Մատչելիության հղումներ

ՍԻՄ-ը պաշտպանելու է Արամ Կարապետյանի թեկնածությունը


«Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) 15-րդ համաժողովն այսօր որոշում ընդունեց 2003-ի նախագահական ընտրություններում պաշտպանել դեռ երեկ քաղաքացիական նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրված մոսկվաբնակ Արամ Կարապետյանին:

Մինչեւ երեկ շատերն համոզված էին, որ ՍԻՄ-ն է իր համագումարում առաջադրելու Արամ կարապետյանի թեկնածությունը, սակայն անհայտ պատճառներով Արամ Կարապետյանը քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվեց:

Այսօրվա իր ելույթում Արամ Կարապետյանը համագումարի մասնակիցներին ներկայացրեց իր ծրագրային դրույթներն ու առաջարկները, ասաց, թե վստահ է, որ ընտրություններում շատ ձայներ է հավաքելու՝ չբացառելով անգամ, որ երկրորդ փուլում պայքարի է դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Ես կարծում եմ, որ հունվարին ներկայացվելիք համապարփակ ծրագրի մեջ ժողովուրդը կտեսնի, որ իմ առաջարկները բավականաչափ կոնկրետացված են եւ բավականաչափ քննարկելի», - լրագրողներին ասաց Կարապետյանը:

«Ցավոք, ընդդիմադիր դաշտը մենք դեռ չենք հասցրել ինտեգրացիայի այն աստիճանի, որին ձգտում ենք», - իր ելույթում ասաց ՍԻՄ-ի ղեկավարներից Հայկ Բաբուխանյանը՝ միեւնույն ժամանակ քիչ անց համոզված պնդելով, թե 16 կուսակցությունների համագործակցությունը դրական արդյունքներ ունեցել է եւ դեռ կունենա: Իսկ «16»-ի շրջանակներից նախագահի մի քանի թեկնածուների առաջադրումը, վերջերս էլ՝ միավորման ներսում դաշինքների ձեւավորումը, նրա խոսքերով, «ողբերգություն չէ»:

«Ես, հակառակը, գտնում եմ, որ տարբեր բնույթի կապերը ընդդիմադիր կուսակցությունների մեջ... միայն կարելի է ողջունել», - ասաց նա:

Հայկ Բաբուխանյանի խոսքերով, ստեղծված իրավիճակում միասնական թեկնածուի հարցը չպետք է դառնա պառակտման առիթ, մյուս կողմից՝ «միասնական թեկնածուի հարցը մնում է մեր կուսակցությունների օրակարգում»:

«Այս իրավիճակը, երբ ընդդիմությունը առայժմ ներկայացված է մի քանի թեկնածուներով, ի դեպ, մարտավարական իմաստով տալիս է ավելի լայն մանեւրելու հնարավորություններ», - բացատրեց նա:


Կարինե Քալանարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG