Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարը այսօր որոշեց 2003-ի նախագահական ընտրություններում պաշտպանել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

ՀՀԿ-ի քաղաքական խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համագումարում ունեցած իր ելույթում 2003-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություներում Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը պայմանավորեց որ միայն ժամանակին Վազգեն Սարգսյանի կատարած ընտրությամբ, այլեւ նախագահի ու ներկայիս կառավարության հաջող համատեղ աշխատանքով:

«Վազգենը չկա, եւ ոմանք փորձում են այդ հանգամանքն օգտագործելով նրան ներկայացնել իբրեւ մոլորյալի: Սպարապետը մոլորյալ չէր, այդ պնդումն անողներն են մոլորեցնողներ», - ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Մենք մեր ծրագրային դրույթների կատարման մասին այսօր արդեն բավականին ասելիք ունենք եւ համարում ենք, որ դրանց իրագործման ճանապարհին երկրի նախագահի հետ համագործակցությունը եղել է արդյունավետ: Անցած հինգ տարվա նրա գործունեության ընթացքում մեզ համար նկատելի են այն դրական տեղաշարժերը, որ գրանցվել են երկրի տնտեսական, քաղաքական բարեփոխումների ճանապարհին, արտաքին քաղաքականության ասպարեզում»:

Նշելով, որ Քոչարյանը բազմիցս է վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը եւ այն սկզբունքները, որից շեղումներն անթույլատրելի է համարում, ինչպես նաեւ արձանագրելով առաջընթացը միջազգային հանրությանն ինտեգրվելու ճանապարհին, վարչապետը արժեվորեց. - «Սա նաեւ նախագահին Հանրապետական կուսակցության սատարելու, մեր ձեւավորած կառավարության ու նրան մշտապես աջակից խորհրդարանական մեծամասնության աշխատանքի արդյունքն է»:

Նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրելը Անդրանիկ Մարգարյանը, ի պատասխան լրագրողների հարցին, բացատրեց այսպես. - «Եթե մենք փորձենք մեր թեկնածուն առաջադրել կամ այլ թեկնածուի պաշտպանել, ես ուղղակի բարոյական իրավունք չպետք է ունենայի որպես վարչապետ աշխատել: Պետք է հրաժարական տայի»:

Իր ելույթում Անդրանիկ Մարգարյանը ընդծեց նաեւ, որ ՀՀԿ-ն «իշխանության մեջ ունեցած իր լծակներով եւ այլ կուսակցությունների հետ համագործակցելով պետք է անի ամեն հնարավորը՝ ընտրություններն օրենքի շրջանակներում, պատշաճ մակարդակով անցկացնելու համար»:

Իշխանական կուսակցության համագումարի նախագահությունում էին գրեթե բոլոր նախարարները՝ բացի ուժայիններից. Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Ներկա էին նաեւ գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, սոցիալական ապահովության, տարածքային կառավարման եւ առողջապահության նախարարները:

Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ-ի ղեկավար անդամ Տիգրան Թորոսյանը իր ելույթում նայելով արդեն դեպի գալիք տարվա մայիսի խորհրդարանական ընտրությունները, նշեց, թե կուսակցության խնդիրն է, որ առաջիկայում Ազգային ժողովում ունենալ որակյալ մեծամասնություն:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն ունի դրա հնարավորությունները, Անդրանիկ Մարգարյանը բառացիորեն ասաց. - «Յուրաքանչյուր կուսակցություն իր առջեւ նպատակ է դնում որոշակի խնդիրներ լուծելու, այսինքն՝ ուժ ունենալու, որպեսզի կարողանա իր ծրագրերը իրագործել: Որակյալ մեծամասնությունը շատ հարաբերական է: Մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի մեծանասնություն, որը կապահովի կառավարության անխափան աշխատանքը»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG