Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը այցելեց «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Պրահայում մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ուրբաթ օրը այցելեց «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ եւ բացառիկ հարցազրույց տվեց ուղիղ եթերում:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ երեկ կայացած հերթական դեմ առ դեմ հանդիպմանը, որից հետո երկու երկրների նախագահներն էլ լրագրողներին ասել էին, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում արմատկան փոփոխություններ չեն լինի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը, Հայաստանի նախագահը ասաց. - «Այո, կարելի է ենթադրել, որ մինչեւ ընտրությունների վերջը Հայաստանում եւ Ադրբեջանում որեւէ պրոցես կապված ինչ-որ պայմանավորվածությունների իրականացման հետ, չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մենք այս ժամանակահատվածը չպետք է փորձենք օգտագործել վիճահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:

Հայաստանի կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ վերջին տարիներին սերտանում են: Պատասխանելով հարցին, թե ինչպիսի նշանակություն ունի ՆԱՏՕ-ն Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար, Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ ՆԱՏՕ-ի հետ սերտացող հարաբերությունները որոշակի ազդեցություն ունեն տարածաշրջանային անվտանգության վրա: «Մենք մտադրված ենք ընդլայնել մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Կլինեն ե'ւ զորավարժություններ, կլինեն ավելի հաճախակի նաեւ կոնտակտներ: Բայց կոնկրետ Հայաստանի անվտանգության հարցերի հետ այսօր մենք սա ուղղակի չենք կապում»:

Պատասխանելով հարցին, թե ում հետ կուզենար մրցել 2003-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, գործող նախագահը ասաց. - «Ապահովելով ազատությունը եւ արդարությունը ընտրությունների ժամանակ, ես դրանով չեմ օգնում ընդդիմությանը: Ես օգնում եմ մեր երկրին, մեր ժողովրդին: Կոնկրետ թեկնածուներ չեմ նշելու: Ուղղակի ափսոսանք պետք է հայտնեմ, որ ընդհանուր թեկնածու չհաջողվեց ընդդիմության կողմից առաջադրել»:

Իսկ օրվա առաջին կեսին Հայաստանի նախագահը ելույթ ունեցավ Եվրատլանտյան գործակցության խորհրդի նիստում: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ աջակցել հակաահաբեկչական պայքարին: «Հարավային Կովկասը որպես Եվրոպական մայրցամաքի սահման, պետք է դիտարկվի եվրոպական անվտանգության համակարգի անբաժանելի մաս», - ասաց նա: - «Մենք կարծում ենք, որ Եվրատլանտյան գործընկերության խորհուրդը կարող է ավելի ու ավելի կարեւոր դեր խաղալ Հարավային Կովկասում փոխվստահության մթնոլորտի ձեւավորման գործում՝ խթանելով կառուցողական երկխոսությունը եւ ընդլայնելով տարածաշրջանային համագործակցությունը»:

Ողջունելով Ռուսաստան - ՆԱՏՕ հարաբերությունների բարելավման միտումը, Հայաստանի նախագահը ասաց. - «ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել Եվրատլանտյան անվտանգության ամրապնդմանը եւ օգնել կանխելու նոր բաժանարար գծերի առաջացումը: Մեզ համար դա ակնհայտորեն կարեւոր է նաեւ մեր կողմից հետեւողականորեն իրականացվող փոխլրացման քաղաքականության, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի ռազմական համագործակցության լույսի ներքո»:

«Ինչպես մենք արդեն ցույց ենք տվել Փարիզում եւ Քի Վեսթում, լիովին վճռական ենք ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման հարցում», - իր ելույթում անդրադառնալով Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին, ասաց Քոչարյանը: - «Այդպիսի կարգավորումը պահանջում է, որ բոլոր կողմերը ճանաչեն եւ լուծեն հակամարտության բուն պատճառները, այլ ոչ թե՝ փորձեն վերացնել հետեւանքները: Եթե Ադրբեջանն ընդուներ առաջարկված կարգավորումը, մենք արդեն խաղաղության համաձայնագրի իրագործման ճանապարհի կեսն անցած կլինեինք»:

Չեխիայի մայրաքաղաքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Վրաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ: Նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանի փոխանցմամբ, Քոչարյանն ու Ժակ Շիրակը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտությունը:

(Լուսանկարում՝ Հայաստանի նախագահը եւ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմ Դայնը:)


Հրայր Թամրազյան եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG