Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ավարտեց 2003-ի բյուջեի քննարկումները


Ազգային ժողովում այսօր ավարտվեցին 2003թ. պետական բյուջեի նախագծի՝ երեկ սկսված քննարկումները: Իրենց տեսակետերը ներկայացրեցին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ խորհրդարանական խմբերն ու խմբակցությունները։

2003-ի բյուջեն ընտրական տարվա բյուջե է, եւ կառավարությունը, կարծես թե, արել է հնարավորը, որպեսզի բյուջեն հատկապես սոցիալական ոլորտի ծախսերի գծով հատկացումների շոշափելի աճ նախատեսի: Եվ իրոք, այս տարվա բյուջեի համեմատ սոցիալական բնագավառի ծախսերը 2003-ին ավելանում են մոտ 20 միլիարդ դրամով:

Բնական է, որ խորհրդարանականների հրապարակային արձագանքը բյուջեի նախագծին որոշվում է իրենց կուսակցական պատկանելությամբ, ըստ այդմ էլ, ասենք, բյուջեն իրատեսական է, սոցիալական ուղղվածության բյուջե է կամ հակառակը՝ խնդիրներ չլուծող սովորական ռոճկացուցակ։

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության անդամ Մարտուն Մաթեւոսյանի համոզմամբ, ներկայացված նախագիծն ավելի քան իրատեսական է ու կատարելի:

«Ես կարծում եմ, հերթական բյուջե է: Նաեւ նախընտրական տարին ազդեցություն ունի այս բյուջեի վրա: Բացառությամբ որոշ վերապահումների այս բյուջեն իրականանալի բյուջե է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Պետական բյուջեի նախագիծը հարկային մուտքերի մոտ 26 միլիարդ դրամի ավելացում է նախատեսում, ինչին հասնելու համար է կառավարությունը պատրաստվում է զգալիորեն խստացնել հարկային վարչարարությունը: Մաթեւոսյանը մտահոգություն ունի, որ խստացումների ողջ բեռը վերստին կընկնի փոքր ու միջին բիզնեսի ուսերին:

«Մուտքերը պիտի ավելանան հիմնականում խոշոր ստվերի հաշվին», - ասաց Մաթեւոսյանը: - «Հարկային օրենսդրության բարեփոխումները, որ ներկայացվում է կառավարության կողմից, ցավոք սրտի, չի նպաստում խոշոր ստվերի հարկմանը, այլ դա տեղի է ունենում ի հաշիվ մանր ու միջին բիզնեսի»:

Բյուջեի նախագծում մոտ 3,5 միլիարդ դրամ նախատեսված էր հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների աշխատավարձերը 2,5-3 անգամ բարձրացնելու նպատակով։ Դատելով այն բանից, որ բյուջեին կից օրենքների փաթեթում բացակայում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ օրինագիծը, կարելի է պնդել, որ կառավարությունը հաշվի է առել խորհրդարանականների եւ հասարակության բացասական արձագանքը ու առայժմ ձեռնպահ է մնացել այդ քայլից։ Դաշնակցության ներկայացուցիչը առաջարկում է այդ գումարները ուղղել սոցիալական ոլորտի կարիքներին:

Կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանի դիտարկմամբ, սակայն, բյուջեի նախագիծը ամենեւին սոցիալական խնդիրներ չի լուծում: «Գիտությունը զարգանալու տեղ չունի այս բյուջեով, դպրոցը զարգանալու տեղ չունի, կենսաթոշակները նկատելիորեն չեն բարձրանում, հետեւաբար մենք չենք կարող դրան կողմ քվեարկել», - ասաց նա:

Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն, ճիշտ հակառակ կարծիքի է՝ բյուջեի նախագիծը նրա համոզմամբ ե'ւ իրատեսական է, ե'ւ սոցիալական:

Պատգամավոր Արշակ Սադոյանը, սակայն, համարում է, որ բյուջե 2003-ը էլ ավելի է մեծացնելու աղքատությունը եւ խորացնելու սոցիալական շերտավորումը:

Բյուջեի նախագծի քննարկումից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարեց, թե կառավարությունը այդ նախագծում ներկայացրել է իր բոլոր հնարավորությունները եւ թե' ծախսերի ու թե' եկամուտների մասով փոփոխություններ անել մտադիր չէ:

Պատգամավորները այսօր քննարկումների ընթացքում պահանջում էին նվազագույն աշխատավարձը սահմանել սպառողական զամբյուղի արժեքին հավասար, այսինքն՝ 20 հազար դրամ։ Կառավարությունը դեմ է դրան, քանի որ փող չկա: Այդուհանդերձ, Վարդան Խաչատրյանը չի բացառում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը գալիք տարում 5000 դրամից մինչեւ 8000 դրամի հասցնելու հնարավորությունը։

Ազգային ժողովի այսօրվա նիստը բյուջեի մասով 72 ժամով ընդհատվեց, եւ, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն, կառավարությանը երեք օր ժամանակ տրվեց՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների առաջարկները քննարկելու եւ լրամշակված տարբերակը Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար։ Իսկ դա հնարավոր կլինի անել արդեն արտահերթ նստաշրջանում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG