Մատչելիության հղումներ

ՀՀՇ համագումարն էլ պարզություն չմտցրեց Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցում


Այսօր տեղի ունեցած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) հերթական համագումարը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կրկին անորոշության մեջ թողեց վերջինիս՝ առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվել-չառաջադրվելու հարցը:

ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը, նշելով, որ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը օրակարգում ներառված չէ, կոչ արեց, այդուհանդերձ, քննարկումներ ծավալել այդ հարցի շուրջ: Արզումանյանը ավելացրեց, թե նախագահի թեկնածու առաջադրելու համար ամենեւին պարտադիր չէ համագումարի որոշումը, եւ ՀՀՇ վարչությունը կարող է դա անել ինքնուրույն:

Հինգ ժամ տեւած համագումարի ընթացքում Տեր-Պետրոսյանը լռություն պահպանեց: Ապարդյուն անցան նաեւ լրագրողների բոլոր փորձերը:

«Դուք պարտավոր եք [առաջադրել թեկնածությունը], մենք պահանջում ենք, ժողովուրդը պահանջում է», - դիմելով նախկին նախագահին, ասաց հռետորներից մեկը, որը, անշուշտ միակը չէր համագումարի մասնակիցներից, ովքեր փորձում էին հորդորել-համոզել Տեր-Պետրոսյանին:

Համագումարը դեռ նոր վարչությունն էր ընտրում, երբ Տեր-Պետրոսյանը հեռացավ: Նոր վարչության կազմում առաջարկվել է նաեւ Վանո Սիրադեղյանի թեկնածությունը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG