբ, վերջին շաբաթների ընթացքում սկսվել է օճառային գործիչների եւ «մտավորականների» շքահանդես, որն իրավամբ ղեկավարում է «Օրինաց երկիր»-ը: Գործող նախագահին փառաբանելու մրցույթում այդ կուսակցությունն առայժմ առաջինն է: Ծանրանալով հատկապես այս քաղաքական հենարանի վրա, «Առավոտ»-ը նշում է. - «Պնակալեզության առումով այս երիտասարդ կուսակցությունը ոչ միայն չի զիջում այլ «հենարանների», այլեւ աչքի է ընկնում ագրեսիվ լկտիությամբ։ Թեկուզեւ այն պատճառով, որ «նախորդ իշխանության» մղձավանջային տարիներին նույն ջանասիրությամբ փառաբանում էին ՀՀ առաջին նախագահին եւ որեւէ բառ չէր ասում այսօր իր կողմից նշվող «ծանր ժառանգության» մասին... Նման կուսակցությունը միշտ էլ հաճելի է ցանկացած իշխանության»: «Կգա մի ժամանակ, երբ նրանք նորից քրտինքի մեջ կորած կպատմեն նախորդից հասած «ծանր ժառանգության» մասին։ Այդ «նախորդը» լինելու է Ռոբերտ Քոչարյանը», - կանխորոշել է «Առավոտ»-ի խմբագրականը:

«Հայոց Աշխարհ» թերթն էլ այսօր հարկ է համարել ընթացքից առանձնացնել - ի մի բերել, թե ընդդիմադիր ուժերի նախընտրական համագումարների սցենարի առանցքում հայհոյանքներ, սպառնալիքներ ու մտքի անհեթեթություններ էին միայն, եւ ոչ երբեք՝ հիմնավոր այլընտրանքներ իշխանության ներկայիս ուղեգծին:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, գործող նախագահը այս ընտրարշավում հույսը դրել է ոչ այնքան գիտամշակութային էլիտայի մասնակցությամբ քարոզչական միջոցառումների, որքան սթափ դատողության ու ադմինիստրատիվ ռեսուրսների վրա: Վերջինս, սակայն, 20-25 տոկոսից ավելի ապահովել չի կարող: Մնացյալ տոկոսները, որ անհրաժեշտ են հաղթանակի համար, նրան պիտի բերեն քաղաքական դաշնակիցները: «Սակայն հուսալ, թե, ասենք, Դաշնակցության կամ «Օրինաց երկրի» վերին մարմնի կոչով դրանց անդամները իրենց մերձավորներով միաձայն կքվեարկեն Ռոբերտ Քոչարյանի օգտին, պարզամտություն է», - զգուշացնում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը: - «Ընդ որում, նախընտրական այս իրավիճակում գերակշռում են ոչ թե տնտեսական կամ գաղափարական նկատառումները, այլ՝ հոգեբանական, որոնք էլ հաճախ դժվար կանխատեսելի են»: Միեւնույն ժամանակ, «Գոլոս Արմենիի»-ում ընդգծված է. - «Ընդդիմությանն էլ դեռեւս չի հաջողվում իրեն անհրաժեշտ հուն մղել առկա դժգոհ տրամադրությունները, այնպես որ՝ բողոքը որպես այդպիսին վերացական է մնում ու շատ թույլ է ազդում ուժերի նախընտրական հարաբերակցության վրա»:

«Ցանկացած բանում էլ կարելի է մեղադրել օրվա իշխանություններին, սակայն այն, որ նրանք տիրապետում են իրավիճակին ու հստակ հասկանում, որ ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններով իրենց թեկնածուն 20 տոկոսից ավելի ձայն երբեք ու ոչ մի դեպքում չի հավաքի՝ պարտավոր ենք խոստովանել»: «Եվ հիմա», - այս ելակետից ուրվագծում է «Օրրան» թերթի խմբագրականը, - «նախընտրական շրջանի շեմին, փորձում են նախ հոգեբանական պատերազմով ապահովել այն անհրաժեշտ ֆոնը, որի վրա էլ հետագայում պետք է կատարվեն արդեն հետագա հաշվարկված ու նախապատրաստված «քայլերը»: Ու հենց այդ նպատակով էլ հորինվում են տարբեր միֆեր: Այսպես՝ «Ներկայիս նախագահը երբեք պարտություն չի կրել: Նա ինչ-որ բաներ է սկսել իրականացնել, եւ գործը կիսատ չի կարելի թողնել: Ներկաները նախկիններից ավելի լավն են: Նա այսօր այլընտրանք չունի: Նրան մշտապես խանգարել են աշխատել, եւ միայն հիմա են նրա իրական հնարավորությունները երեւալու», եւ այլն: «Այս միֆերի տարածմանը եւ ամրապնդմանը կամա թե ակամա օժանդակում է նաեւ ընդդիմադիր դաշտը՝ իր տարտղնվածությամբ, սեփական՝ անձնական-խմբակային հավակնությունները հաղթահարել չկարողանալու քաջության (ավելի շուտ՝ խելքի) բացակայությամբ», - ցավում է «Օրրան»-ը՝ շեշտադրելով. - «Անհրաժեշտ է միայն փոքրիկ մի քայլ՝ առժամանակ գոնե «սառեցնել» անձնական հավակնությունները, համախմբվել իսկապես մինչեւ վերջ գնացող որեւէ մեկ թեկնածուի շուրջ, եւ այս բոլոր միֆերից ընդամենը երգիծանքի արժանի հուշեր կմնան»:

«Հայկական ժամանակ» թերթում գալիք ընտրությունների համատեքստում է դիտարկվում եւ երեկ խորհրդարանում «Գույք՝ պարտքի դիմաց» գործողության վավերացումը: Թղթակցի հետազոտության համաձայն, քվեարկության համար անհրաժեշտ քվորում չունենալով, առնվազն երկու պատգամավորի ստորագրություն կեղծել են: Սրանից էլ բխեցվում է. - «Քանի որ գործ ունենք մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ պետական սեփականության ապօրինի օտարմեն հետ, ապա տվյալ դեպքում խոսքը երկրի համար ծանր հետեւանքներ առաջացրած պետական հանցագործության մասին է: Այսպիսով Ռուսաստանը Հրազդան ՊՇԷԿ-ի եւ «Մարս»-ի ոչ լեգիտիմ սեփականատերն է... Արժե՞ արդյոք զարմանալ, որ այդ նույն Ռուսաստանն այսօրվանից արդեն պաշտպանում է ոչ լեգիտիմ գործող նախագահ եւ նախագահի նույնքան ոչ լեգիտիմ թեկնածու Ռոբերտ Քոչարյանին», - շաղկապել են «Հայկական ժամանակ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG