Մատչելիության հղումներ

Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ), ամենայն հավանականությամբ, կներկայացվեն Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ռազմավարական կենտրոնին մոտ կանգնած աղբյուրը, անցած շաբաթ օրը, նոյեմբերի 23-ին նախաձեռնող խմբի հրավիրած ժողովում որոշումը արդեն կայացվել է: Պաշտոնապես առաջադրվելուց հետո, ըստ նույն աղբյուրի, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հայտարարությամբ:

«Իմ թեկնածության հարցը որոշվելու է ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքների եւ գյուղերի եւ հասարակության շրջանակներում», - հոկտեմբերի վերջին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախաձեռնող խմբում ընդգրկված 152 անդամներից շուրջ 20-ը Հայաստանում հայտնի արվեստագետներ, երաժիշտներ, երգիչներ, գրողներ, դերասաններ են:

Նույն աղբյուրի վկայությամբ, կան նաեւ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտպանելու մասին իրենց հայտարարությունները կանեն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին:

Ամիսներ առաջ խոսակցություններ կային Ստեփան Դեմիրճյան - Արամ Սարգսյան - Րաֆֆի Հովհաննիսյան համագործակցության մասին: Հենց այդ շրջանում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել, թե Ռազմավարական կենտրոնի ու նրա ղեկավարի հետ համագործակցությունը լուրջ զարգացումներ ունի:

«Ազատություն» ռադոիկայանի աղբյուրը չբացառեց, որ այդ համագործակցությունը ընտրությունների ընթացքում է'լ ավելի ակտիվանա եւ, ասենք, «Հանրապետություն» կուսակցությունը պաշտպանի Հովհաննիսյանի թեկնածությունը:

Միացյալ Նահանգներում ծնված, 1989 թվականից Հայաստանում ապրող, 1992 թվականին առաջին արտգործնախարար նշանակված, 1994 թվականին մինչեւ այժմ գործող Ռազմավարական ու ազգային հետազոտությունների կենտրոնը հիմնադրած Րաֆֆի Հովհաննիսյանը միայն 2001-ին ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Չնայած 1991 թվականից թե' նախկին եւ թե' ներկա նախագահներին 8 անգամ դիմել էր այդ խնդրանքով:

Արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի մերժի գրանցել Հովհաննիսյանին՝ նկատի ունենալով Սահմանադրության պահանջը վերջին տասը տարում Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին: Ինքը Հովհաննիսյանը վստահ է, որ իրավունք ունի մասնակցել ընտրություններին: «Ես նույնքան իրավունք ունեմ մասնակցելու ընտրական բոլոր գործընթացներին, որքան հանրապետության նախագահը եւ որքան հանրապետության նախագահի ամենաարմատական ընդդիմախոսը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ նշված հարցազրույցում ասել էր նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի այժմ բացակայում է Երեւանից, իսկ Ռազմավարական կենտրոնում այսօր ասացին, որ պայքարելու են մինչեւ վերջ, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն դատարան:

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումով իսկապես դժվար կացության մեջ է հայտնվելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Մի կողմից կունենան Հայաստանում ավելի քան 10 տարի ապրող, բայց մեկուկես տարվա քաղաքացու թեկնածություն, մյուս կողմից (եթե նկատի չառնեն 1989 թվականի դեկտեմբերի հայտնի որոշումը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ընդգրկելու մասին)՝ հինգ տարի Հայաստանի Հանրապետությունում ապրող եւ նույնքան էլ քաղաքացիություն ունեցող թեկնածու:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG