Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Բելառուսը ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը


Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան ժամանեց Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւը՝ քննարկելու երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հեռանկարները եւ ստորագրելու համագործակցության ծրագիրը 2003 թվականի համար:

«Համագործակցելու համար մենք արդեն իրավական հիմքեր ունենք: Իմ այցից անմիջապես առաջ [Բելառուսի] խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց հանաձայնագիրը», - այսօր «Հաղթանակ» զբոսայգում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո լրագրողներին ասաց Մալցեւը՝ նկատի ունենալով Հայաստանի եւ Բելառուսի միջեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադարձ մատակարարումների մասին միջկառավարական համաձայնագիրը: Նրա խոսքերով, հասել է այդ «իրավական հիմքերը գործնականում կիրառելու, գործով իրականացնելու» ժամանակը, ինչն էլ ներկա այցի հիմնական նպատակն է:

2002 թվականի հունիսին Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Մինսկում ստորագրված այս համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանը նույնպես վավերացրել է անցած շաբաթ: Դրանով նախատեսված է սպառազինությունների, ռազմական տեխնիկայի փոխադարձ մատակարարում, վերանորոգում, զինված ուժերի արդիականացում: Փոխադարձ մատակարարումները երկու երկրներում էլ ազատված են մաքսային վճարումներից, չկան քանակական սահմանափակումներ:

Լեոնիդ Մալցեւը կոնկրետ գործերից խուսափեց խոսել, չկոնկրետացրեց նաեւ, թե ռազմատեխնիկական բնագավառում Բելառուսը ինչ է տրամադրում կամ ինչ կարող է տրամադրել Հայաստանի զինված ուժերին:


Մեր բանակին հետաքրքրող բելառուսական ռազմական տեխնիկայի մասին խոսեց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե Բելառուսում են արտադրվում նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն օպտիկան, նշանացույցերը: Հայաստանի զինված ուժերին, նախարարի խոսքերով, հետաքրքում են նաեւ Բելառուսում արտադրվող վարժասարքերը:


Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ռազմական բնագավառում համագործակցության մասին ընդհանուր պայմանագիրը ստորագրվել է 1999-ի մայիսին: Երկու երկրներն էլ այդ բնագավառում սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ. բավական է ասել, որ Ռուսաստանը միացյալ զորախմբեր է ունի ինչպես Բելառուսի հետ՝ եվրոպական ուղղությամբ, այնպես էլ Հայաստանի հետ՝ կովկասյան ուղղությամբ: Հայաստանն ու Բելառուսը ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության պայմանագրի հիմնադիր անդամներից են եւ ակտիվորեն համագործակցում են պայմանագրի շրջանակներում:

Անդրադառնալով ռազմական ոլորտում Հայաստանի ու Բելառուսի երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը, Լեոնիդ Մալցեւը երկու դեպքում էլ համագործակցության մակարդակը բարձր գնահատեց. - «Ես չեմ հիշում, երբ ինչ-որ մի հարցի շուրջ մենք հակասություն, կամ նույնիսկ թեթեւ տարաձայնություն ունենայինք: Մենք մշտապես միմյանց աջակցում ենք, եւ ես շատ բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում»:

Բելառուսի պաշտպանության նախարարին այսօր ընդունեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանդիպման ընթացքում վարչապետն ասել է, թե Մալցեւի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու պետությունների պաշտպանունակությունը բարձրացնելու գործում: Անդրանիկ Մարգարյանը կարեւոր է համարել այցի ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվելիք 2003 թվականի համագործակցության ծրագիրը:

Վաղը ծրագրված է Լեոնիդ Մալցեւը հանդիպումը Հայաստանի նախագահի Ռոբերտ Քոչարյանի հետ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG