Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունն եւ «ԱրմենՏել»-ը ներկայացնում են փոխադարձ մեղադրանքներ


Երեքշաբթի օրը կայացավ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենատեր «ԱրմենՏել»-ի եւ կառավարության ներկայացուցիչների բաց ժողովը, ուր կողմերը փոխադարձ մեղադրանքներ ներկայացրին միմյանց՝ կապված 1998 թվականին ընկերությանը տրված թիվ 60 արտոնագրի պայմանների ու դրույթների խախտման հետ:

Բաց ժողովը շատ նման էր բաց դատավարության: Կար մեղադրվող՝ ի դեմս «Արմենտել»-ի, մեղադրող՝ ի դեմս կառավարության եւ դատավոր, որի պարտականությունները ստանձնել էր Էներգետիկայի անկախ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանը:

«Արմենտել»-ի խոշոր բաժնետերերից Վասիլիս Մագլարասը հայտարարեց, թե երբ 1998 թվականին OTE-ն որոշեց 150 մլն դոլարի ներդրում է կատարել, սպասում էին համարժեք վերաբերմունք Հայաստանի կառավարության կողմից, մինչդեռ, ըստ Մագլարասի, կառավարությունը ջանք չի խնայել «ԱրմենՏել»-ի գործունեությունը խոչընդոտելու, ձախողել է 15 տարվա մենաշնորհ ապահովելու ուղղությամբ իր պարտավորությունները: Ապա հայտարարեց, որ այս ժողովով ոտնահարում են ներդրողի իրավունքները ու իր խորհրդականի հետ հեռացավ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը իր հարցադրումներով փորձում էր պարզել, թե արդյոք կառավարությունը իրավասություն ուներ միջազգային աուդիտ անցկացնել «ԱրմենՏել»-ում, մանավանդ որ արտոնագրի համապատասխան դրույթներով վերահսկողության իրավունքը տված է «ԱրմենՏել»-ի 10 տոկոսի բաժնետեր Հայաստանի կառավարությանը: «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջեորջիոս Վասիլակիսը չէր առարկում, որ կառավարությունն այդ իրավունքներն ունի, սակայն անընդհատ պնդում էր, որ կառավարությունը պարտավոր էր պաշտոնապես եւ գրավոր տեղեկացնել «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդին անցկացվող ստուգումների մասին:


Իրականում դեռ հուլիսին «ԱրմենՏել»-ի նախկին գործադիր տնօրեն Նիկոս Յորգուլասին հարցաշար էր ուղարկվել, որի հիմքով էլ հետագայում պետք է ստուգումներ անցկացվեին «ԱրմենՏել»-ում: Նախկին գործադիր տնօրենը միայն մի քանի հարցի պատասախան էր ուղարկել: «Արմենտել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վասիլակիսը մեղադրում էր թե' Յորգուլասին, եւ թե' Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարին, որը հետեւողական չի եղել իր իսկ նախարարության կողմից ուղարկված հարցերի պատասխանները ստանալու խնդրում: Այդ ամենի արդյունքում WFI ընկերությունը չի կարողացել «ԱրմենՏել»-ում ստուգումներ անցկացնել, ասել է թե՝ կատարել կառավարության հանձնարարությունը, բայց ըստ Դավիթ Հարությունյանի, իրենք պարտավոր էին վճարել կատարված որոշ աշխատանքների համար: Ուստի «ԱրմենՏել»-ից փոխհատուցում էին պահանջում՝ ընդհանուր առմամբ 167 հազար դոլարի:

Բաց ժողովի ընթացքում մեկ-երկու անգամ Վասիլակիսը պատրաստակամություն հայտնեց ոչ թե փոխհատուցել, այլ աուդիտի լրացուցիչ աշխատանքների համար վճարել: Ժողովի վերջում կառավարությունը հրաժարվեց այն դրույթից, որ «ԱրմենՏել»-ը պարբերաբար խախտել է թիվ 60 արտոնագրի դրույթները: Բնականաբար, դուրս եկավ նաեւ «Արմենտել»-ին արտոնագրից զրկելու հարցը: Այդուհանդերձ ժողովը նախագահող Վարդան Մովսեսյանն իր եզրակացությունը կներկայացնի միայն նոյեմբերի 29-ին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG