Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Այսօր «թեժ» աշնան վերջին օրն է: Համենայն դեպս, գոնե ըստ օրացույցի: Վաղվանից սկսվեւմ է «թեժ» ձմեռը, որ հաստատապես առանց չակերտների հենց այդպես էլ լինելու է: Քաղաքականապես», - նախանշում է «Օրրան» թերթը, տեղին համարելով նախագահի թեկնածուներին այսօր դասդասել ըստ իրենց մղումների. - «Առաջինը կենսական շահեր ունեցողների խումբն է: Եվ նրանք գնալու են մինչեւ վերջ: Յուրաքանչյուրը, իհարկե, իր ճանապարհով, իր նախընտրած ու հստակեցրած խնդիրը լուծելու համար: Այդ «խմբում» առաջնությունը պատկանում է գործող նախագահին, որի համար գրաված պաշտոնը պահպանելը իսկապես կենսական խնդիր է, այլապես նրան միանգամայն անկանխատեսելի հետեւանքներով հարուստ ու հագեցած ապագա է սպասում: Երկրորդը Վազգեն Սարգսյանի եղբայրն է՝ Արամ Սարգսյանը, որի համար առավել կենսական է գործող նախագահի պարտության խնդիրը: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, որոնք երկրորդ «խումբն» են կազմում, հավատում են արդար ընտրությունների՝ իրականում խիստ մշուշոտ հեռանկարին եւ ընտրապայքարի մեջ են մտել հաղթելու համար»: Ու վերջապես երրորդ «խմբում», ինչպես առանձնացվում է, նրանք են, ում համար առաջադրումը «մանր բազարների» լայն դաշտ է ստեղծում առաջին հերթին օրվա իշխանությունների, ապա եւ արտերկրյա դրամատուների հետ:

«Քաղաքանության մասին գրելը անշնորհակալ գործ է: Ընտրությունների ժամանակ՝ երիցս անշնորհակալ: Մի կողմից՝ ցանկացած իրեն հարգող լրագրող չպիտի սիրի իշխանությունը՝ սիրելու բան չէ: Մյուս կողմից», - մտասուզվել է «Առավոտ» թերթը՝ - «հնարավոր չէ չտեսնել, որ այդ իշխանությունն այժմ լուրջ մրցակից չունի՝ ի դեմս ներկայիս ընդդիմության»: Հասարակությանը իրազեկելու իր գործառույթի պարտադրանքից ելնելով, «Առավոտ»-ը նշում է. - «Իրավիճակն այնպիսին է, որ մենք զրկված ենք ընտրությունից... Միակ բանը, որը հասարակությունն առայժմ չի գիտակցել, այն է, որ ներկա անհույս քաղաքական իրավիճակը, եւ մասնավորապես՝ այլընտրանքի բացակայությունը հենց ժողովրդի մեղքն է, ոչ թե իշխանության... Միակ ուժը, որը կարող է զսպել նրանց ինքնասիրահարված ամբիցիաները, մենք ենք՝ ժողովուրդը, ընտրողներս, քաղաքացիներս: Մենք նրանց գործատուն ենք: Իսկ դա նշանակում է, որ անիմաստ է սպասել ինչ-որ առաքյալների, որ կլինեն մնացածից ավելի ազնիվ եւ խելացի: Այդ մենք ենք, որ պիտի ստիպենք նրանց այդպիսիք լինել»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը այսօր մի քանի դիտարկում է ներկայացնում, որոնց առանցքում հետեւյալն է. - «Գեղամյանի կարիքը իշխանությունը շատ ունի, քանի որ փետրվարի 19-ին եթե Քոչարյանի հիմնական մրցակիցը մեծ հեղինակություն ունեցող մեկ ուրիշը լինի, ապա նա առաջին փուլում չի կարող հաղթել, իսկ երկրորդ փուլում ջախջախիչ պարտություն կկրի»: «16»-ի միավորման ներսում մեկ այլ դաշինք ստեղծելու Գեղամյանի քայլը Ստեփան Դեմիրճյանին եւ Արամ Սարգսյանին դրեց ընտրությունների ճանապարհաեզրին: Այս ընթացքի մեջ «ինչի՞ վրա են հույս դրել Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը, որոնք իսկապես ուզում են փոխել Քոչարյանի վարչախումբը», - հարց է կախում մեկնաբանը՝ առայժմ շատ մշուշոտ ակնարկելով. - «Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը պարտավոր են սթափ գնահատել իրենց կարողությունները եւ դրանց համարժեք քաղաքական որոշում կայացնել»:

«Հայկական ժամանակ»-ի լրատվությամբ, արդեն իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը չգրանցելու քաղաքական որոշում է կայացվել: «Հարց կառաջանա. ինչպե՞ս է հնարավոր վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող Քոչարյանին գրանցել որպես նախագահի թեկնածու, իսկ վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ոչ», - անմիջապես մատնանշում է «Հայկական ժամանակ»-ը, եզրափակելով. - «Պատասխանը շատ պարզ է. ՕՎԻՐ-ը Քոչարյանին կտա տեղեկանք առ այն, որ նա վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին նման տեղեկանք չի տա»:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այս շաբաթ հայտարարեց, թե հայաստանյան օրենսդրության շրջանակներում ոչինչ չի խանգարում իրեն ստանձնել նախագահի նախընտրական շտաբի ղեկավարությունը: Կրկին անդրադառնալով սրան, «Առավոտ»-ի մեկնաբանն ընդգծում է. - «Ստանձնելով Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարումը, պաշտպանության նախարարը, ըստ էության, ընդունենք՝ նույնիսկ ակամա, հրահանգ է իջեցնում բանակին, զինծառայողներին՝ աշխատել, քվեարկել իր «շեֆի» համար: Ի վերջո, այնպես չէ, որ պաշտպանության նախարարը, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, «ոչ ձուկ է, ոչ միս»: Նա Զինված ուժերի ներկայացուցիչ է, ուժային կառույցի ղեկավար, իսկ այդ դեպքում՝ անկախ ուսադիր ունենալ-չունենալու հանգամանքից, Սարգսյանը պարտավոր է ամենաքիչը գոնե ձեւական իմաստով լոյալ դիրք գրավել, ինչպես 98-ին փորձել էր անել նախկին նախարար Վազգեն Սարգսյանը, երբ դե ֆակտո ղեկավարելով Քոչարյանի նախընտրական շտաբը, դե յուրե դա թողել էր Վլադիմիր Մովսիսյանի վրա... Իրոք, այս իմաստով Օրենսդրությունն անկատար է: Բայց բացի գրված օրենքներից յուրաքանչյուր հասարակության ներսում գործում են նաեւ չգրված օրենքներ, որոնք արդեն բարոյականության ոլորտից են: Սերժ Սարգսյանն ամենաշատը հենց այդ տեսանկյունից իրավունք չունի ղեկավարել գործող նախագահի նախընտրական քարոզչությունը՝ նկատի ունենալով մեր իրականությունը. այն իրականությունը, որտեղ որեւէ ընտրության ժամանակ բանակը, ոստիկանությունն ու ազգային անվտանգության մարմինները ավելի քան որոշակի ներդրում եւ դերակատարություն են ունենում»:

«Դատելով ՀՀՇ 13-րդ համագումարի ընդունած որոշումներից, իսկ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունից, անհրաժեշտություն է զգացվում վերանայել մեզանում արմատավորված այն պատկերացումը, թե գաղափարների ու ծրագրերի իրական մրցակցություն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ՀՀՇ-ին իր առաջնորդով մասնակցի նախընտրական պայքարին», - շեշտված է այսօր «Հայոց Աշխարհ» թերթում: - «Ի՞նչ այլընտրանքային գաղափարների ու ծրագրերի պայքարի մասին է խոսքը, եթե մի ողջ կուսակցություն նախագահական ընտրությունների հանդեպ իր քաղաքական դիրքորոշումները հստակեցնելու, նախագահի որեւէ թեկնածու առաջադրելու փոխարեն զվաղված է սեփական առաջնորդի լռությունը հաղթահարելով»: «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը որակել է. - «ՀՀՇ-ի առաջնորդի «մնջախաղի թատրոնը» վերածվում է ոչ թե հայրենիքին ու ժողովրդին ճշմարիտ ճանապարհ ցույց տալու, այլ անօգուտ նրանց ձախողմանը սպասելու՝ անիմաստ ու դատապարտված մարտավարության»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG