Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը կառաջադրվի քաղաքացիական նախաձեռնությամբ


2003-ի թվականի փետրվարի նախագահական ընտրություններում Հայաստանի գործող նախագահի թեկնածության առաջադրման վերաբերյալ առայժմ ստույգ հայտնի է միայն, որ Քոչարյանը առաջադրվելու է քաղաքացիական նախաձեռնության կարգով: Պաշտոնական առաջադրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Գիտությունների ազգային ակադեմիայում գումարվելիք ժողովում:

Ընտրական օրենսգրքի սահմանմամբ, քաղաքացիական նախաձեռնության կարգով թեկնածու առաջադրելու համար նման նախաձեռնությամբ պետք է հանդես գա առնվազն 100 քաղաքացի: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Քոչարյանին սատարող քաղաքացիական նախաձեռնություն իրականացնող խումբը բաղկացած է լինելու մոտ 300 հոգուց: Թեեւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, այդ թիվը կարելի էր հասցնել նույնիսկ մի քանի հազարի:

Մինչեւ դեկտեմբերի 6-ը, երբ ավարտվելու է թեկնածուների առաջադրումը, կհրավիրվեն, անշուշտ, կուսակցական համագումարներ, որոնցում գործող նախագահի թեկնածությունը պաշտպանության կարժանանա:

Ըստ նախագահին մոտ կանգնած աղբյուրի, քննարկումների արդյունքում որոշվել է կուսակցական հայտնի գործիչների չընդգրկել նախաձեռնող խմբի մեջ, թեեւ քննարկվել է նաեւ խմբում առաջին հերթին նախագահին սատարող կուսակցություների առաջնորդներին ընդգրկելու տարբերակը: Նախաձեռնող խումբը համալրվելու է հիմնականում մտավորական շրջանակների հաշվին, կընդգրկվեն երիտասարդական կազմակերպությունների անդամներ: Տրվում է, օրինակ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի անունը:

Ըստ երեւույթին, ձեւավորվող նախաձեռնող խմբում կներգրավվեն տարբեր կուսակցությունների շարքային, հանրությանը ոչ շատ ծանոթ դեմքեր: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություներով, նախաձեռնող խմբում ընդգրկվել ցանկացողների բոլոր դիմումները ուղղվում են Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին:

Ըստ էության, նախաձեռնող խմբի առաքելությունը ընդամենը հրավիրելիք նիստով Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտոնական առաջադրելը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստորագրահավաքի մատյանները ստանալն է եւ, լրացնելուց հետո, դրանք ԿԸՀ վերադարձնելը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե չե՞ն խանդում արդյոք նախագահին սատարող կուսակցությունները, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե իրենց համագումարներով, այլ քաղաքացիական նախաձեռնությամբ է առաջադրվելու, Ազգային ժողովի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. - «Կարծում եմ, սա իրավունքն է ցանկացած թեկնածուի՝ ընտրել, թե ինչ ճանապարհով կառաջադրվի ինքը: Եվ այստեղ որեւէ քաղաքական իմաստ փնտրել, նպատակ փնտրել, նաեւ բացատրություններ, մեկնաբանություններ ստանալ դրա առումով, թերեւս նպատակահարմար չէ»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG