Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլն այսօր հիմնականում մարսում է հերթական անակնկալ- սպասելի իրարանցումը ընդդիմադիր «16»-ի միավորման մեջ: Հետեւելով նրանց երեկվա նիստին, «Օրրան» թերթի մեկնաբանը արձանագրում է. «Ինչպես երեւաց՝ ոչինչ այլեւս չի կարող փոխել դրա անդավաճան ռիթմը, որի կարգախոսն է՝ ոչինչ չանել, պարզապես՝ նստել ու խոսել ժամերով»: Այս իրավիճակում, մեկնաբանի ընդգծմամբ, «իրական ընդդիմություն եւ «16»-ի առանցք կազմող մյուս ուժերին մեկ բան է մնում՝ պաղ ջուր ածել այդպես էլ ոչ մի կերպ չաշխատող, անվերջ մեռնելու նշաններ դրսեւորող այդ գրասենյակի վրա եւ... նոր սեր անել, քանի դեռ ուշ չէ»:

Ինչքան էլ «16»-ի մնացյալները փորձում են առույգ, նույնիսկ՝ ողջունող տպավորություն թողնել ժողովրդահայրենասիրականների նոր մինիդաշինքի անակնկալին բախվելով, նրանց արձագանքներում, այնուամենայնիվ, դառնությունն արդեն անթաքցնելի է: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրենյանցն, օրինակ, «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում տեղին է համարում գնահատականը, որ սա «շանտաժ է՝ ուղղված ՀԺԿ-ին ու «Հանրապետությանը», որպեսզի վերջիններս ընդունեն Գեղամյանի լիդերությունը»: «Սա առաջին դեպքը չէ, երբ «Ազգային միաբանություն»-ը փորձել է փաստի առաջ կանգնեցնել իր գործընկերներին», - ավելացնում է նա: - «Եթե որոշ գործընկերներ նպատակահարմար են գտնում մեզ հետ խոսել շանտաժի լեզվով, ապա մենք պատասխանում ենք, որ կարող ենք ստեղծել շատ ավելի կենսունակ դաշինքներ: Իսկ Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքը թե' իր գաղափարական եւ թե' կազմակերպական պոտենցիալով չի կարող հավակնել ընդդիմադիր հիմնական ուժի դերին»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը «Հայոց Աշխարհ» թերթում ուրվագծում է, որ իրենց ու ՀԺԿ-ի ընտրական դաշինք ձեւավորելու, ընդդիմադիր նոր բեւեռ կազմավորելու դեպքում էլ իրենց կարող են միանալ Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի կուսակցությունները, գուցե նաեւ «Սահմանադրական իրավունք» միությունը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: «Բացի այդ, «16»-ի շրջանակից դուրս էլ դաշնակիցներ ունենք», - ընդգծում է նա՝ մատնանշելով հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ սերտ համագործակցությունը:

«Ներքաղաքական պայքարի խորացման ու ծավալման մասին վկայող հիմնական իրադարձությունները ներկայումս ծավալվում են ոչ թե իշխանություններ - ընդդիմություն դիմակայության գոտում, այլ հենց ընդդիմության ներսում», - արձանագրվում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծականում: - «Նրա մի հատվածը շարունակում է վիճել Տեր-Պետրոսյանին առաջադրել-չառաջադրելու, իսկ մյուս հատվածը՝ ի դեմս «16»-ի կուսակցությունների միավորման, զբաղված է միասնական թեկնածուի դափնիները մեկը մյուսից խլելու գործով»: Մեկնաբանի գնահատականով, «16»-ի կիսվեց ուղիղ երկու հավասար հատվածների, քանզի Արտաշես Գեղամյանի որոշակի խարիզման՝ գումարվելով կոմկուսի էլեկտորատին ու «Սոցիալիստական Հայաստան»-ի ակտիվությանը, լիովին հավասարակշռում են ՀԺԿ գումարած «Հանրապետություն» բլոկին, որն արդեն դատապարտված է հանդես գալու որպես մեկ ամբողջություն: «Մինչդեռ եթե Ստեփան Դեմիրճյանը կարողանար ճիշտ որսալ կոմկուսի ներսում իր հանդեպ եղած համակրանքը, նա կլիներ դրության տերը: Տեր-Պետրոսյանի հետ կապված ինտրիգը չար կատակ խաղաց նրա հետ», - ակնարկվում է «Հայոց Աշխարհ»-ում:

«Գոլոս Արմենիի» թերթի դասակարգմամբ, ձեւավորվել է կոմունիստական դաշինք, այսօր-վաղը կձեւավորվի ընդդիմության մյուս՝ հհշական միավորումը, դե, իսկ նրանք, ովքեր այս երկուսից որեւէ մեկում չեն, կգնան ներկա նախագահի հետեւից: Մեկնաբանը ցավով ամփոփել է. «Հայ քաղաքական միտքը երրորդ հազարամյակում էլ կոմունայից ու հհշական գաղափարախոսությունից այն կողմ ոչինչ առաջարկելու ի վիճակի չէ, մինչ ժողովուրդը վաղուց արդեն այդ երկուսից էլ հոգնել է»:

«Ինչպիսի իշխանություն՝ նույնպիսի ընդդիմություն եւ հակառակը», - խորագրել է «Առավոտ» թերթի մեկնաբանը՝ դրանում մասնավորապես տեղավորելով. «16»-ի միավորումը, որը, բնականաբար, ստեղծվել է հենց քանդվելու համար, բոլոր առումներով ձեռնտու է գործող իշխանություններին։ Միավորում, որը չի կարող երբեւէ քաղաքական կշիռ ձեռք բերել։ Անլուրջ են ու դրա առաջնորդներ հորջորջվողները. մեկն, ասենք, կարող է հանրահավաքի չգալ՝ պատճառաբանելով, թե տանը հյուրեր ուներ, մյուսն այդպես էլ չի կարողանում մարսել Աստվածաշունչը, որ ցիտելուց զատ գոնե այդ գրքի մի խորհրդին էլ հետեւի: Մյուս կողմից, ինչպես են մեր իշխանավորները աշխատում, ասենք, «Լինսի» ծրագրերի կտրվածքում: «Խնդիրը միայն այն չէ, որ ճանապարհաշինության տենդերները Հայաստանում այսօր շահում են ղարաբաղյան ծագումով ընկերությունները կամ Արտաշես Թումանյանի հովանավորյալ ընկերությունը, այլ այն», - գրում է մեկնաբանը, - «որ դա կատարվում է հապշտապ (որովհետեւ գումարները մինչեւ տարեվերջ պիտի տրվեն) եւ անորակ, այլ այն, որ սխալ կազմակերպման պատճառով խաթարվում է քաղաքի ողջ տրանսպորտային շարժը։ Միգուցե Երեւանի քաղաքապետը իր գործո՞վ զբաղվի նախքան իրեն անծանոթ մասնագիտությունների գծով ակադեմիկոսի կոչումներ ստանալը»։ Եվ այսպես՝ շարունակական անդուրություն:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG