Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցությունը առաջադրում է Արամ Սարգսյանի թեկնածությունը


«Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը այսօր որոշեց 2003-ի փետրվարի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի թեկնածությունը:

«Թեկնածուներից մեկը արդեն հայտարարել է, որ իր համար այս ընտրությունները վճռական են: Ճիշտ է արել, ինքը հասկանում է՝ ինչ է անում», - իր ելույթում խոսելով գործող նախագահի մասին, ասաց Արամ Սարգսյանը: - «Պիտի հայտարարեմ միանշանակ. ինձ համար նույնպես ճակատագրական է՝ բառիս բուն իմաստով ճակատագրական է: Ես հասկանում եմ, ինչ եմ անում... Վախենալու կամ ծախվելու միտումները ինձ համար չեն»:

«Հանրապետություն» կուսակցության համագումարին ընդդիմադիր միավորման 16 ուժերից ներկա չէր «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նույնպես առաջադրված թեկնածու Արտաշես Գեղամյանը. նրա կուսակցույթան ղեկավար անդամներից ոչ ոք չկար: Կոմունիստների առաջին դեմքերը նույնպես չկային: Ներկա էր, փոխարենը, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ներկա էր նաեւ ՀՀՇ-ի նորընտիր նախագահ Արարատ Զուրաբյանը: Իշխանամետ դաշտից ներկա էին ՀՀԿ-ի անդամներ, պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը եւ Վարդան Բոստանջյանը:

«Մենք չենք շեղվել եւ չենք շեղվելու «Միասնություն» դաշինքի գաղափարներից», - իր խոսքում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Եվ մենք միասին պետք է կյանքի կոչենք «Կառուցենք եւ պաշտպանենք» կարգախոսը»:

Նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԺԴ (Ազգային ժողովրդավարների դաշինք) ղեկավար Արշակ Սադոյանը ասաց. - «Երկիր ենք կորցնում, ժողովուրդ ենք կորցնում: Պետք է կարողանանք պարզ, հստակ հասկանալ՝ չարիք է այս իշխանությունը, նրանից պետք է ազատվել»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարների, շարքային անդամների ելույթները կարելի է խտացնել մեկ բառով՝ իշխանափոխություն: Հիմնավորումները նույնպես միմյանցից քիչ էին տարբերվում՝ այս իշխանությունները անօրինական են:

Գործող նախագահը խստորեն քննադատվում էր: «Հանրապետության նախագահը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը՝ ավելացնելով, որ Քոչարյանը անգամ հակասահմանադրական քայլեր է կատարել: - «Այսինքն՝ իրականացրել է իշխանության յուրացում, որը, համաձայն Սահմանադրության երկրորդ հոդվածի, բնութագրվում է որպես հանցագործություն: Պետք է փոխվի իշխանությունը Հայաստանում, որովհետեւ Սահմանադրության վերականգնման ճանապարհին կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, եւ այս սուբյեկտիվ խոչընդոտը առաջիկա նախագահական ընտրություններում պետք է հաղթահարել»:

Շատ խոսվեց «Հոկտեմբերի 27»-ի մասին: Բավական խիստ արտահայտվեց Արամ Սարգսյանը. - «27-ի ոճրագործությունը ցմահ ծանրացած է լինելու Ռոբերտ Քոչարյանի խղճին: Նախ՝ որ չկանխեց, երկրորդ՝ որ ամեն ինչ անում է չբացահայտելու եւ ընդհանրապես մոռացության տալու համար: Երրորդի մասին էլ դուք մտածեք»:

Համագումարում բացմիցս հիշատակվեց Վազգեն Սարգսյանի անունը: «Ես պարտավոր եմ իմ ավագ եղբոր կիսատ մնացած գործն ամբողջացնել ու ավարտել», - ասաց Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը իր ելույթում ասել էր, թե ՀԺԿ-ն եւ «Հանրապետություն»-ը առաջիկա ընտրություններում չեն մրցակցելու, սակայն երկու կուսակցություններն էլ արդեն առաջադրել են իրենց թեկնածուներին: Պարզաբանելով դա, Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ բարձրաձայն ասվում է: Մենք ֆիքսել ենք պայմանները, մենք տարաձայնություններ չունենք, եւ մենք իրար դեմ չենք մրցելու»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG