Մատչելիության հղումներ

Հայաստանում «վստահության խնդիր կա իշխանությունների նկատմամբ»


«Վստահության խնդիր կա Հայաստանում», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացնելով նոր ավարտած սոցիոլոգիական հարցման արդյունքները, ասաց Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը: - «Վստահության խնդիր ե'ւ իշխանությունների նկատմամբ, ե'ւ ընտրությունների հավաստիության վերաբերյալ: Մարդիկ համոզված չեն, որ իրենց ձայնը ճիշտ կհաշվարկվի»:

Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում: Հարցմամբ ընդգրկվել է 1000 բնակիչ Հայաստանի բոլոր մարզերից: Հարցման մասնակիցները ազատորեն իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունեին՝ «Ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, եթե առաջիկա կիրակի անցկացվեին նախագահական ընտրությունները» հարցին պատասխանելիս:

«Մոտավորապես 30 տոկոսը հարցվողների նշում էին Ռոբերտ Քոչարյանին: Մոտավորապես 10 տոկոսը նշում էին Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մոտավորապես այդքան էլ՝ ավելի քիչ, նշեցին Արտաշես Գեղամյանի թեկնածությունը», - ասաց Պողոսյանը՝ ավելացնելով, որ այս զուտ նախնական հետազոտության արդյունքները եզրակացության հիմք կարող էլ լինել. - «Կարող ենք ասել, որ հայ ընտրողի համար, մեկ երրորդի համար պարզ է կամ հասկանալի է, իրենց դիրքորոշումները այնպիսին են, որ ընտրելու են ներկայիս նախագահին»:

«Ինչ վերաբերում է մնացած արդեն առաջադրված թեկնածություններին», - շարունակեց Պողոսյանը, - «ապա մեր ցուցակում գրանցվել էին նաեւ իրենք՝ Ստեփան Դեմիրճյան, Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան, Արամ Սարգսյան ու մնացածները, որոնց թիվը 5 տոկոսից չէր գերազանցում»:

Ըստ հետազոտության արդյունքների, ընտրազանգվածի մոտ 40 տոկոսը նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել, ինչը, Պողոսյանի գնահատմամբ, որպես մեկնարկային ցուցանիշ վատ չէ, քանի որ առաջիկա 2-3 ամսվա քաղաքական ակտիվությունը կհանգեցնի ընտրազանգվածի ակտիվության բարձրացման:

Յուրաքանչյուր թեկնածուի ընտրազանգվածն ունի իր առանձնահատուկ դիմագիծը: Օրինակ, գործող նախագահի օգտին են արտահայտվել սոցիալական տարբեր շերտեր. - «Ավելի շատ այստեղ կան պետական ծառայողներ, ավելի շատ երիտասարդությունն է: Ընդգրկված են մարդիկ, որոնց կրթական մակարդակը բարձր է»:

Րաֆֆի Հովհաննիսյանի ֆենոմենն այն է, Պողոսյանի խոսքերով, որ թեեւ նա վերջին տարիներին չի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, բայց հարցման մասնակիցները շարունակում են նշել նրա անունը: Եվ որ հետաքրքիր է՝ ամենատարբեր խավերի ե'ւ տարեց, ե'ւ երիտասարդ ընտրողները. - «Բոլոր դեպքերում Րաֆֆին ունի լավ ռեզերվ՝ հիմնականում դա բնակչության կրթված մասն է»:

Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի համակիրներին, ապա, հետազոտության արդյունքներով, նրանք ավելի շատ տարեց ընտրողներին են, ովքեր իրենց արտամղված են համարում ակտիվ անցուդարձից:

Անդրադառնալով առանձին կուսակցությունների վարկանիշներին, Պողոսյանը ասաց. - «Այսօր 3 պոպուլյար կամ առավել բարձր վարկանիշ ունեցող կուսակցություններ ունենք. Կոմկուսն է՝ մոտ 10 տոկոս, «Օրինաց երկիր»-ը՝ 8-9 տոկոս, եւ ՀՅԴ-ն»:

Իշխող՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վարկանիշը, Պողոսյանի խոսքերով, մոտ 4 տոկոս է: Բացատրելով ՀՀԿ-ի հաջողությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, նա ասաց, որ ՀՀԿ-ն, որպես սեփական քաղաքական իմիջ ունեցող կուսակցություն, չի կայացել:
«Վարչական ռեսուրսները [ՀՀԿ-ի] ավելի ուժեղ են, քան քաղաքական կապիտալը», - բացատրեց Գեւորգ Պողոսյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG