Մատչելիության հղումներ

logo-print

Վազգեն Մանուկյան. «Ճիշտ չի լինի, եթե հասարակությունը հույսը կապի միայն միասնական թեկնածուի հետ»


Ընդդիմադիր միավորման կողմից առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հարցը շարունակում է անորոշ մնալ: Ավելին, այսօր նախագահի թեկնածու առաջադրված ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանը չի տեսնում այն միասնական թեկնածուին, հօգուտ ում ինքը կարող էր հրաժարվել:

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւս երեք կուսակցություններ առաջադրեցին հանրապետության նախագահի իրենց թեկնածուներին՝ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ)՝ Վազգեն Մանուկյան, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ Արամ Սարգսյան, «Հայրենիք եւ պատիվ»՝ Գառնիկ Մարգարյան:

Այսօրվա դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրվել է նախագահի 10 թեկնածու, որոնցից 5-ը ընդդիմադիր «16»-ի միավորումից են: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար անդամ Խորեն Սարգսյանը, իրենք էլ անպայման առաջադրելու են ՀԿԿ առաջնորդ Վլադիմիր Դարբինյանի թեկնածությունը:

Վազգեն Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ընդդիմադիր միավորման մասին, ասաց. - «16-ը միասնական քաղաքական ուժ չէ: Դա ավելի շատ կոնսուլտատիվ մարմին է՝ մեխանիկական սկզբունքով ձեւավորված: Այն մեծ սպասումները, որ նա միասնական թեկնածուով կգնա՝ իսկզբանե էլ դրա հավանականությունը չնչին էր, եւ ինչքան գնում է դրա հավանականությունը չնչին է դառնում, եւ ճիշտ չի լինի, եթե հասարակությունը իր հիմնական հույսը կապի միայն դրա հետ»:

Մանուկյանը, այդուհանդերձ, վստահություն հայտնեց, որ մոտակա ժամանակներում թիմեր կձեւավորվեն «16»-ի շրջանակներում, եւ ընտրություններին արդեն հստակեցված դաշտով կմասնակցեն:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստ է արդյո՞ք հանել իր թեկնածությունը հանուն միասնական թեկնածուի, ԱԺՄ նախագահն ասաց, որ հեշտությամբ կկատարեր այդ քայլը, եթե գտնվեր այնպիսի թեկնածու, հանուն ում կարելի էր հրաժարվել, իսկ նման թեկնածու Մանուկյանը չի տեսնում:

ԱԺՄ նախագահը այսօր արդեն համոզված է, որ առաջիկա ընտրությունները մաքուր եւ արդար ընտրություններ չեն լինելու: Եթե հանկարծ գտնվի այնպիսի թեկնածու, որն իր ծրագրերով ժողովրդին ոգեւորի այնպես, ինչպես 90-ականների սկզբներին, ապա միայն այդ դեպքում ժողովուրդը թույլ չի տա, որպեսզի «կեղծիքներ կատարողներն օգտվեն արդյունքներից»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG