Մատչելիության հղումներ

Քաղաքացիական նախաձեռնությամբ նախագահի թեկնածու առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանը


Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը 2003-ի նախագահական ընտրություններում՝ քաղաքացիական նախաձեռնությամբ: Իր խոսքում գործող նախագահը վստահություն հայտնեց, որ կվերընտրվի Հայաստանի նախագահի պաշտոնում:

Նախաձեռնող խմբի մոտ 300 անդամները կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ են, խոշոր գործարարներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, մտավորականներ:

«Ես տեսնում եմ, որ այս թիմով հնարավոր չէ պարտվել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահն իր խոսքում հակիրճ մի հաշվետվություն ներկայացրեց, թե ինչպիսին է պատկերը իր հնգամյա կառավարման ավարտին: Ուշագրավ էր Ռոբերտ Քոչարյանի խոսքի այն հատվածը, ուր նա ասաց, թե կառավարելու իրական հնարավորություն ինքը որպես նախագահ ունեցել է ընդամենը 3 տարի, իսկ առաջին երկու տարիներին զբաղված էր միայն նրանով, որպեսզի թույլ չտա, որ երկիրն ավելի վատ իրավիճակում հայտնվի: Ստացած ժառանգությունն էլ եղել են քայքայված տնտեսությունն ու գյուղատնտեսությունը, ժողովրդավարության եւ խոսքի ազատության հետ կապված պրոբլեմները:Վերջիններս միջազգային ատյաններում անընկալելի էին դարձնում Հայաստանի դիրքորոշումները Ղարաբաղյան հարցում: Գործող նախագահը այդ մասին լռելու երկու պատճառ է ունեցել. նախ՝ բողոքել չի սիրում, եւ երկրորդը՝ դա լավատեսության որեւէ նշույլ չէր առաջացնի:

Հիմա իրողությունն այլ է. ընթացիկ տարին կավարտենք 12 տոկոս տնտեսական աճով, երկիրը մտել է կայուն զարգացման փուլ, ինչը ամենակարեւորն է: Շարունակելով ներկայացնել տնտեսական բարեփոխումները, նախագահը նշեց մոտալուտ անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, իսկ որպես ժողովրդավարական զարգացման գնահատական դիտարկվեց անդամակցությունը Եվրախորհրդին:

Քաղաքացիական նախաձեռնության կարգով Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն իրականացնելիք՝ այսօր ձեւավորված նախագահության կազմում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից, ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանից եւ նորացված կոմկուսի առաջնորդներից Հրանտ Ոսկանյանից բացի, տեղ գտան մեկական ներկայացուցիչներ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, Դաշնակցությունից եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունից՝ համապատասխանաբար Աժ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Սերգո Երիցյանը: Այս երեք կուսակցությունների մեկական ներկայացուցիչների արտոնվեց զորակցական ելույթներ ունենալ:

Նախաձեռնող խմբում քիչ չեն մարդիկ, ովքեր 1996 թվականի ընտրություններում ակտիվորեն պաշտպանում էին Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG