Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտը», «Օրրանը», «Հայկական ժամանակը», «Ա1+»-ը եւ ընդդիմադիր այլ լրատվամիջոցներ հրավիրված չէին Գիտությունների ազգային ակադեմիայում քաղաքացիական նախաձեռնությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման նիստին», - արձանագրում է «Առավոտ» թերթի մեկնաբանը՝ համադրելով, որ Հայաստանում իր վարչապետական գործունեության մեկնարկին Քոչարյանը պատրաստակամ էր աշխատել բոլորի հետ, պատասխանել ամենասուր եւ անհաճո հարցադրումներին: Սակայն ժամանակի ընթացքում նա էլ սկսեց նախընտրել լսել միայն բարյացակամ հարցեր: «Այս ամենն արդեն եղել է» վերնագրի տակ «Առավոտ»-ում զուգադրված է. - «Առաջին եւ երկրորդ նախագահներին առաջադրողների տարբերությունը թերեւս միայն այն էր, որ ՀՀՇ-ին փոխարինել էր ՀՅԴ-ն: Իսկ մնացածի վերաբերյալ կարելի է ասել. կարծես օրինաչափություն է, որ գործող նախագահի կողմնակիցն են լինում կառավարության անդամները, ԱԺ ղեկավարները, բուհերի ռեկտորները, թաղապետերը, հիվանդանոցների գլխավոր բժիշկները, մտավորականության առանձին ներկայացուցիչներ եւ այն գործարարները, ովքեր տվյալ պահին վայելում են իշխանության հովանավորությունը: Նման հավաքներին անպայման խիստ զգայական ելույթ է ունենում դպրոցի մի ուսուցչուհի եւ ուսանողուհի, գերադասելի է՝ պետական համալսարանից»: «Սրանք Տեր-Պետրոսյանին էլ պակաս չէին գովերգում», - հիշեցնում է «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Անգամ այդ շրջանում, երբ իշխանության ճգնաժամ էր, իսկ ժողովուրդն էլ, ըստ պնդումների, 1996-ի ընտրություններից հետո կորցրել էր վստահությունը նրա նկատմամբ, էլի հանդիպող տատիկներն օրհնում եւ համբուրում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, հռետորները գովերգում էին նրա վարած հմուտ ներքին եւ «հատկապես արտաքին» քաղաքականությունը, հասնելով քծնանքի... Մնացին թվե՞րը, որ երեկ ներկայացվում էին իբրեւ տնտեսական առաջընթացի ապացույց: Իսկ վարչապետ Հրանտ Բագրատյանը պակա՞ս թվեր էր մատուցում», - նույնացվում է «Առավոտ»-ում:

«Մեզանում, ճիշտ է, ամեն ինչ հոսում է, բայց ոչինչ չի փոխվում», - իր հերթին փաստում է «Օրրան» թերթը: - Երեկ Ռոբերտ Քոչարյանին առաջադրողները գրեթե ամբողջությամբ «նույն դեմքերն էին, նրանք, ովքեր մշտապես «գործողների» կողքին են»: «Հայկական ժամանակ» թերթում եւս ուշադրություն է սեւեռված. - «Հայաստանում կարծես թե գործող նախագահներին սատարողների խավ է ձեւավորվում: Այս մարդիկ պատրաստ են բոլոր ժամանակներում, անկախ քաղաքական հայացքներից ու ներքին համոզմունքներից, որպես գլխաքանակ ծառայել՝ իշխանական դահլիճները լցնելու համար»:

«Առավոտ» թերթը ՀՀՇ-ի հետ կապված տարբեր շրջանակներից լուր է ստացել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը 2003-ի նախագահական ընտրություններում, եւ այս անգամ որոշումը, կարծես թե, վերջնական է: «Եթե Տեր-Պետրոսյանը առաջադրվեր», - այս առիթով խորհում է «Առավոտ»-ի խմբագիրը, - «ողջ նախընտրական արշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները 1990-1997 թվականները կներկայացնեին միայն որպես «մթի, ցրտի, սովի, ՀՀՇ-ական թալանի, էներգատեռորի ու լափված մազութի» տարիներ: Իրենց հերթին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չէին ցանկանա այդ նույն 1990-1998 թթ. ժամանակահատվածում որեւէ բացասական երանգ տեսնել եւ կխոսեին միայն պետականության կայացման, բանակի ստեղծման եւ արցախյան հաղթանակների մասին: Նրանք համառորեն չեն ընդունում իրենց որեւէ սխալն ու բացթողումը: Այդ թիմի ներկայացուցիչները, բնականաբար, չեն համաձայնում նաեւ այն ակնհայտ փաստի հետ, որ վերջին 5 տարում տնտեսական որոշ ցուցանիշներում առաջընթաց է արձանագրվել: Մի խոսքով, կողմերը մերժելու էին դիմացինի արժանիքները եւ համապատասխան ժամանակաշրջանների դրական դրսեւորումները»: Ինչեւէ, հիմա խմբագրի կանխատեսմամբ, Ռոբերտ Քոչարյանը, լավ շանսեր ունի դուրս գալու երկրորդ փուլ, ընդ որում՝ գուցե ավելի բարձր տոկոսներով, քան ընդդիմությունը ներկայացնող իր մրցակիցը՝ ով էլ վերջինս լինի: «Բայց քանի որ արդար ընտրություններ չեն լինելու, Քոչարյանի համար միանգամից «կնկարեն» 65-70 տոկոս, որպեսզի ամեն ինչ ավարտվի մեկ փուլով»:

«Հայոց Աշխարհ» թերթում էլ այսօր բերվում է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հետեւյալ մեկնաբանությունը. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում միայն ՀՀՇ-ի փետուրները մաքրելու փոքր խնդիրը լուծելու համար դուրս գալ բավականին հարմար տաք տեղից: Առավել եւս, ինքն էլ է հասկանում, որ փետուրներ մաքրելու խնդիրը չի կարող լուծել եւ հակառակը՝ նորից հիշեցնել կտա այն հարցադրումները, որոնք ՀՀՇ-ի թաքնվելու կապակցությամբ փոքր-ինչ «մեղմվել» են»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչու էր Կոմկուսի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը, այնուամենայնիվ, հայտարարել, թե Կոմկուսը որոշում չի կայացրել Գեղամյանի ու սոցուժերի հետ դաշինք կազմելու մասին: Կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը այս կապակցությամբ ասել է. - «Դա հասունության հարց է: Մեր երկրորդ քարտուղարը դեռ անհրաժեշտ քաղաքական փորձ չունի: Վլադիմիր Դարբինյանը թեեւ իրավասու է միանձնյա որոշում կայացնել, բայց բոլոր քարտուղարներն էլ նախօրոք տեղյակ են եղել, եւ ոչ մի անակնկալ էլ չկա»: Հայկոմկուսի խմբակցության քարտուղար Խորեն Սարգսյանն էլ պնդում է, թե «16» -ի շրջանակում ժողովրդահայրենասիրական դաշինք ստեղծելու գործում ամենածանրակշիռ ներդրումը ունեցել են հենց Հայկոմկուսի կենտկոմը եւ նրա առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը: «Շատ շուտով, ներառելով սոցիալիստական կողմնորոշման այլ ուժեր, «16»-ի միավորումը կդառնա 30-ի կամ 35-ի», -ավելացնում է նա: Խորեն Սարգսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում այն միտքն է պտտում, թե իրենք «16»-ի միասնական թեկնածուի անունը միտումնավոր կբացահայտեն թեկնածուների քարոզարշավի վերջում միայն՝ ընտրությունների նախօրեին, քանզի վստահ չեն, որ այսօր միասնական թեկնածուին ի հայտ բերելու դեպքում նրա հետ մինչեւ ընտրության օրը ինչ-որ բան չի պատահի: Հաջորդ տողում, սակայն, նույն ինքը ասում է. - «Դեռ չենք որոշել, այնուամենայնիվ, մեկ միասնական թեկնածու կունենանք, թե մի քանիսը կլինեն»:

«OTE-ն շանտաժի տոնով խոսեց, բայց պարտվեց», - կառավարություն - «ԱրմենՏել» հարաբերությունների երեկվա բաց ժողովից խտացնում է «Առավոտ»-ի մեկնաբանը: Ընդհանուր առմամբ, մյուս լրատվամիջոցներում էլ «ԱրմենՏել»-ը ներկայանում է հույս ու հավատ բնավ չներշնչող դեմքով: Նրա ներկայացուցիչների պնդումներն ու փաստարկները «Հայոց Աշխարհ» եւ «Օրրան» թերթերում որակված են «հին հունական առասպելներ»: Առաջնային տպավորություն է եւ, որ հունական կողմը պարզապես բացեիբաց գործում է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG