Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ը կրկին դադարեցրել է աշխատանքը


Տեւական դադարից հետո այս տարվա մայիսին վերագործարկված քիմիական հսկան՝ Նաիրիտը, այս էլ երկրորդ անգամ դադարեցրել է աշխատանքը, այս անգամ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով:

«Նաիրիտ»-ի հավատարմագրային կառավարումը հինգ տարով ստանձնած բրիտանական «Ռանսաթ» ընկերության գործադիր կառավարիչ Անիլ Կումարը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում խիստ վրդովված տոնով բողոքեց այն պետական կառույցներից, որոնք, իր խոսքերով, օգնելու փոխարեն, պարզապես խանգարում են նորմալ աշխատել։

Կումարի պնդմամբ, «Նաիրիտ»-ի նախկին պարտքերը, այդ թվում էլեկտրաէներգիայի գծով, վերակառուցվել են, եւ կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանց մարումն սկսել վերագործարկումից միայն մեկ տարի անց, այսինքն հաջորդ տարվա մայիսից, մինչդեռ, բաշխիչ ցանցերի նոր սեփականտերը՝ «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերությունը ցանցերի կառավարումն ստանձնելուց անմիջապես հետո՝ նոյեմբերի 3-ին, անջատել է հոսանքը ու պահանջել վճարել ավելի քան հինգ միլիոն դոլարի պարտքը։

Իսկ ամռանը «Նաիրիտ»-ին ստիպել էր կանգնել «Հայռուսգազարդը»՝ պահանջելով վճարել գազի դիմաց կուտակված պարտքերը։ Այս երկու հարկադրական դադարների հետեւանքով, փաստորեն, քիմիական մենատերը շուրջ 4 միլիոն դոլարի վնասներ է կրել, ու պատրաստվում է վնասների փոխհատուցման հայցով դիմել դատարան։

«Նաիրիտ»-ի կառավարիչը միաժանակ ակնարկեց, թե որոշակի պետական եւ գործարար շրջանակներ իրենց նման կեցվածքով պարզապես ցանկանում են «Ռանսաթ»-ին հարկադրել հրաժարվել սկսած ձեռնարկից. - «Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե 16 ամսվա քրտնաջան աշխատանքից հետո ես ետ կկանգնեմ իմ բռնած գործից, չարաչար սխալվում է», - ասաց նա:

Տնօրենը հավաստիացրեց, թե իրենք ամենեւին չեն պատրաստվում հրաժարվել իրենց ներդրումային ծրագրից, ըստ որի «Ռանսաթ»-ը պարտավորվել է 3-4 տարվա ընթացքում «Նաիրիտ»-ի զարգացման մեջ ներդնել 25 միլիոն դոլար, կաուչուկի թողարկումը տասնապատկել ու հասցնել տարեկան մինչեւ 40 հազար տոննայի։

«Ակնհայտ է, որ կա մի բացասական ուժ, որը չի ցանկանում, որ գործարանը աշխատի, սակայն նմանատիպ բացասական վերաբերմունքը երբեք չի ստիպի մեզ կանգնել», - ասաց Կումարը։ Նա չի հասկանում հարկային գերատեսչությանը, որի տեսուչները իր գրասենյակում նստած չգիտես ինչ են փնտրում, այն դեպքում, երբ պետությունը ԱԱՀ-ի (ավելացված արժեքի հարկ) գերավճարների գծով շուրջ մեկ միլիոն դոլարի պարտք է կուտակել ձեռնարկությանը, ու պարտք տալու փոխարեն, գործադիր տնօրենի ասելով, արդեն մեկ ամիս անհասկանալի ստուգումներ է անում ու խանգարում աշխատել։

«Սա օտարերկրյա ներդրողին ողջունելու ֆանտաստիկ ձեւ է», - ասաց Անիլ Կումարը:

Մինչդեռ, «Ռանսաթ»-ը, նրա փոխանցմամբ, վեց ամսվա ընթացքում արդեն հասցրել է 3,5-4 միլիոն դոլարի ներդրումներ անել ու հեռագնա ծրագրեր ունի։ Արդեն համաձայնություն է ձեռք բերել արեւմտյան խոշորագույն քիմիական կոնցեռնների հետ՝ բութադիենի հումք մատակարարելու հարցում։ Ի տարբերություն ացետիլենից կաուչուկ ստանալու տեխնոլոգիայի, բութադիենային հիմքով կաուչուկի ստացումը շատ ավելի շահավետ է, ու քիչ տրանսպորտային ծախսեր պահանջող։

Իսկ «Նաիրիտ»-ն առայժմ վնասով է աշխատում, եւ հույս ունի շահութաբեր դառնալ միայն հաջորդ տարի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG