Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրում է իր թեկնածությունը


«Ես վճռել եմ մասնակցել 2003 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին՝ այսօր առաջադրելով թեկնածությունս քաղաքացիական նախաձեռնությամբ», - չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր, անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Որոշմանս առաջին կռվանը քաղաքական մրցասպարեզում իմ գործնական ներկայությունն է», - հիմնավորելով նախագահական ընտրություններին իր մասնակցության անհրաժեշտությունը, ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ որոշում կայացնելու համար առաջնային պայմանը սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակն է, ինչն իրեն պարտավորեցնում է մասնակցել դրա վերափոխմանը:

«Հայաստանի նախագահի թեկնածության իմ բաժին ճանապարհը մտադիր եմ անցնել Սահմանադրության նախանշած հունով՝ ապավինելով իրավունքի արդար իշխանությանը եւ հայ ժողովրդի ազատ զորակցությանը», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը պահանջում են. «Հայաստանի Հանրապետության նախագահ կարող է առաջադրվել վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

Մշտական բնակության առումով Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ խնդիր չունի: Մեր տեղեկություններով հանրապետության վիզաների եւ անձնագրային վարչությունում կան համապատասխան հիմքերը, որ նա 1991 թվականից մշտապես բնակվում է Հայաստանում: Իսկ ահա քաղաքացիություն Րաֆֆի Հովհաննիսյանին տրվել է միայն 2001 թվականի օգոստոսին:

Հովհաննիսյանը բազմիցս նշել է, որ մինչ այդ իր դիմումները մերժել են թե նախկին, թե ներկա նախագահները: Պետության համապատասխան ատյանների ներկայացուցիչներն էլ գրեթե նույնքան անգամ մեկնաբանել են, թե քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրաժարվել ԱՄՆ-ի քաղաքացիությունից նրան ՀՀ քաղաքացիություն չեն կարող շնորհել: ԱՄՆ քաղաքացիությունից Հովհաննիսյանը հրաժարվել է 2001 թվականի մարտին:

Այս, եւ թերեւս ոչ միայն այս թեկնածուի գրանցման հարցը նախընտրական փուլում նորից քննարկման առարկա է դառնալու: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին չգրանցեն, ինչն այսօր արդեն ակնարկում են պատկան ատյաններում, ասելով, թե՝ օրենքի պահանջն է, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջնորդվելու է օրենքով, ապա բարձրացվելու է գործող նախագահի Հայաստանում վերջին 10 տարում մշտապես բնակվելու եւ քաղաքացի լինելու հարցը:

Քաղաքացիական նախաձեռնությամբ թեկնածու առաջադրված Արամ Կարապետյանն էլ, իհարկե, ՀՀ քաղաքացի է, սակայն հանրությանը հայտնի է, որ նա վերջին 10 տարում մշտապես Հայաստանում չի բնակվել: Վերջերս է Մոսկվայից ժամանել: Կարեւորը, սակայն, ոչ թե հանրության իմանալն է, այլ՝ վիզաների եւ անձնագրային վարչության տրամադրած փաստաթղթերը: Այսինքն՝ քաղաքացու մշտապես բնակության հարցը ճշտվում է ըստ հաշվառման տվյալների, եւ չի բացառվում, որ Արամ Կարապետյանը հաշվառված լինի վիզաների եւ անձնագրային վարչության համակարգիչներում:

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ, արդեն երրորդ անգամ՝ Արամ Կարապետյանի նախաձեռնող խմբերը: Իսկ ԿԸՀ հերթական նիստում գրանցվեցին Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի եւ Պարույր Հայրիկյանի նախաձեռնող խմբերը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG