Մատչելիության հղումներ

Դեռեւս անորոշ է մնում ընդդիմության միասնական թեկնածուի հարցը


Ընդդիմադիր 16֊ի խորհրդի՝ այսօր նախատեսված նիստը հետաձգվեց, մինչդեռ խորհուրդն այսօր անդրադառնալու էր նաեւ միասնական թեկնածու որոշելու մարտավարությանը:

Այսօրվա չկայացած նիստը նախատեսված էր անցկացնել ընդիմադիր միավորման մեջ մտնող ուժերի ղեկավարների մակարդակով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց միավորման լրատվական հարցերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը, նիստը հետաձգվել է, քանի որ նրանց մի մասը բացակայում է քաղաքից:

Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց հարցադրմանը, թե նիստը հետաձգելու պատճառ կարող է լինել, ասենք, միավորման մեջ մտնող «Հանրապետություն» կուսակցության հապաղումը՝ տեսնել, թե ՀՀՇ֊-ն այսօր համագումարում ում թեկնածությունն է առաջադրում, հետո քննարկել միասնական թեկնածուի հետ կապված հարցեր:

Ընդդիմադիր միավորման ուժերից ԱԺԿ֊-ն միակն է, որ ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրելու, քանի որ, ինչպես մեկ անգամ էլ նշեց Քոչարյանը, իրենք անձի պաշտպանելու խնդիր չեն դնում, այլ՝ համակարգային փոփոխությունների: Այս մասին դեռ մեկ տարի առաջ հայտարարած կուսակցության համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-֊ին, երբ արդեն թեկնածուների առաջադրման փուլն անցած է լինելու:

«16»-ից մնացել են «Հանրապետություն» եւ Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցությունների համագումարները: Առաջինը, ամենայն հավանակնությամբ, դեկտեմբերի 3֊-ին թեկնածու կառաջադրի, իսկ դեկտեմբերի 5-֊ին ԱԺԴ-֊ն առաջադրելու է իր կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանի թեկնածությունը:

Արդեն պարզորոշ ուրվագծվել է միասնական թեկնածուի հավակնորդների ցանկը՝ Ստեփան Դեմիրճյան, Վազգեն Մանուկյան, Արշակ Սադոյան, Արտաշես Գեղամյան, Վլադիմիր Դարբինյան, Գառնիկ Մարգարյան, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան: Պայմանականորեն կարելի է ավելացնել «Սահմանադրական իրավունք» միության առաջադրած Արամ Կարապետյանին եւ «Հանրապետություն» կուսակցության համագումարի առաջադրելիք թեկնածուին:

Ցավով նշելով, որ միասնական թեկնածուի առաջադրման հարցում ընդդիմադիր միավորմանը այլեւս ժամանակ չի մնում, Շավարշ Քոչարյանը ասաց, որ իր գնահատականը հոռետեսական է: «Եթե այս նույն իրավիճակով է առաջ գնալու ընդդիմությունը, ապա ամենաանցողիկը, ինչքան էլ ցավալի է, Ռոբերտ Քոչարյանն է», - ասաց ԱԺԴ նախագահը՝ շարունակելով. - «Այդ տեսակետից, այս պարագայում պետք է վերջին հնարավորությունները օգտագործել, որ լինի լուրջ այլընտրանք: Այդ լուրջ այլընտրանքը ենթադրում է ոչ թե այն, ինչ հիմա կատարվում է «16»-ում, այն ենթադրում է շատ ավելի նպատակային, շատ ավելի արդյունավետ եւ շատ ավելի սերտ համագործակցություն»:

Նախագահի թեկնածու գրանցելու համար այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ է ներկայացրել «Միավորված հայեր» կուսակցությունը՝ առաջադրելով Երեւանի «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանի թեկնածությունը:

Նախագահ Քոչարյանի մամուլի գրասենյակը հաղորդում է, որ
Քոչարյանը այսօր հանդիպել է «Հաղթանակ» հասարակական կազմակերպության նախագահության անդամների հետ: Բացի մարզական խնդիրներից, անդրադարձ է եղել նաեւ երկրի ներքաղաքական, սոցիալ֊-տնտեսական իրավիճակին: Իսկ թե առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված ինչ հարցեր են շոշափվել երկրի նախագահի եւ նրան ընտրություններում աջակցելու որոշում կայացրած կազմակերպության ղեկավար անդամների հանդիպմանը, նախագահի մամուլի գրասենյակը չի անդրադարձել:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG