Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սոցիոլոգիան հուշում է, բայց չի պարտադրում» խորագրի տակ «Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր բերված է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանի գնահատականը, որ ընտրություններում մրցակցությունը կլինի երկրորդ շարքերում՝ «գործող նախագահի հնարավորությունները անհամեմատ բարձր են»: Ըստ Պողոսյանի, մեզանում ընտրություն կատարելու ոգեւորությունը անցել է, եւ բնակչությունը պասիվացել է: Այնպես որ, նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կլինի մոտ 55 տոկոս:

Ընդհանուր նախընտրական մթնոլորտից «Հայոց Աշխարհ» թերթում էլ առանձնացված են ընդդիմադիր առաջնորդների իրար հաջորդող հայտարարությունները, թե «գնալու են մինչեւ վերջ», «պայքարելու են մինչեւ արյան վերջին կաթիլը»: Մեկնաբանի հայացքով, ինչքան փոքրանում է 2003-ի փետրվարի 19-ի ընտրություններում ընդդիմության՝ հաղթանակի հասնելու հավանականությունը, այնքան մեծանում է նրա առաջնորդների ագրեսիվությունը: Ընդդիմության գործողությունների տրամաբանությունը կառուցվում է այն հաշվարկի վրա, որ դիմացի կողմը կընդունի առաջարկվող «խաղի կանոնները», ինչի արդյունքում փոխադարձ սպառնալիքների ու դրանց ուղեկցող ծեծկռտուքի հորձանուտում հաղթանակն ու պարտությունը իրար կհավասարվեն:

Մամուլի տարակույսների դաշտում թփակալում է ձախ ընդդիմադիր դաշինքի իրականում լինել-չլինելու հարցը: Կոմկուսի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի հայտարարությունից հետո, թե իրենք նման դաշինքի մեջ մտնելու մասին որոշում չեն կայացրել եւ ընդհանրապես՝ «կոմկուսը մտադիր չէ համախմբվել «Սոցիալիստական Հայաստան» միավորման հետ դաշինքում, որի առաջնորդներից է Աշոտ Մանուչարյանը, քանզի տվյալ քաղաքական ուժը կոմունիստների վստահությունը չի հարուցում», առայժմ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն է միայն վերահաստատել, որ նման նախընտրական դաշինքի ստեղծման մասին փաստաթուղթ կա, եւ այն ստորագրել է նաեւ Կոմկուսի առաջնորդը: Կոմկուսի այսօր լույս տեսած պաշտոնաթերթում այս ամենին առնչվող որեւէ բառ ընդհանրապես չկա, իսկ «Հայկական ժամանակ» թերթն էլ փաստագրում է. «Ամեն անգամ, երբ կոմկուսը «քցում» է իր գործընկերներին եւ խախտում է նախապես ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն, ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը գնում է հիվանդանոց: Ահա արդեն երկու օր է 16-ի ֆորմատի մի քանի կուսակցության ներկայացուցիչներ փորձում են Վլադիմիր Դարբինյանից պարզել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ կոմկուսը մի գիշերում մտավ Գեղամյանի ստեղծած դաշինքի մեջ, ու չեն կարողանում»: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը «Օրրան»-ի թղթակցին ասել է. - «Իրենք իրենց «գցեցին», եթե պետք է այդպես արտահայտվել, որովհետեւ կատարեցին չհամաձայնեցված քայլեր. եթե իրենց մոտ ամեն բան նորմալ էր, կարող էին տեղյակ պահել միավորման մնացյալ անդամներին եւս, եւ ոչ թե այդպես՝ «մթության քողի ներքո»: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի արձագանքն էլ այսպիսին է. - «Մեր անելիքը մենք շա'տ լավ գիտենք, եւ բոլոր պրոցեսներին էլ վերաբերում ենք շա՜տ հանգիստ»:

«Ազգ» թերթում վերլուծված է. «Ստեփան Դեմիրճյանի առաջադրումից հետո Արտաշես Գեղամյանը հասկացավ, որ ընդդիմադիր դաշտում ձեռք է բերել լուրջ ախոյան, որն անպայմանորեն շահում է իր իսկ էլեկտորատի համակրանքը՝ հաշվի առնելով նաեւ ՀԺԿ-ի ձախ գաղափարախոսությունը։ Փրկելու համար իր վարկանիշը եւ զերծ մնալու համար էլեկտորատը կորցնելու վտանգից՝ Գեղամյանը պետք է գտներ այնպիսի մի միջավայր, որտեղ ինքը կարող էր միանշանակորեն լիդեր համարվել»։ Առավել ձախերի թեկնածուն դառնալու Գեղամյանի այս հնարքը, սակայն, մեկնաբանի հայացքով, «նպաստեց մի այլ նոր գործընթացի կյանքի կոչմանը, ինչը «մահացու» սպառնալիք կարող է դառնալ հենց իր համար»: Հեղինակազրկված «16»-ը էապես նվազեցնում էր բոլորի հնարավորությունները հավասարապես, իսկ հիմա, ինչպես շեշտված է «Ազգ»-ում, կձեւավորվի մեկ այլ, ավելի խոշոր միավորում՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: Մեկնաբանն ամփոփել է. - «Քաղաքական դաշտը շնորհիվ նման գործընթացների, գլխավորները երկրորդականներից զատորոշելու փուլ է մտնում»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի ձեւակերպմամբ, Կոմկուսն ու Մանուչարյանի կողմից վերահսկվող ուժերը հերթական անգամ կեղտոտ նախընտրական խաղ խաղացին, եւ դրանում Գեղամյանի մասնակցությունը դժվար թե նպաստի նրա վարկանիշի բարձրացմանը: «Այս երեք կուսակցության դավաճանությունը նրանց վրա թանկ կնստի, եւ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կանցնեն մյուս կուսակցությունների միանական թեկնածուին», - կանխատեսված է «Գոլոս Արմենիի»-ում:

«Ընդհանուր առմամբ, նախագահական այս մրցավազքում մեծ անակնկալներ առայժմ չկան ու դժվար էլ լինեն», - ի մի է բերել այսօր «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Շատ թե քիչ հետաքրքիր է, թերեւս, այն երանգը, որ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը գլխավորելու է պաշտպանության նախարարը: Դա հերթական անգամ կապացուցի՝ որքան մենակ է իր շրջապատի մեջ այսօրվա նախագահը, որն այսօր էլ ոչ ոքի չի կարող լիակատար վստահել», - բխեցված է «Իրավունք»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG