Մատչելիության հղումներ

Եվրոբանկը Հայաստանի մասին


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը երեկ հրապարակված իր զեկույցի այն մասում, որը վերաբերում է Հայաստանին, երեք հիմնական իրողություն է փաստում: Առաջին՝ Հայաստանի կառավարությունը պետք է ջանքեր գործադրի ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար եւ խրախուսի ձեռնարկությունների վերակառուցումը, ինչը կխթանի տնտեսական աճը եւ թույլ կտա ավելի մեծ թվով մարդկանց բարելավել իրենց կյանքը: Երկրորդ՝ Հայաստանը թույլ է ինտեգրված տարածաշրջանային շուկաներում, ինչը խոչընդոտում է արտահանումը: Եվ երրորդ՝ հարկահավաքման բարելավումը կապահովի մակրոտնտեսական կայունությունը:

Գնահատականներ են տրված նաեւ առանձին բնագավառներին: Առեւտրի բնագավառում, օրինակ, Հայաստանը ԱՊՀ-ի ամենաբաց առեւտրային ռեժիմ ունեցող երկրներից մեկն է, իսկ Հայաստանի առեւտրային քաղաքականությունը, ըստ զեկույցի, համապատասխանում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: Միեւնույն ժամանակ, Եվրոբանկի վկայությամբ, տարածաշրջանային առեւտրի զարգացման գլխավոր խոչընդոտը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրային հարաբերությունների բացակայությունն է: Ըստ որոշ հաշվարկների, նշում է զեկույցը, եթե հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վերականգնվեն, Հայաստանի արտահանումը կաճի 30 տոկոսով: Զեկույցի հեղինակները միաժամանակ փաստում են, որ այս տարի Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց գրեթե չի արձանագրվել:

Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում կազմել է 11 տոկոս: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ արդյունաբերությունում ավելի լավ արդյունք է գրանցվել, քան տնտեսության որեւէ այլ բնագավառում: Բայց Եվրոբանկի փորձագետները արձանագրում են իրողությունը, որ աճի այս տպավորիչ թվերը համեմատաբար փոքր թվով ձեռնարկություններում ձեռք բերված հաջողությունների արտացոլումն են: Հայաստանի տնտեսական աճի գլխավոր խթանիչներից, ասված է Եվրոբանկի զեկույցում, մնում է ադամանդագործությունը՝ մանրամասնելով, թե այս ոլորտի սակավաթիվ ձեռնարկությունները ապահովում են Հայաստանի արտահանման մեկ երրորդը: Մնացած բնագավառներում էլ աճը հիմնականում մի քանի ձեռնարկությունների գործունեության արդյունք է:

Եվրոպական բանկի մասնագետները պարզաբանում են նաեւ, թե ինչն է արտադրության այս սահմանափակ հիմքի պատճառը. ներքին շուկան փոքր է, ներդրումային կլիման բարվոք չէ, ինչը խոչընդոտում է նոր արտադրությունների հիմնումը, իսկ ձեռնարկությունները չեն վերակառուցվում, ինչի պատճառով էլ եղած կարողությունների մեծ մասը չի օգտագործվում:

Սեփականաշնորհման ոլորտում 2001 թվականին հաստատված ծրագրի վերջին փուլը նախատեսում է 900 ձեռնարկությունների վաճառք կամ լուծարում: «Փաստորեն երեք տարվա ընթացքում պետք է սեփականաշնորհվեն բոլոր՝ դեռ պետական մնացած ձեռնարկությունները», - նշում են Եվրոբանկի մասնագետները՝ միաժամանակ փաստելով, որ սեփականաշնորհման ծրագիրը իրականացվում է դանդաղ. դրանից ստացվող եկամուտը անցած տարի կազմել է սպասվածի ընդամենը կեսը, իսկ այս տարվա սկզբից մինչեւ մայիս ամիսը վաճառվել է ընդամենը 37 ձեռնարկություն: Ուշագրավ է եվրոպացի փորձագետների հետեւյալ դիտարկումը. ձեռնարկությունները հիմնականում մնում են նրանց գործող ղեկավարության ձեռքին, եւ ներդրումներ գրեթե չի արվում: Երկրորդ դիտարկումն էլ սա է՝ արեւմտյան խոշոր ընկերությունները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում հայաստանյան ձեռնարկությունների նկատմամբ, ինչի արդյունքում դրանք բաժին են հասնում հիմնականում ռուսաստանյան ներդրողներին կամ սփյուռքահայերին:

Կաշառառությունը նվիրված բաժնում զեկույցի հեղինակները գրում են, թե ներդրողներից շատերը գտնում են, որ բյուրոկրատական կոռուպցիան առաջվա պես հատուկ է Հայաստանին: Եվրոբանկի փորձագետների այս պնդումները հազիվ թե անհիմն են, քանզի զեկույցում արված հետեւությունները հիմնված են 26 երկրներում աշխատող 6000 գործարարների հետ անհատական զրույցների վրա: Այնուհանդերձ, Եվրոբանկը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները ընդունում են պրոբլեմը եւ առաջնահերթություն են հռչակել կառավարման բարելավումը եւ հակակոռուպցիոն ծրագրի կենսագործումը:

Ինչ վերաբերում է երկրի բնակչությունը, ապա անցած տարի Հայաստանում անցկացված մարդահամարը ցույց տվեց, որ 1991-ից մինչեւ 2001 թվականը բնակչության թիվը 3 միլիոն 700 հազարից նվազել է մինչեւ 3 միլիոն: Հաշվի առնելով Հայաստանի ներքին զարգացումները, ըստ զեկույցի հեղինակների, ենթադրվում է, որ անկախությունից հետո երկիրը լքել է 900 հազար մարդ, այսինքն՝ բնակչության մեկ քառորդը:

Եվ վերջապես Հայաստանի ամենացավոտ պրոբլեմը՝ աղքատությունը: Չնայած 8 տարի շարունակվող տնտեսական աճին, աղքատությունը Հայաստանում մնում է շատ տարածված: Եվրոբանկը արձանագրում է՝ թեեւ սոցիալական օգնության ծրագրերը նպաստել են ծայրահեղ չքավորության նվազեցմանը, Հայաստանի ընտանիքների կեսից ավելին եւ երեխաների 8Օ տոկոսը աղքատության ազգային սահմանից անդին են: Նկատենք, որ խոսքը ազգային սահմանի մասին է: Նույն զեկույցում բերված տվյալների համաձայն, եթե Հայաստանի նկատմամբ կիրառվեր աղքատության միջազգային սահմանը (իսկ միջազգայնորեն աղքատ է համարվում այն մարդը, որի վրա օրական ծախսվում է մեկ դոլարից պակաս), ապա աղքատությունը Հայաստանում կկազմեր 86 տոկոս:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG