Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական նիստում Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Մեծամորի ԱԷԿ-ի խնդիրներին, ասաց, որ պլանային նորոգման կանգնած ԱԷԿ-ի վերագործարկումը որոշ չափով ձգձգվում է՝ միջուկային վառելիքի ուշացման պատճառով։

Հոկտեմբերի 19-ից պլանային նորոգման կանգնած ԱԷԿ-ը, գրաֆիկի համաձայն, պետք է վերագործարկվեր այսօր։ «Այս պահին էներգետիկայի նախարարությունը ռուս գործընկերների հետ մշակում է միջուկային վառելիքի դիմաց վճարումների սխեման եւ առաջիկա օրերին այս խնդիրը կլուծվի», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Անցյալ տարի էլ ֆինանսների բացակայության պատճառով պլանային նորոգման կանգնած ատոմակայանը հնարավոր եղավ վերագործարկել նախատեսվածից միայն մեկ ու կես ամիս անց, ինչի հետեւանքով ավելի թանկ վառելիքի՝ գազի ծախսման պատճառով էներգահամակարգը մոտ երեք միլիոն դոլարի կորուստներ կրեց։ Փողը ճարվեց միայն այն բանից հետո, երբ ԱՊՀ միջպետական բանկը բավականին բարձր տոկոսներով վարկ տրամադրեց ատոմակայանին, որի հաշվին էլ վերջինս գնեց վառելիքը։

Իսկ այս տարի կառավարության որոշմամբ միջուկային վառելիքի նոր խմբաքանակի դիմաց վճարները, ինչպես նաեւ նախկին գնումների գծով գոյացած պարտքերը մարվելու են արտադրված էլեկտրաէներգիայով, որը վաճառվելու է ու գոյացած 37,5 մլն դոլարը փոխանցվելու է ռուսական կողմին։

Սակայն, եթե նույնիսկ հաջողվի մի քանի օրից գնել միջուկային վառելիքը եւ տեղափոխել Հայաստան, դրա բեռնումը առնվազն 15 օր կտեւի, եւ այդ ընթացքում էներգետիկ համակարգը ստիպված կլինի ավելի քան չորս անգամ թանկ վառելիք՝ գազ օգտագործել, իսկ դա հավելյալ կորուստ է։ Բացի այդ, ատոմակայանները, սովորաբար, պլանային նորոգման եւ վառելիքով վերալիցավորման կանգնեցնում են ամռան ամիսներին, քանի որ ձմռանը միջուկային կայանների օգտակար գործողության գործակիցը ամենաբարձրն է։ Այս առումով էլ, դեկտեմբերին ատոմակայան չշահագործելը հավելյալ կորուստ է։

Նախագահ Քոչարյանն այսօրվա նիստում ասաց նաեւ, թե հնարավորինս բարձրացվում է Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը, հաշվի առնելով նաեւ վերջին շրջանում աշխարհում ահաբեկչության ակտիվացման երեւույթները:

«Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ այսօր ժամանակակից պահանջներին համապատասխան գերհզոր համակարգիչներով արդիականացվում է ատոմակայանի էլեկտրոնային կառավարման համակարգը, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում կայանի ֆիզիկական պաշտպանվածության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ», - ասաց նա։

Այդուհանդերձ, ասել, թե իր կենսագրության արդեն երրորդ տասնամյակը բոլորող ատոմակայանը բացարձակ անվտանգ է ու աշխատում է ժամանացույցի մեխանիզմի նման, չափազանցույթուն կլինի։ Ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանն այսօր տված հաշվետվության մեջ ընդգծեց, թե միայն մեկ տարվա ընթացքում Մեծամորի կայանում 16 խախտում է եղել։ Դրանցից երկուսի դեպքում կայանը վթարային անջատման է ենթարկվել։ Այդուհանդերձ, տնօրենը շեշտեց, թե ներկա դրությամբ Մեծամորի ԱԷԿ-ը իր անվտանգության մակարդակով լիովին համապատասխանում է այդ կարգի ռեակտորների անվտանգության միջազգային չափանիշներին։

Անկախ սրանից, ատոմակայանի ռեսուրսները մոտենում են սպառման եզրագծին, եւ նրա փակման հարցը օրակարգում է: Ջատագովն այստեղ Եվրամիությունն է, որը Հայաստանում էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու ֆոնդին պատրաստ է 100 միլիոն եվրո հատկացնել։

Սակայն, եթե նախկինում Եվրոպական միությունը պնդում էր Մեծամորի ԱԷԿ-ը 2004 թվականին փակելու անհրաժեշտության վրա, ապա այժմ ձեռնպահ է մնում կոնկրետ ժամկետ նշելուց, թեեւ, բոլորն էլ հասկանում են, որ այդ ժամկետը նույնպես մոտ ապագայում է։ Մինչդեռ, էլեկտրաէներգիայի նման էժան ու էկոլոգիապես մաքուր այլընտրանք գտնելը շատ բարդ է լինելու։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքում շեշտեց նաեւ, որ խորհրդի անցյալ տարվա նիստից հետո երկրի էներգետիկայում շոշափելի փոփոխություններ են կատարվել, որոնց նպատակը էներգետիկ բնագավառի հետագա ազատականացումն է, ինչը համապատասխանում է Եվրամիության համաձայնագրերին: Ձեռքբերումներից Քոչարյանը առանձնացրեց բաշխիչ ցանցերի վաճառքը մեծ բրիտանական «Միդլենդ Ռիսորսիզ Հոլդինգ» ընկերությանը:

«Մենք իրապես շատ լուրջ բարեփոխումներ ենք սկսել այս հատվածում եւ ձգտում ենք կառավարությանը դուրս բերել այդ բիզնեսի ոլորտից եւ նրան թողնել միայն կարգավորման ֆունկցիաները», - շեշտեց Քոչարյանը՝ հավելելով, թե բարձր է գնահատում նաեւ ռուսական պարտքի դիմաց Հրազդանի ՋԷԿ-ի հանձնման գործարքը:

«Ռուսական ՌԱՈ-ԵԷՍ ընկերության մուտքը Հայաստանի էներգետիկ շուկա երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի խթան կդառնա, ինչը կբարձրացնի էլեկտրացանցերի կայունությունը ողջ տարածաշրջանում», - ընդգծեց նախագահը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG