Մատչելիության հղումներ

Մինչդեռ, եթե չլիներ կիթառը՝ ո՞վ գիտի, գուցեեւ Մեյը հիմա նստած կլիներ աստղադիտարանում, գրքեր կգրեր եւ դասախոսություններ կկարդար համալսարանում: Ըստ «Բի-Բի-Սի»-ի հաղորդագրության, երեքշաբթի, նոյեմբերի 19-ին Հերթֆորդշիրի համալսարանը հանդիսավորությամբ 55-ամյա Բրայան Մեյին շնորհել է գիտության դոկտորի պատվավոր կոչում: Նախքան ռոքն ընտրելն ու «Քուին»-ի կիթառահար դառնալը՝ երիտասարդ Բրայանն այդ համալսարանի աստղագիտության բաժնի ուսանող է եղել, սակայն լքել է համալսարանը՝ կիսատ թողնելով դոկտորական թեզը:

Թող ներվի ինձ, բայց իմ կարծիքով, Ֆրեդդի Մերքյուրիի վախճանից հետո «Քուին» խմբի մյուս երեք անդամները, մի տեսակ, ստվերում են մնացել: Ինչ խոսք՝ մեծագույն երեւույթ էր Մերքյուրին: Չէր լինի «Քուին» առանց Ֆրեդդիի, բայց եւ միանշանակ է, որ բրիտանական այս խումբը «թագուհի» չէր դառնա առանց ֆանտաստիկ կիթառի:

Բրայան Մեյը ծնվել է 1947 թվականին Հեմփթոնում: Դաշնամուր սկսել է նվագել դեռ մանուկ հասակում: 7 տարեկանում Բրայանին խաղալիք կիթառ են նվիրել: Հետո հայրը նրա համար ավելի մեծ կիթառ է սարքել: Արդեն պարզ էր, որ երեխան կդառնա երաժիշտ եւ, երեւի թե, կիթառահար:

Պատանի Բրայանի կուռքերն էին "Շեդոուզ" խմբից Հենք Մարվինը, Էլվիս Փրեսլիի կիթառահար Սքոթի Մուրը եւ այն տարիների ռոք-ն-ռոլի աստղ Բադդի Հոլին, որը 1959 թվականին զոհվեց օդային աղետում: Այդ ամերիկացին մեծագույն ազդեցություն էր գործել բրիտանացի ռոքերների, այդ թվում Ջոն Լեննոնի եւ Բրայան Մեյի վրա:

Դպրոցում Բրայանը ստեղծել է իր սեփական խումբը՝ տարօրինակ անունով՝ «1984»: ուցեեւ այն կապված է ետպատերազմյան սերնդի մտավորականության շրջանում սիրված բրիտանացի գրող Ջորջ Օրուելի նույնանուն հակաուտոպիստական վեպի հետ: Խումբը 1967 թվականին որոշակի ճանաչում է ստացել Մեծ Բրիտանիայում: «1984»-ի ելույթներով են բացվել Ջիմի Հենդրիքսի, «Փինք Ֆլոյդի», «Թի Ռեքսի» բազմաթիվ համերգներ:

1968 թվականին Բրայանը լքել է «1984»-ը եւ միացել «Սմայլ» եռյակին: Նոր խմբի հարվածողը Ռոջեր Թեյլորն էր, երգիչը՝ Թիմ Սթաֆելը: Երբ վերջինս հեռացավ՝ նրան փոխարինեց մի երիտասարդ՝ Ֆրեդդի Մերքյուրի անունով: Խումբն ընտրեց «Քուին» (Թագուհի) անունը: Բազմաթիվ հավակնորդներից բաս կիթառահար ընտրվեց Ջոն Դիքոն եւ ծնվեց «Քուին»-ը:

Հերթֆորդշիրում հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել համալսարանի հարեւանությամբ գտնվող Սուրբ Ալբանսի մայր տաճարում: Նորաթուխ գիտնականը՝ դոկտորի թիկնոցով ու գլխարկով, դուրս գալով եկեղեցուց, մոտեցել է լրագրողներին եւ խոստովանել, թե անկեղծ հուզված է: «Աստղագիտությունն ինձ համար շատ կարեւոր է, ես առ այսօր շարունակում են այդ գիտությամբ հետաքրքրվել, բայց, իհարկե, սոսկ որպես սիրող», - աել է նա:

Համալսարանին հարող հրապարակում հավաքված շուրջ հազար երկրպագուները ջերմորեն ողջունել էին Բրայան Մեյին: Այդ օրը կիթառահարին ուղեկցել է կինը՝ «Իսթենդերզ» խմբի նախկին երգչուհի Անիտա Դոբսնը: «Ես էլ բավական հուզված եմ», - ասել է Անիթան: - «Երբ դուրս էինք գալիս եկեղեցուց՝ զգացի, որ արտասվել եմ»:

Բրայանի խոսքերով, այն տարիներին դժվար էր ընտրություն կատարել աստղագիտության եւ երաժշտության միջեւ: «իտեմ, որ ծնորղներս խիստ հիասթափվել էին, նրանք շատ էին ուզում, որ ես շարունակեմ ուսումս», - ասել է կիթառահարը: Նա, իհարկե, հումորով է վերաբերում գիտության դոկտոր դառնալուն: Համալսարանն այդպես իր հարգանքն է հայտնել Մեյ-կոմպոզիտորին, ի վերջո, Հերթֆորդշիրի համար էլ պատիվ է մատյաններում գրանցել, որ ուսանողներից մեկը «Քուին» խմբի կիթառահարն է: Հոգ չէ, որ նա 6Օ-ականների վերջերին կիսատ է թողել դոկտորականը:

«Երեւի ես չունեի գիտնական դառնալու համար անհրաժեշտ կարգապահությունը, կարծում եմ, ես ավելի լավ կիթառահար եմ, քան աստղագետ, այս իմ ընտրությունը ճիշտ էր», - ասել է Բրայան Մեյը:


Արմեն Քոլոյան, Պրահա
bidzarocker.com

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG