Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը, կարծես թե, մտադիր չէ առաջադրվել


Այսօր առավել ակնհայտ դարձավ, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը մտադրություն չունի ընդունել իրեն նախագահի թեկնածու առաջադրած նախաձեռնող խմբի առաջարկը: Նախաձեռնող խմբի պատվիրակության՝ այսօր խնդրած հանդիպումը Տեր֊-Պետրոսյանի հետ մերժվել է, կամ, ինչպես խմբի աշխատանքները համակարգող, «Մուսա Լեռ» հայրենակցական միության քարտուղար Պերճ Ղազարյանը ձեւակերպեց՝ «հանդիպումը չի կայացել»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պերճ Ղազարյանը ասաց, թե հանդիպումը հետաձգվել է «անորոշ ժամանակով»: «Ես լավատես եմ եւ հուսով եմ, որ դա [հանդիպումը] համենայն դեպս ընտրությունների առիթով կլինի», - ասաց նա: - «Դեռ ժամանակ կա, եւ, ըստ երեւույթին, վերջնական որոշումը դեռ առնված չէ: Այն գործոնները, որոնցից կախված էր նրա առաջադրվելը կամ չէ, դեռ վերջնական ձեւավորված չեն»:

Այդ գործոնների շարքում Ղազարյանը նշեց ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումները:

Մասնագիտությամբ աստղագետ, ներկայումս գործարար Պերճ Ղազարյանը ասաց, թե իրենց նախաձեռնությունն ինքնաբուխ էր, համախոհները՝ շատ: Ավելացրեց, որ այսօր չկայացած հանդիպման մասնակիցների ցուցակում ներկայացուցիչներ կային «Նոր Ուղի», Լիբերալ֊-Դեմոկրատական կուսակցություններից ու «Արմատ» կազմակերպությունից:

Նախաձեռնության հետ կապ ունեցող մոտ 30 կազմակերպությունների ներկայացուցիչները ոչ մի կերպ չկամեցան բարձրաձայնել, որ հանդիպումից հրաժարվելը նշանակում է, թե առաջադրված թեկնածուն չընդունեց նախաձեռնությունը:

Լեւոն Տեր֊-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը խոստացավ որոշակի պատասխան լինելուն պես փոխանցել: ՀՀՇ֊-ից էլ որոշակի տեղեկություն չեն փոխանցում, թե արդյո՞ք վաղը կուսակցության համագումարը կառաջադրի Լեւոն Տեր֊-Պետրոսյանի թեկնածությունը:

Նախաձեռնող խմբի քաղաքական գործիչներից միայն «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը համաձայնեց խիստ հակիրճ մեկնաբանություն տալ: «Իմ վերաբերմունքն անկախ է Լեւոն Տեր֊Պետրոսյանի վճռից: Ես արտահայտել եմ վերաբերմունքս, որ նրա առաջադրումն անհրաժեշտություն է հայաստանցիների համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բլեյանը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG